ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԸ ՔԵԶ ՍՊԵՂԱՆԻ, ԼԻԲԱՆԱ՛Ն
07.08.2020 18:57

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով երկրում ստեղծվել է աղետալի վիճակը։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը  Բեյրութը հայտարարել է բնական աղետի գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։

Երկրում եռօրյա սուգ է հայտարարված…

Լիբանանի եղբայրական ժողովրդի վիշտը կիսելու և զորակցություն հայտնելու նպատակով այսօր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժինը Ասկերանի

Սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպել է հիշատակի մոմավառություն։

Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Խունոյանը մատուցեց հոգեհանգստյան սուրբ պատարագ։ Մոմավառությանն ու պատարագին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանի գլխավորությամբ՝ վարչակազմի աշխատակազմի բաժինների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները՝ խստագույնս պահպանելով ԱՀ պարետի հրահանգները։

Տեր Մեսրոպ քահանա Խունոյանն աղոթքներ հնչեցրեց Բեյրութի անմեղ զոհերի հոգիների հանգստության, վիրավորների ապաքինության և պայթյունի հետևանքով կրած ծանր կորուստներն ու դժվարությունները հաղթահարելու, երբեք չհուսահատվելու համար։ Նա ուժ և տոկունություն մաղթեց Լիբանանին՝ ճգնաժամային այս իրավիճակից պատվով դուրս գալու համար։ Քահանան խաղաղություն խնդրեց Ամենաբարձրյալին՝ ամբողջ աշխարհի համար։

Մեզ հետ զրույցում վարչակազմի ղեկավար Ա. Դադայանը Բեյրութի մեր հայրենակիցներին և դաժան բախտի արժանացած ժողովրդին վշտակցության խոսք ասաց՝ զորակցություն հայտնելով Լիբանանի եղբայրական ժողովրդին, Բեյրութի մեր ազգակիցներին։

Տեղի ունեցած սուրբ պատարագն ու մոմավառությունն առհավատչյան էին այն բանի, որ մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի բարեկամ ժողովրդի հետ են…

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter