ՊԱՏԱՐԱՅՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ |
28.07.2020 16:01 |
Պատարան Արցախի այն բնակավայրերից է, որն ունի ավելի քան 200 պատմամշակութային արժեք ունեցող վայր, շրջապատված է հարուստ կուսական անտառներով, յուրօրինակ լեռներով, սառնորակ աղբյուրներով։ Ինքնատիպ բնությունն էլ Աստծո յուրահատուկ պարգևն է հյուրասեր և աշխատասեր պատարեցիներին… Գյուղն ունի 1604.44 հա տարածք, որից 593.66 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 879.63 հա անտառային հողերն են։ Սակայն դրանց միայն մի մասն է օգտագործվում աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքսերի համար։ Մեծ մաս են կազմում արոտավայրերն ու խոտհարքերը։ 150 հա էլ տրամադրված է ԱՀ ՙՍերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն՚-ին: Գյուղի սահմանային գոտով հոսում է համանուն գետը: Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում` շրջկենտրոն Ասկերանից 20 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 24 կմ հեռավորության վրա։ Գյուղում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 100 աշակերտ։ Գյուղի շրջակայքում պահպանված բազմաթիվ եկեղեցիները, հուշարձանները, սրբավայրերը և սառնորակ աղբյուրները վկայում են, որ գյուղը գալիս է դարերի խորքից… Համայնքի ղեկավար Վալերիկ Ղահրամանյանից տեղեկացանք, որ գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, էլեկտրաէներգիայով, բնական գազով: Հեռուստատեսությունը, ռադիոն և ինտերնետ ծառայությունը համայնքում հասանելի են: Գործում է 2,5 G բջջային կապի համակարգ, առկա է անլար հեռախոսակապ: Խնդիրներն այստեղ կապված են փողոցային լուսավորվածության հետ։ Համայնքի ղեկավարի խոսքերով, խնդիրը գտնվում է համայնքի պատասխանատուների ուշադրության կենտրոնում։ Տարեց-տարի բարելավվում, սոցիալապես ապահովվում է գյուղաբնակների կյանքը։ Պետական միջոցներով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ համայնքում կյանքն աշխուժացնելու համար։ Աշխատանքներ են իրականացվում նաև գյուղի հոգսերով մտահոգ բազմաթիվ համագյուղացիների օժանդակությամբ, ինչի համար համայնքի ղեկավարը երախտագիտություն հայտնեց նրանց։ -Վերջերս մեր գյուղ է այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և այդ այցի հետ մենք մեծ հույսեր ենք կապում։ Մասնավորապես ասֆալտապատվելու է Պատարայից մինչև Աստղաշեն ընկած 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որտեղով երթևեկն անբարենպաստ եղանակների ժամանակ իսկական փորձություն է։ Մեր կողմից առաջարկվել է նաև, որպեսզի գյուղի չբնակեցված տները (մոտ 20 տուն) պետական միջոցներով գնվեն և տրամադրվեն երիտասարդ և բազմազավակ այն ընտանիքներին, որոնք բնակարանային խնդիր ունեն։ Պետք է նշեմ, որ բնակարանները տրվելու են պայմանագրային հիմունքներով՝ 15 տարի այնտեղ բնակվելու պայմանով, որից հետո կթույլատրվի սեփականաշնորհել այն։ Այս կերպ կկարողանանք լուծել գյուղից արտահոսքի խնդիրը, մյուս կողմից էլ տները կփրկենք ավերակների վերածվելուց, - ասում է համայնքի ղեկավար Վալերիկ Ղահրամանյանը։ Այժմ համայնքում ընթանում են գյուղամիջյան ճանապարհների սալապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նախատեսվում է սալապատել 1400մ երկարությամբ և 4մ լայնությամբ ճանապարհ։ Աշխատանքներն իրականացվելու են ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերության միջոցներով, իսկ շինանյութն անվճար հիմունքներով տրամադրվել է ԱՀ կառավարության կողմից։ Պատարայում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվել է բուժկետի շենք և համայնքային կենտրոն։ Կենտրոնում է տեղակայված նաև 220 տեղանոց հանդիսությունների սրահը, որը բավարարում է գյուղացիների պահանջները։ -Համայնքի խնդիրներից է դպրոցական նոր շենքի կառուցումը։ Այս առումով մեր մտահոգություններին ի պատասխան նախագահը նշել էր, որ նպատակահարմար է հիմնանորոգել դպրոցական հին շենքը և հարմարեցնել արդի պայմաններին,- ասում է համայնքի ղեկավարը և ավելացնում՝ մինչդեռ նոր դպրոցական շենք ունենալու պարագայում մտածում էինք հին դպրոցական շենքը, որը չնայած կառուցվել է դեռևս 1920-ական թվականներին, սակայն ամուր և հուսալի շինություն է՝ դարձնել մանկապարտեզ։ Համայնքն ունի նախադպրոցական տարիքի 40 երեխա։ 2020 թվականին Պատարայում ծնվել է 3 երեխա։ Վերջին տարիներին գյուղից արտահոսք է նկատվում, սակայն եթե կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք ունեն համայնքի զարգացմամբ մտահոգ անհատները՝ ժողովրդագրությունը նկատելի առաջընթաց կապրի։ -Գյուղում պարապ երիտասարդ չկա։ Նրանք հիմնականում ծառայում են ՊԲ-ում, ունենք բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, ովքեր մեր պարծանքն են և ընդօրինակման արժանի անհատներ։ Երիտասարդները գյուղի հետ մեծ հույսեր են կապում, մանավանդ վերջերս, երբ նկատվում է պետության հոգածությունը։ Պատարեցիները շատ աշխատասեր ժողովուրդ են։ Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Վերջին տարիներին այստեղ լայն թափ է ստացել նաև ոչ ավանդական տուրիզմը։ Գյուղաբնակ երիտասարդ Ստեփան Գրիգորյանը գյուղում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ մեծ ծրագրեր ունի, որոնց մի մասն այսօր արդեն իրականություն են։ Ստեփանը սեփական տունը վերակառուցել է հյուրատան, որտեղ այցելող զբոսաշրջիկը կարող է մասնակիցը դառնալ հայկական ավանդական թոնրահացի թխման գործընթացին, լինել բանջարանոցում, իր ձեռքով քաղել բանջարեղեն և միրգ։ Համտեսել հայկական ավանդական խոհանոցի ճաշատեսակները և էկոլոգիապես մաքուր մթերքները։ Նրանց համար կազմակերպվում են արշավներ՝ ավտոմեքենայով և ձիերով (ըստ նախընտրության) դեպի Պատարայի պատմական վայրեր։ Մի խոսքով՝ նման երիտասարդների շնորհիվ մեր գյուղը հետզհետե ճանաչելի է դառնում աշխարհին,- ասաց համայնքի ղեկավարը։ Պատարան շրջանում հայտնի է անուշաբույր թոնրահացի արտադրությամբ։ Ներկայում գյուղում գործում է հացի չորս արտադրամաս։ Այստեղ թխված հացը հասցվում է Ստեփանակերտ և Շուշի։ Գյուղի տարածքում գործում են նաև ճամբարներ, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում դպրոցականներն ու ուսանողները։ Գյուղի աշխարհագրական դիրքը, թավուտ անտառներն ու հրաշալի բնությունը հանգստյան գոտիների հրաշալի վայրեր են հանդիսանում։ -Գյուղի մերձակայքում գործում է երկու հանգստյան գոտի և երկու ճամբար, որտեղ հիմնականում աշխատում են պատարեցիներն ու որտեղ սպառվում է գյուղացիների արտադրած գյուղմթերքը։ Գյուղում գործում է նաև փայտածուխի պատրաստման կետ և սղոցագործարան: Այս տարի մի քիչ այլ է վիճակը՝ կապված թագավարակի պատճառով առաջացած սահմանափակումների հետ, սակայն հուսով ենք, կկարողանանք այն ևս հաղթահարել և նոր ծրագրեր կյանքի կոչելով առաջ շարժվել,- ասում է Վ. Ղահրամանյանը։ Համայնքի ղեկավարը 2020թ. գյուղատնտեսական տարին համեմատաբար նորմալ է գնահատում։ Ցանված ցանքատարածությունների հացահատիկը կարողացել են ժամանակին և որակով ամբարել։ Չնայած ծառերի ծաղկման շրջանում ցրտահարություններ են եղել, սակայն այգիներում առատ բերք ենք ակնկալում։ - 2020 թվականի բերքի տակ ցանվել է 196հա աշնանացան ցորեն, որից ստացվել է 3180 ցենտներ բերք: 35հա գարու ցանքատարածությունից ստացվել է 390ց բերք, իսկ 4հա հաճարի ցանքերից՝ 50ց բերք: Բացի այդ ցանվել է 2,5հա լոբի, 14հա արևածաղիկ, 4հա կարտոֆիլ, 3,9հա բանջարեղեն: Հուսանք, բանջարաբոստանային կուլտուրաների բերքահավաքի արդյունքները ևս գոհացուցիչ կլինեն։ Երբ գյուղացին կարողանում է իր արդար քրտինքով ընտանիք պահել՝ դա մեծ ուրախություն է մեզ համար, նրանց համար էլ ոգևորություն՝ հաջորդ տարում ավելի եռանդով աշխատելու համար։ Խոսելով համայնքային բյուջեի կատարման մասին, Վ. Ղահրամանյանը նշեց, որ բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման մասով բացթողումները կապված են նախատեսված պլանի և համայնքում առկա գույքի ոչ ճիշտ արտացոլմամբ։ Օրինակ՝ համայնքում երկու տասնյակից ավելի ավտոմեքենաներ վաճառվել են, սակայն շարունակում են մնալ համայնքի հաշվեկշռում։ Այս ուղղությամբ չնայած միջոցներ ձեռնարկվել են, սակայն ցանկալի արդյունքի դեռևս չեն հասել։ Իհարկե համայնքում ընթացիկ խնդիրներ առաջանում են, սակայն համախմբվածությամբ, համագործակցությամբ կարողանում են բավարար արդյունքների հասնել։ Համայնքի ղեկավարն էլ իր ամենօրյա աշխատաոճում նախընտրում է հանդես գալ համերաշխության, հանդուրժողականության, սիրո և փոխվստահության քարոզչի դերում՝ իր քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ օրինակ ծառայելով համագյուղացիներին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|