ՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՍԿԵՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
11.08.2020 12:31

Վերջերս Ասկերան քաղաքում մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում և իմանալու համար, թե ինչպես են դրանք ընթանում, որոշեցինք հանդիպել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի հետ:

Քաղաքապետը նախ շեշտեց, որ, իսկապես, քաղաքում շինարարական աշխատանքների բուռն ընթացք է սկսվել, և Ասկերանն իր բարեկարգ ու կոկիկ տեսքով չպետք է զիջի Արցախի Հանրապետության մյուս քաղաքներին:

Պետական ծրագրի շրջանակներում սկսվել են Ասկերանի

Շահումյանի անվան փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՙԿապավոր՚ ՍՊԸ-ի կողմից: Վերակառուցվում են փողոցի հենապատերը, մայթերը, լրիվությամբ փոխվում է ջրահեռացման համակարգը:

-Բնակչության մեջ երբեմն սխալ տեղեկություններ են պտտվում, որոնք ազդում են ինչպես իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի, այնպես էլ մարդկանց համերաշխության վրա:

Ելնելով երթևեկության կանոնների անվտանգությունից՝ ՙԱրցախբանկ՚ ՓԲԸ-ի առջև նպատակահարմար ենք գտել ճանապարհը լայնացնել և այդտեղ նախատեսել ավտոկայանատեղի, ու հավաստիացնում եմ, որ երթևեկի փոփոխություն չի լինելու:

Այժմ ընթանում են Շահումյան փողոցի մայթեզրերի կառուցման աշխատանքներ, քաղաքի այն փողոցներում, որտեղ չկային ջրահաշվիչներ, արդեն տեղադրվում են, Ն. Ստեփանյանի անվան փողոցի գազատար խողովակներն անցկացվում են ստորգետնյա, գազաֆիկացվում է Արցախյան փողոցի ՙԲերդ՚ թաղամասը,-ասաց  Հ. Շամիրյանը:

Քաղաքապետն ավելացրեց նաև, որ Շահումյանի անվան փողոցի վերջնամասում ժամանակի ընթացքում ջրահեռացման համակարգի վատթարացման պատճառով առաջացել են խնդիրներ, անձրևաջրերը լցվում են այդտեղ և վնաս պատճառում բնակչությանը: Նա նշեց, որ այդ խնդիրը ևս լուծվում է: Ինչպես նաև կանգ առավ խմելու ջրի վրա և շեշտեց, որ Խնապատի համայնքի համար նախատեսվող արտեզյան ջրհորը խմելու ջուր կմատակարարի նաև Ասկերան քաղաքի խմելու ջրի ցանցին:

Հայկ Շամիրյանը մեծ կարևորություն տվեց բոլոր այդ աշխատանքերի հանդեպ սրտացավ վերաբերմունքին, հետևողականությանը և հավաստիացրեց, որ քաղաքապետի տեղակալի և ավագանու անդամների հետ պարբերաբար շրջում և ծանոթանում են իրականացվող աշխատանքներին:

-Ամեն ինչ արվում է բնակչության բարեկեցության և մեր քաղաքը ծաղկուն և բարգավաճ տեսնելու համար: Կցանկանայի, որպեսզի լինենք առողջ, միասնական և համախմբված միայն մի գաղափարի շուրջ, այն է՝ միասին շենացնենք հարազատ Ասկերանը,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետն ավելացրեց նաև, որ առաջիկայում ևս սպասվում են բազում աշխատանքներ, որոնց մասին տեղեկություններ կհաղորդի ապագայում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter