ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ
24.07.2020 10:27

Ասում  են՝ Հայրենիքը չեն ընտրում. այն քեզ ընծայում է ճակատագիրը:  Ճակատագիր, որին ես այնքան երախտապարտ եմ, քանզի ունեմ ընկերներ, ովքեր օժտված են այնպիսի հատկանիշներով, որոնք այսօր, կարելի է ասել՝ պահանջված են։

Պատմությանս հերոսը Կարեն Մարտիրոսյանն է՝ ԱրՊՀ-ի ուսանող, բավականին հավասարակշռված երիտասարդ, ով իր ողջ էությամբ բարության և իսկական հայի մարմնացում է։ Հարկ եմ համարում կենսագրությունից նշել այն, որ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է, արցախյան ավանդական ընտանիքի զավակ։ Հայերենի նկատմամբ մեծ սեր ուներ դեռ վաղ տարիքից։ Երևի դա էլ պատճառ է հանդիսացել, որ Կարենը դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցում էր գրականություն առարկայից։ Ասում է, որ մտքեր շատ են լինում, սակայն ժամանակի հետ որոշ մարդկանց մոտ որոշ արժեքներ վերանում են։ Սիրում է ուսումնասիրել գրականության

մեծություններին, իր համար նոր բացահայտումներ անել։

Դպրոցական նստարանը Կարենի մտապատկերում է մինչև օրս։ Լսելով դպրոցի մասին նրա խոսքը՝ իսկույն հասկանում ես, որ համեստ ու խելացի աշակերտի կերպարը դեռ չի դավաճանել նրան։  Միշտ կրկնում է, որ կյանքում շատ բան կա սովորելու՝ ինչ տարիքում էլ լինենք։

Գիտե՞ք, դժվար է ինձ համար նկարագրել նրա կերպարային առանձնահատկությունները, քանի որ նա իր տեսակով տարբերվող է:

§Եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է¦. Բենջամին Ֆրանկլինի այս խոսքերն իսկապես ամբողջացնում են նյութիս բովանդակությունը։

Կարենը մարդկային կերպարն ազնվացնող կարևորագույն այն հատկանիշների կրողն է, որոնք հաճախ բացակայում են մեր ժամանակներում:

Ընկերասիրություն... ինչքա՜ն հասարակ, բայց միևնույն ժամանակ խորաբովանդակ բառ է: Նրա հոգու պատերին դաջված են ՄԱՐԴՈՒ և ԸՆԿԵՐՈՋ  լավագույն հատկանիշները: Հայրենիքում ապրելն ու կրթվելը նրա համար լոկ երևույթ չէ, այլ՝ բարձր առաքինություն ու նաև առաքելություն, քանի որ հայրենասեր հայորդի է, հայի անկոտրում գենի կրողը: Հայրենիքի շենացմանը հենց Կարենի նման երիտասարդներն են նպաստում։

Կարենը ցանկանում է դառնալ լավ քաղաքագետ, միջազգայնագետ ու իրավաբան` պատմության խոր իմացությամբ։ Նա նպատակ ունի ուսում ստանալ նաև արտասահմանում։ Ցանկանում է Արցախի հարցի լուծմանն իր լուման ներդնել որպես իրավաբան և դիվանագետ։

Հայրենասեր Կարենը գիտակրթական, մշակութային ասպարեզում Արցախի Հանրապետությունը բարձր մակարդակով ու պատվով ներկայացնելու և հայրենիքին մատուցած ծառայության համար §Ֆիդայիներ¦ հասարակական կազմակերպության կողմից արժանացել է §Առյուծ Ֆիդայի¦ ոսկե մեդալի։

2020 թվականի հունիսին Կարենը մասնակցել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի կողմից նախաձեռնված հետաքրքրաշարժ միջազգային օլիմպիադային ու արժանացել պատվոգրի։

Հայրենի Սզնեքի զարգացման և ճանաչման համար Կարենի ջանքերը լավ արդյունք են տալիս։ Սզնեքցի հերոսների կյանքն ու գործունեությունը լուսաբանող երիտասարդը համացանցային տիրույթում խումբ է ստեղծել և աշխարհին ճանաչելի է դարձնում չքնաղ Սզնեքն ու նրա հերոսներին։

Նրա հետաքրքրությունների շրջանակը լայն է, սակայն ամեն ինչ չէ, որ ի ցույց է դնում, քանի որ զուսպ և խորաթափանց մարդու տեսակ է։

Չեմ զլանա ասել, որ արցախահայությունը  կարող է հպարտանալ Կարենի նման հայորդիներով, այնպիսի երիտասարդներով, որոնք ամեն կերպ փորձում են հայրենիքին նեցուկ լինել իրենց բոլոր կարողություններով:

Գիտելիքը զենք է, որը կրակում է և՛ կարճ, և՛ երկար տարածության վրա: Իսկ գիտելիքով զինված մարդն անպարտելի է: Այդպիսին է սզնեքցի Կարենը՝ իր գիտելիքներով անպարտելի երիտասարդը, ում համար առաջնայինը Հայրենիքն ու գիտելիքն է: Նրա նման երիտասարդների շնորհիվ է մեր երկիրը բարգավաճելու և ծաղկելու... Ու Արցախում ապրող յուրաքանչյուր հայ միշտ հպարտ գոչելու է.

- Ես արցախցի եմ, հաղթանակած սերունդներից եմ սերում, անկախության ծնունդ եմ ...

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter