ԱԿՆԱՅՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ…
05.08.2020 17:06

Այսօր խմելու ջրի հարցը մնում է կարևոր և ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը: Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկության գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է, և նրա օրեցօր զգացվող սակավությունը մեծ մտահոգություն է պատճառում բոլորիս:

Օգոստոսի 5-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը և շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ

Արմեն Ղազարյանը աշխատանքային այցով այցելեցին Ակնա թաղամաս՝ տեղում ծանոթանալու վերջերս ի հայտ եկած խնդրին, որը կապված է խմելու ջրի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ակնա թաղամասի լիազոր ներկայացուցիչ Արգեն Մկրտչյանը, մենատնտեսներ, Ակնայում ապրող բնակիչներ:

Ջրավազանը, որը գտնվում է Տիգրանակերտում, խմելու ջուր էր մատակարարում ԱՀ ՊԲ-ի առաջնագիծ և Ակնայում բնակվող ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությանը:

Ծանոթանալով ստեղծված իրավիճակին, շրջվարչակազմի ղեկավարը հանձնարարեց հրատապ լուծում տալ հարցին, քանզի խոսքը գնում է երկրի սահմանները պաշտպանող զինվորին խմելու ջրով ապահովելու մասին:

-Ակնա թաղամասում սպասվում են բազում աշխատանքներ: Այստեղ բնակչության քանակը  պետք է շատանա, տարածքը վերաբնակեցվի և դառնա համայնք, իսկ դրա համար պետք է ջանք ու եռանդ թափի մեզանից յուրաքանչյուրը: Մեր համախմբված աշխատանքի արդյունքում կլուծվեն ջրի, էլեկտրականության և մի շարք այլ խնդիրներ, իսկ դրանց իրականացման  համար ժամանակ ու համբերություն է պետք: Այսօր թաղամասն ունի լիազոր ներկայացուցիչ և նրա հետ համագործակցելով՝ կարող եք բարձրացնել ձեզ հուզող ցանկացած հարց ու դիմել շրջվարչակազմի ղեկավարությանը: Հորդորում եմ ՝ հարգանքով վերաբերվել մեկդ մյուսին և լինել ողջամիտ,-ասաց Աշոտ Դադայանը և հավաստիացրեց, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

Նշենք, որ Ակնայի խմելու ջրի ջրավազանի և ջրածգի մաքրման աշխատանքներն իրականացվում են  Ասկերանի <<Խաչենշին>> ՓԲԸ-ի կողմից:

Հուսանք, որ կարճ ժամկետում կլուծվի առաջացած խնդիրը և խմելու ջուրը՝ համապատասխանելով սանիտարահիգիենիկ բոլոր նորմերին կհասնի բնակչությանն ու սահմանին կանգնած զինվորին:

Միաժամանակ հիշենք, որ ջրային ռեսուրսների ոչ հաշվենկատ ու անտնտեսվար օգտագործումը լուրջ վտանգ է ինչպես մարդկանց առողջության, ապրելակերպի ու կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համար:

Այցի վերջում քննարկվեցին նաև ոռոգման ջրի հետ կապված հարցեր։

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ





 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter