ՄԱՂԹԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…
29.07.2020 16:18

Գեղատեսիլ և յուրակերպ արցախյան հին գյուղերից մեկն էլ Ասկերանի շրջանի Աստղաշենն է, որն առանձնահատուկ պատմություն ունի: Խորհրդային տարիներին այստեղ բավականին ադրբեջանական ընտանիքներ էին ապրում և հաստատ նպատակ էին հետապնդում ավելի շատանալ ու զավթել հնամենի հայկական այս բնօրրանը: Սակայն Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Աստղաշենը կարողացավ ձերբազատվել օտարից ու վերջապես լիաթոք շնչել: Դարավոր թշնամին հասկացավ, որ անելիք չունի հայկական հողում…

1988-ին աստղաշենցիները բռունցքվեցին և գյուղովի ոտքի

ելան, նրանք անմնացորդ նվիրվեցին շարժման գաղափարների իրականացմանը և ակտիվորեն մասնակցեցին պատերազմական ողջ գործողություններին:

Արդարև, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում: Աստղաշենն Արցախյան պատերազմում կորցրեց իր 12 լավագույն զավակներին, ովքեր նահատակվեցին, որպեսզի այսօր հարազատ գյուղի երկնակամարում սավառնեն խաղաղության աղավնիները, իսկ գյուղի մանուկների զրնգուն ծիծաղը հասնի մինչև երկինք ու միախառնվի նրանց ուրախ ճռվողյունին…

Հիրավի, միայն Աստղաշենը կարող է հպարտանալ իր առեղծվածային փոքրիկ քարաբլուրով, որտեղ երկնքից, ասես, աստղեր են թափվում և վերածվում մի յուրահատուկ աստղասարի:

Հանելուկային այս երևույթը տեսնելու համար աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ են գալիս, զմայլվում, զարմանում բնության այս հրաշքով…

Այսօր Աստղաշենի համայնքում կա 136 տնային տնտեսություն՝  515 բնակիչների ընդգրկմամբ: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, միջնակարգ և արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, բուժամբուլատորիա: Համայնքը գազաֆիկացված է, ապահովված է էլեկտրականությամբ, խմելու ջրով, ինտերնետ կապով:

Ընդհանուր առմամբ համայնքի վարչական տարածքը կազմում է 1595.7 հա հողատարածք, որից 763.21 հա համայնքային սեփականության, 203.99 հա պետական պատկանելիության, 628.5 հա ԱՀ քաղաքացիների սեփականության հողերն են:

Դաշտային աշխատանքներ կատարելու համար Աստղաշենի համայնքը գյուղատնտեսական բնագավառում գտնվում է բարվոք վիճակում, իսկ այն իրականացնելու համար համայնքում առկա է նաև որոշակի գյուղտեխնիկա:

Համայնքի տնտեսության կարևորագույն և առաջատար ճյուղը, իհարկե, գյուղատնտեսությունն է, որի մեջ ներգրավված է համայնքի բնակչության համարյա 80 տոկոսը: Զբաղվում են հացահատիկի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, անասնապահությամբ: Պետք է շեշտել, որ աստղաշենցին միշտ էլ աշխատավոր է եղել, սիրել է պայքարել հողի հետ և օրվա հացը վաստակել:

Ինչպես մեզ տեղեկացրեց համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ համայնքում 2019 -2020թթ. կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իրականացվել են տարաբնույթ ծրագրեր:

2019 թվականին համայնքում նախաձեռնվել է գյուղի սանմաքրման, գյուղամիջյան ճանապարհների բարելավման, սալապատման և մի շարք այլ աշխատանքներ: Հաճախակի են կազմակերպվել շաբաթօրյակներ, որոնց մասնակցել է  համայնքի ողջ հասարակությունը:

Շրջվարչակազմի կողմից համայնքում բնակվող 14 ընտանիքների տրամադրվել են շինանյութեր և գործընթացը շարունակվում է նաև 2020 թվականին:

2019 թվականին վերջապես լուծվել է համայնքի խմելու ջրի և մանկապարտեզի հարցը: Կառուցված մանկապարտեզի շենքը լրիվությամբ համապատասխանում է արդի պայմաններին և նախատեսված է 30 երեխայի համար, սակայն դեռևս մանկապարտեզը չի գործում՝ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի պատճառով:

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ համայնքի ղեկավարը կարևորեց բարեգործական ծրագրերը, որոնք իրականացվել են բարերար Վիլհեմ Կարապետյանի և նրա որդիների ֆինանսական աջակցությամբ:

Բարեկարգվել է գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին՝ իր բակով ու շրջակա տարածքով, ժամանակակից պահանջներին համապատասխան կառուցվել է նոր մանկական խաղահրապարակ, լիովին վերանորոգվել ու կահավորվել է հանդիսությունների սրահը: Գյուղի փողոցներում տեղադրվել են ծաղկամաններ՝ աճեցված բնական վարդերով:

Շարունակվում են գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման և սալապատման աշխատանքները բարերար Վիլհեմ Կարապետյանի անմիջական ներդրման և ԱՀ կառավարության օգնության շնորհիվ:

Այսօր գյուղում կատարվում են պետական և համայնքի միջոցներով մի շարք աշխատանքներ: Բարեկարգվել է համայնքի աղբամանների շրջակայքը, կառուցվել է նոր ճանապարհ, ինչպես նաև բարեկարգման և մաքրման աշխատանքներ են իրականացվել Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհված աստղաշենցիների հիշատակին կանգնեցված հուշարձանների տարածքում, ինչը մշտապես գտնվում է համայնքի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:

Արթուր Գրիգորյանը շեշտեց, որ համայնքի ցանկացած հաջողություն կախված է մարդկանց միասնական և համախմբված պահվածքից, ինչի համար նա իր շնորհակալությունը հայտնեց Աստղաշենի բնակչությանը: Ամեն մի ծրագրի իրականացման համար Աստղաշենի յուրաքանչյուր բնակիչ ակտիվորեն իր մասնակցությունն է ցուցաբերում և անում ամեն մի հնարավորը, որպեսզի համայնքը դասվի շրջանի առաջատար համայնքների շարքին:

<< Համայնքում ստեղծված է կայուն փոխհամագործակցություն համայնքապետարանի, Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի, գյուղում գործող արվեստի դպրոցի, մշակույթի տան և համայնքի հասարակության միջև: Քանի որ առաջնահերթ խնդիր է մատաղ սերնդի կրթության և դաստիարակման գործի ճիշտ կազմակերպումը, և այդ հարցը մտահոգում է ոչ միայն կրթամշակութային բնագավառների աշխատողներին, այլ նաև համայնքի հասարակության յուրաքանչյուր անհատի: Պետք է նշեմ, որ միջնակարգ դպրոցի կոլեկտիվը համալրված է բարձրակարգ մասնագետներով, և յուրաքանչյուրը մեծ ըմբռնումով և բարեխղճորեն է մոտենում իր առաքելությանը: Նույնը կասեի նաև համայնքի մշակույթի տան և արվեստի դպրոցի անձնակազմերի մասին, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի գյուղի երիտասարդության ժամանցն ու հանգիստը կազմակերպվի պատշաճ մակարդակով, իսկ երեխաների մեջ ի հայտ եկած ցանկացած շնորհք ավելի զարգանա:

Բարձր եմ գնահատում նաև համայնքի բուժամբուլատորիայի բուժաշխատողներին, որոնք անմնացորդ կատարում են իրենց բոլոր պարտականությունները՝ ակտիվորեն մասնակցելով գյուղի սանիտարական իրավիճակի պահպանման գործընթացին: Նրանք ջանք չեն խնայում գյուղում յուրաքանչյուր ահազանգին արագ և դրական լուծում տալուն՝ անկախ եղանակից և օրվա ժամերից>>:

Մեր զրույցի ընթացքում համայնքի ղեկավարը կարևորեց նաև համայնքի ավագանու անդամների դերակատարությունը, ովքեր իրենց առաջարկություններով ու ակտիվ մասնակցությամբ մեծ օժանդակություն են ցուցաբերում համայնքապետարանին:

Թեև գյուղում օր-օրի նկատվում են նոր հաջողություններ, սակայն դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է գյուղի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար:

Արթուր Գրիգորյանը նախանշեց այն ծրագրերը, որոնք սպասվում են մոտ ապագայում: Դրանք են՝ մշակույթի տան կապիտալ վերանորոգումն ու այն ժամանակակից պայմաններով ապահովելը, գյուղամիջյան փողոցների որոշ հատվածների լուսավորումը, գերեզմանոցի տարածքի բարեկարգումն ու ջրատարի անցկացումը, աղբահանության կազմակերպումը, գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքների շարունակումը:

Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ բարերարների աջակցությամբ նախատեսվում է կառուցվել հանրային հանգստի գոտի <<Երե աղբյուր>> կոչվող տեղամասում:

Անշուշտ, Աստղաշենի համայնքում իրականացվել են բազում աշխատանքներ, սակայն ակնհայտ է, որ համայնքի ղեկավարի գլխավորությամբ դրանք շարունակական բնույթ են կրելու և, ինչու չէ, անպայման իրականություն են դառնալու, քանզի ամեն մի խնդիր իր վերջնական լուծումն է ստանում մեծ ցանկություն ունենալու դեպքում:

<<Համոզված եմ՝ համայնքի  խնդիրները լուծելի են, որոնց մի մասը պետք է լուծվի մեր բոլորիս անմիջական մասնակցությամբ, իսկ մի մասը, իհարկե, կապված է ֆինանսական և այլ հարցերի հետ, ու ես՝ որպես համայնքի ղեկավար անելու եմ ամեն ինչ, որպեսզի կարողանանք լուծել գյուղի բոլոր խնդիրները:

Գյուղի բնակչության անունից ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՀ իշխանություններին, Ասկերանի շրջվարչակազմին, բարերար Վիլհեմ Կարապետյանին ու իր որդիներին, բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել, որպեսզի մեր գյուղում իրականություն դառնան տարբեր ծրագրեր:

Ուզում եմ համոզմունք հայտնել, որ Աստղաշենի համայնքը կկարողանա հաղթահարել ցանկացած դժվարություն՝ ի շնորհիվ իր ժողովրդի լավատեսության և համերաշխության>>,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Դե ինչ, տրամադրվենք լավատեսությամբ և մաղթենք հաջողություններ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter