ՄԱԴԱԹԱՇԵՆ. ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՀՈՒՅՍՈՎ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՈՎ ԼՑՎԱԾ
13.08.2020 17:50

Մադաթաշենն Ասկերանի շրջանի հինավուրց բնակավայերից է։ Ըստ գյուղի հնաբնակների այն  հիմնադրվել է 1710 թվականին։ Նախկինում այն կոչվել է Ալամա գոմեր, և միայն տեղացի բանաստեղծ Պետրոս Մադաթյանի պատվին գյուղը կոչվել է Մադաթաշեն։ Գյուղի ձախ կողմով հոսում է Վարանդա գետի վտակը, որի վրա կառուցված է կամարակապ կամուրջ։ Կամրջից ձախ՝ հսկայական ապառաժի վրա խաչ և ուղեցույց

են փորագրված, ինչը վկայում է, որ գյուղը հարուստ պատմություն ունի և այն ուղղակի կապ է ունեցել Արցախում վաճառականների՝ տարբեր ուղղություններով տեղաշարժի հետ։

Երբեմնի մարդաշատ գյուղում (1921թ. տվյալներով այստեղ 60 ընտանիք էր ապրում) այս տարի ծնունդ և ամուսնություն չի գրանցվել։

Ինչպես տեղեկացանք համայնքի ղեկավար Էդուարդ Հայրապետյանից՝ գյուղը գազիֆիկացված և էլեկտրաֆիկացված է, լուծված է լուսավորվածության հարցը, հասանելի է ինտերնետ կապը, ունի հիմնական դպրոց՝ 3 կոմպլեկտ դասարանով, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ։

-Դպրոցն ապահովված է համապատասխան մասնագետներով, դպրոցական շենքի պայմանները բավարարում են առկա պահանջարկը։ Մշակույթի տուն հիմնականում հաճախում են երիտասարդները։ Այն ապահովված է համապատասխան սեղանի խաղերով, կա հեռուստացույց։ Տոն և հիշարժան օրերին այստեղ դպրոցի աշակերտների ուժերով միջոցառումներ են կազմակերպվում։ Ամուր և փոխշահավետ է համայնք-դպրոց-մշակույթի տուն-գրադարան կապը։  Համայնքի բուժկետը ևս հուսալի ձեռքերում է գտնվում։ Այստեղ ամեն ինչ արվում է տեղացիների ժամանակին և որակյալ բուժսպասարկումն իրականացնելու համար։ Իսկ համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների պարտքն է անել այնպես, որպեսզի յուրաքանչյուր մադաթաշենցի իրեն զգա պաշտպանված և ապահով,- ասաց Է. Հայրապետյանը։

Գյուղապետարանում ժամանակին ընթացքավորվում են վերադաս մարմիներից ստացված որոշումներն ու համագյուղացիներից ստացված դիմումները՝ սահմանված ժամկետներում տրվում պատասխաններ։ Է. Հայրապետյանի խոսքերով, ուշադրության կենտրոնում են բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրները։ ԱՀ կառավարության կողմից բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց տրամադրվող շինանյութերի օգնությունից նախորդ տարի օգտվել է 4 ընտանիք։

-Ընթացիկ տարում համայնքում իրականացված աշխատանքներից են 100մ երկարությամբ հենապատերի կառուցումը։ Իսկ պարբերաբար իրականացվող շաբաթօրյակների ժամանակ 120մ երկարությամբ խողովակներով բարձրացրել ենք խմելու ջրի դեբետը, ինչի արդյունքում ունենք շուրջօրյա խմելու ջուր։ Հուշահամալիրների, գերեզմանոցի և աղբյուրների շրջակայքերը ևս պարբերաբար մաքրվում և բարեկարգվում են համագյուղացիների միասնական ուժերով,- նշեց համայնքի ղեկավարը։

Մադաթաշենում առաջնահերթ խնդիր է մնում ճանապարհաշինությունը։ Ըստ համայնքի ղեկավարի, եթե գյուղն ունենա բարեկարգ ճանապարհ, այստեղ կարող է մեծ թափով զարգանալ զբոսաշրջությունը։ Գյուղի կենտրոնում գտնվող հինավուրց Սուրբ Աստվածածին եկեղեցին փլուզման եզրին է գտնվում, վերանորոգման կարիք ունի հանդիսությունների սրահը։

-Վերջին տարիներին փոխվել են հանդիսությունների սրահի պատուհաններն ու դռները, կարճ ժամանակահատվածում կվերանորոգվի նաև տանիքը,- գյուղի ապագայի հանդեպ լավատեսորեն տրամադրված ասում է Է. Հայրապետյանը։ - Ամենակարևորը՝ զգում ենք, որ մեր թիկունքին ամուր և հզոր պետություն է կանգնած, ինչպես նաև առանձին անհատներ, ովքեր մտահոգված են իրենց հարազատ շրջանի աջակցության կարիք ունեցող գյուղերի ճակատագրով։ Խոսքս §Կապավոր¦ ՍՊ ընկերության տնօրեն Արման Հակոբջանյանի մասին է, ով գյուղում հենապատերի կառուցման և սալապատման աշխատանքներին իր օժանդակությունն ու օգնությունն է ցուցաբերել։Ինչի կապակցությամբ երախտագիտություն եմ հայտնում նրան՝ կատարած բոլոր բարի գործերի համար։

Գյուղաբնակների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։ Համայնքն ունի 225.36հա գյուղատնտեսական նշանակության հող։ 2020 թվականի բերքի տակ ցանվել է 86 հա աշնանացան և գարնանացան մշակաբույս, 4.5 հա բանջարաբոստանային կուլտուրաներ։

-Ամարասի տարածքում գտնվող 34 հեկտար սեփականության իրավունքով մադաթաշենցիներին պատկանող վարելահողը վարձակալության հիմունքներով տրամադրվել է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին, որի դիմաց  ամեն տարի 1 հեկտարի հաշվով 50-հազարական դրամ է տրամադրվում հողատերերին։ Այժմ ավարտված է հացահատիկի բերքահավաքը և արդյունքները գոհացուցիչ են։ Ուրախությամբ եմ նշում, որ այն անկորուստ ենք ավարտել, - նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ բերքահավաքին ընդառաջ զգալի աշխատանքներ են տարվել միջդաշտային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ, արդյունավետ պայքար է տարվել կրծողների դեմ, ժամանակին կատարվել են հակահրդեհային անվտանգությանն ուղղված աշխատանքները։

Համայնքի երիտասարդ ղեկավար Էդուարդ Հայրապետյանը հպարտությամբ է նշում, որ համայնքային բյուջեն միշտ էլ կատարվում է 100 տոկոսով։ Ժամանակին կարողանում են հավաքագրել տեղական տուրքերն ու վճարները։ Մադաթաշենցիները ըմբռնումով են մոտենում համայնքին վերաբերող հարցերին և իրենց պարտականությունները կատարում անթերի։

-Ինչպես ասում են՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի արտահայտությունը մեր մասին է։ Մեր համախմբվածությամբ, գյուղի ապագայի մասին մտազբաղությամբ առաջիկայում ևս կկարողանանք Մադաթաշենի կյանքում առաջընթաց գրանցել և միահամուռ ուժերով բոլոր տեսակի խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարել։ Այս ամենում, իհարկե, մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ ունենք մեր երկրի իշխանություններից։ Ականատես լինելով վերջին շրջանում մեր երկրում մեծ թափով իրականացվող շինարարական, բարեկարգման աշխատանքներին՝ հույսով ու հավատով ենք լցվում և սպասում, որ մի օր էլ մեր համայնքի հերթը կգա,- ասաց համայնքի ղեկավարը։

Ինքն էլ իր ամենօրյա աշխատանքային առօրյան սկսում է բարձր տրամադրությամբ և լավատեսօրեն տրամադրված՝ ջանալով բնակչության կողմից բարձրացված հարցերին հնարավորինս կարճ ժամկետում լուծումներ տալ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter