ԱՅԳԵՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԻՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԵՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
27.07.2020 17:20

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող շրջանային հանձնաժողովի նախագահ Արմեն Մանգասարյանն ու ոստիկանության շրջանային բաժնի պետ Արման Սարուխանյանն այսօր այցելել են շրջանի Այգեստանի համայնք՝ տեղում ծանոթանալու համայնքի տարածքում տեղադրված երեք անցակետերում իրականացվող աշխատանքներին։ Անցակետերում բարձր մակարդակով և կարգ ու կանոնի խստիվ պահպանմամբ շուրջօրյա

հերթապահություն են իրականացնում ոստիկանության շրջբաժնի աշխատակիցները։ Ա. Սարուխանյանը տեղում ցուցումներ է տվել ուժեղացված հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներին։ 

- Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: Թագավարակի տարածումը կանխարգելող շրջանային հանձնաժողովի կողմից համայնքում իրականացվել են բոլոր աշխատանքները՝ հիվանդության տարածումը կանխարգելելու և այն հնարավորինս կարճ ժամկետներում հաղթահարելու ուղղությամբ,- նշել է Ա. Մանգասարյանը։

Ա. Մանգասարյանն ու Ա. Սարուխանյանն այցելել են նաև համայնքապետարան և համայնքի ղեկավար Մ. Վանեսյանի հետ քննարկել մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները,  որոնցից շատերին տեղում տրվել են լուծումներ։

Պետք է նշել, որ անցակետերում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողներն ամենայն լրջությամբ են հետևում կարգ ու կանոնի և սահմանափակումների խստիվ պահպանմանը, և համոզված են, որ միայն այդ կերպ հնարավոր կլինի կանխարգելել համավարակի տարածումն ու կարճ ժամանակահատվածում դրա հաղթահարումը։

Նշենք, որ ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020թ. հուլիսի 25-ի ստորագրած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter