ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏՎԱԲԵՐ Է
06.08.2020 15:18

Արդեն 12 տարի է, ինչ Ասլանյանների ընտանիքն ապրում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ 2008-ին որպես վերաբնակիչներ ՀՀ Եղեգնաձոր քաղաքից են տեղափոխվել Արցախ, և ի զարմանս իրենց շատ շուտ են հարմարվել նոր բնակավայրին ու ընկերական լայն շրջապատ ստեղծել։ Եկած օրվանից մեկ օր անգամ ձեռնունայն չեն նստել, իսկույն ձեռնամուխ են եղել տնամերձ հողամասի մշակմանը։ Ճիշտ է, սկզբնական շրջանում դժվարություններ ունենում էին, և դա բնական է, սակայն ունեին կամեցող ընկերներ, հարևաններ, ովքեր

օգնում էին, ինչով կարողանում էին։ Շուտով տնամերձում ջերմոց կառուցեցին և սկսեցին ընտանիքով զբաղվել ջերմոցային տնտեսության զարգացմամբ։ Ցանում էին ամեն տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ։

-Երբ ծնողներս տեղափոխվեցին Արցախ՝ ես Ռուսաստանում էի և նրանց հորդորով եկա Արցախ, և ինչպես ասում են՝ տեսա և շատ սիրեցի մեր պապենական երկիրը։ Մեծ սիրով կցվեցի գյուղատնտեսական աշխատանքներին։ Եղեգնաձորում նույնպես ջերմոց ունեինք, և այդ գործի մեջ բավականին հմտացած ենք։ Պապս հողի իսկական մշակ էր և դեռևս մանկուց էր մեր մեջ սեր սերմանում դեպի հողը՝ ասելով, որ հողի հետ աշխատանքը ջերմացնում է սիրտը, լուսավորում հոգին և դարձնում ավելի առնական, պինդ և դիմացկուն։ Տարիներով աշխատելով հողի հետ ավելի ու ավելի եմ հմտանում այս գործում, և համոզվում պապիս խոսքերի ճշմարտացիության մեջ, -ասում է Մանուկ Ասլանյանը։

Ասլանյաններն անչափ գոհ ու շնորհակալ են Արցախի կառավարությունից, ներկայիս իշխանություններից։

-Եթե տարիներ առաջ հուսախաբության պահեր էի ունենում, այժմ տեսնելով Արցախի իշխանությունների, մասնավորապես նախագահ Արայիկ Հարությունյանի՝ գյուղատնտեսության ուղղությամբ ձեռնարկած միջոցառումներն ու ծրագրերը՝ ավելի եռանդով եմ աշխատում, փորձում անել, հասնել ավելիին,- նշում է Մանուկը՝ ավելացնելով, որ Արցախում են ծնվել իր երկու զավակները, և նրանց նույնպես դաստիարակում է՝ հայրենի հողի նկատմամբ սեր սերմանելով։

Վեցերորդ տարին է, ինչ Մանուկ Ասլանյանը Տիգրանակերտի տեղամասում Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին պատկանող 1800 քառակուսի մետր  տարածքով ջերմոցները վարձակալել և բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ է զբաղվում։ Մոտակայքում փոքրիկ տարածք ունի, որտեղ էլ սեխ և ձմերուկ է աճեցնում։

-Իհարկե ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, սկզբնական շրջանում դժվար էր շուկա գրավելը, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Ամենակարևորը, հիմա իմ արտադրանքի սպառողները համոզված են, որ նրանց առաքվում է էկոլոգիապես մաքուր մթերք՝ առանց որևէ թունաքիմիկատների։ Մենք օգտագործում ենք միայն բնական պարատանյութ՝ գոմաղբ,- ասում է Մանուկը և շարունակում,- մեր բերքից առաջինն իմ երեխաներն են օգտվում, և իմ ջանքերը միայն մաքուր, սննդարար արտադրանք ստանալուն են ուղղված։

Ջերմոցների հարակից տարածքում նաև վաճառքի կետ են բացել, որտեղ իրացվում է սեփական արտադրանքը։ Մեծ ու հեռուն գնացող նպատակներ ունի Մանուկը։ Մտադիր է տարեց-տարի ընդլայնելով գյուղատնտեսական մթերքների արտադրանքի ծավալները՝ զուգահեռաբար զբաղվել նաև անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։

-Նպատակ ունեմ այս տարածքում զարգացնել էկոտուրիզմը։ Կառուցել փոքրիկ հացատուն՝ հայկական ավանդական ձևավորումներով, որտեղ մեր այցելուներին կմատակարարենք սեփական արտադրության էկոլոգիապես մաքուր արցախյան բարիքներ՝ արժանի՝ ՙԱրտադրված է Արցախում՚ բրենդին։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ զբոսաշրջիկների հետ եմ շփվել, և համոզվել, թե որքան են նրանք գնահատում արցախյան մաքուր բնական արտադրանքը։ Իսկ Տիգրան Մեծի կառուցած քաղաքում հողի մշակությամբ զբաղվելը կրկնակի ուժ ու եռանդ է տալիս, և համարում եմ, որ այստեղ գյուղատնտեսությամբ զբաղվելն ու հաջողելը կրկնակի պատվաբեր է, - տարածքում շրջայցի ընթացքում նշում է զրուցակիցս։

Բարեկարգման բավականին աշխատանքներ են իրականացվել այստեղ։ Ամեն տարի ջերմոցների արտադրանքի վաճառքից ստացված եկամուտների մի մասն ուղղվում է տարածքի գեղագիտական տեսքի բարելավմանը։ Բացի հողագործությամբ զբաղվելուց Մանուկը նաև հին հայկական (և ոչ միայն) տարբեր իրեր է հավաքագրում, որոնք կարող են հետաքրքրություն առաջացնել այցելուների մոտ։ Իհարկե, այս տարի կապված համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի հետ զբոսաշրջիկներ գրեթե չեն ունեցել, սակայն չեն դադարում այս ուղղությամբ ևս միջոցներ ձեռնարկել, և համավարակը հաղթահարելուց հետո մտադիր են նոր մտահղացումներով ընդունել հյուրերին։

Կարծում եմ, ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև այն, որ Մանուկն իր աշխատանքային ոճը ստեղծում է հիմնվելով հայկականի, ազգայինի վրա։ Արդեն մտածել է, ինչ անուն է տալու էկո համալիրին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է Տիգրանակերտում՝ որոշել է կոչել հայոց արքայից արքա Տիգրանի քրոջ անունով՝ Էրատո։ Շատ է ուսումնասիրել հայոց պատմության Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, և զուգահեռներ է անցկացնում այդ ժամանակաշրջանի և արցախյան ազգային ազատագրական պայքարի միջև։

-Արցախյան ազատամարտն ու հաղթանակը մեր դարավոր երազանքն ու հպարտություններն են։ Մեր տղաներն արժանապատվորեն են կատարել և կատարում Հայրենիքի պաշտպանի իրենց վեհ գործը, ինչի համար գլուխ եմ խոնարհում բոլորի առաջ։ Միաժամանակ, գիտակցում, որ մեզանից յուրաքանչյուրն էլ ուղղակի պարտավոր է իր բնագավառում լինել առաջամարտիկ,- ակնածանքով ասում է Մանուկը՝ միայն ու միայն խաղաղություն մաղթելով Արցախին և ամբողջ աշխարհին։

Ջերմոցներում շուրջ մեկ տարեկան վարունգների տնկիներ ունի, որոնք դեռ բերք են տալիս։ Սա մշակման նորագույն տեխնոլոգիա է, ինչն իր պրպտուն մտքի արգասիքն է։ Դժվարությունները ջեռուցման շրջանում են առաջանում։ Սեզոնին շուրջ 5մլն դրամի վառելափայտ է գնում։ Գոհունակությամբ է նշում, որ այս տարի՝ առաջին անգամ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ջեռուցման ծախսի որոշակի փոխհատուցում է ստացել։

-Ջերմոցներից այս տարի 10 տոննայից ավելի բերք եմ ստացել։ Շուրջ 35 տոննա էլ կազմել է ձմերուկի և սեխի արտադրանքը։ Իրացման հարցում խնդիր չունենք։ Առաքում ենք Մարտակերտից մինչև Ստեփանակերտ։

Աշխատողների հարցում ևս բախտը բերել է։ Մեր այցելության ժամանակ աշխատողներից միայն տիկին Ռիտան էր ներկա։ Նա մշտական աշխատող է։ Իմանալով մեր այցելության նպատակը Ռիտան անկեղծանում և իր գոհունակությունն է հայտնում Ասլանյանների ընտանիքին։

-Նոր Մարաղայում եմ ապրում և տարիներ շարունակ աշխատում էի դաշտերում։ Ջերմոցային տնտեսությունում աշխատելը նոր բան էր ինձ համար, առանց որի այժմ չեմ պատկերացնում։ Արդեն 5 տարի է, ինչ այստեղ եմ աշխատում և անչափ գոհ եմ նրանց մարդամոտությունից, աշխատողին հարգանքի և պատվի արժանացնելուց։ Մենք այստեղ մի ընտանիքի պես ենք,- նշում է տիկին Ռիտան։

Սեզոնային աշխատանքների ժամանակ բացի ընտանիքի անդամներից գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավվում են ևս 7-8 հոգի։ Տնամերձի ջերմոցում հայրն ու մայրն են աշխատում։ Ինքն էլ հետևում է աշխատանքների ընթացքին, ապահովում անհրաժեշտ պարագաներով, մթերքը սեփական տրանսպորտային միջոցով խանութներ առաքում։

Գյուղատնտեսական աշխատանքներով ծանրաբեռնված օրվա ընթացքում հասցնում է հետևել նաև Արցախում և աշխարհում տեղի ունեցող ռազմական և քաղաքական անց ու դարձին, գյուղատնտեսական նորարարություններին։ Հիացմունքով է խոսում վերջին շրջանում մեր զինվորների սխրագործությունների մասին, իսկ Արցախում տեղի ունեցող բնակարանաշինական, ճանապարհաշինական և նոր խողովակաշարով Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրերը մեծ հույսեր են ներշնչում, որ մոտ ապագայում ունենալու ենք ավելի կայուն տնտեսական դաշտ, սոցիալապես ապահով ժողովուրդ և հեռանկարային գյուղատնտեսություն։

 Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ



 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter