ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅՈՎ ՄՏԱՀՈԳՎԱԾ
13.08.2020 17:56

Արդարև, յուրաքանչյուր ծնողի հպարտությունն իր երեխաներն են, իսկ, որ Էրիկ Գաբրիելյանը և Սուսաննա Պետրոսյանն իրենց որդիներով հպարտանալու իրավունք ունեն, անկասկած, կարող է ասել մեզանից յուրաքանչյուրը: Կարծում եմ՝ տեղին է հիշել նաև Մեծն Թումանյանի խոսքերը. <<Մեծ բախտ է ծնված լինելը լավ ծնողներից>>, և ինչպես ասում են՝ առանց օրինակի ոչինչ չես սովորի: Ահավասիկ, այս ընտանիքը հենց դրա առհավատչյան է…

Օգոստոսի 12-ին՝ երիտասարդության միջազգային օրը  հյուրընկալվեցինք Գաբրիելյանների ներդաշնակ

ու համերաշխ ընտանիքում: Նրանց հանրահայտ <<Նախշուն>> թեյի մասին շատ էինք լսել ու ցանկացանք իմանալ, թե ինչպես են ստեղծում անուշաբույր այդ թեյը:

Որդիներից ավագը՝ Դավիթը մեծ հաճույքով պատմեց մեզ <<Նախշուն>>-ի ստեղծման պատմությունը:

<<Փոքրուց իմ հիշողության մեջ են հայրիկիս տատիկի՝ մեր սիրելի Սաթի տատիի խոտաբույսերով պատրաստած թեյերը, որոնք մի առանձնահատուկ համ ու հոտ ունեին: Մեծ տատս միշտ խոտերով էր թեյ պատրաստում և մեզ պատմում, թե ինչպիսի բուժիչ հատկություններ ունեն դրանք: Հիշում եմ՝ դպրոցում սովորելուս տարիներին, երբ ծանրաբեռնված էի դասերով, ուժեղ գլխացավեր էի ունենում, և կարելի է ասել՝ ցավին չէի դիմանում: Սաթի տատս առաջարկեց խոտաբույսերով թեյ խմել և իր ձեռքով պատրաստեց անմահական այդ ըմպելիքը:  Խմեցի, գլխացավս անմիջապես անցավ ու հենց այդ ժամանակ իմ մոտ գաղափար ծագեց զբաղվել խոտաբույսերի հավաքմամբ ու դրանց մշակմամբ: Մտածում էի նաև, որ այդպիսով տատիկիս հիշատակը վառ կմնար բոլորիս համար: Գաղափարը միշտ մտքումս էր, սակայն ժամանակը չէր ներում. սովորում, աշխատում էինք:

Եվ իմ վաղեմի երազանքն իրականություն դարձավ բոլորովին վերջերս, երբ համավարակի պատճառով պարտավոր էինք տանը մնալ: Ընտանիքով սկսեցինք Արցախի տարբեր տեղերից խոտաբույսեր հավաքել: Միաժամանակ, ուսումնասիրում էինք յուրաքանչյուր խոտաբույս, նրա հատկությունները,  որպեսզի կարողանանք ճիշտ համադրել իրար հետ>>:

Մեր այն հարցին, թե ինչու հատկապես <<Նախշուն>>՝ Դավիթը պատասխանեց.

-Երկար մտածում էինք թեյի անվան շուրջ և ունեինք մի քանի տարբերակներ՝ <<Նախշուն>>, <<Սաթի>>, Արցախ թեյ>>: Քվեարկության դրեցինք սոցցանցերում, արդյունքում ընտրվեց <<Նախշուն>> անվանումը, մինչ այդ ընտանիքում մենք ևս քննարկել էինք ու մտածել, որ դա լավագույն տարբերակը կլինի: Ու այդպես սկսեցինք մեր ընտանեկան բիզնեսը: Նշեմ, որ երկրորդ մասնագիտությամբ թվային մարկետինգի մասնագետ եմ և զբաղվում եմ սոցիալական ցանցերով բիզնեսների առաջխաղացմամբ ու այդպիսով մեր թեյն ավելի հեշտությամբ ճանաչում գտավ: Ինձ օգնել է նաև փոքր եղբայրս՝ ութամյա Տիգրանը: Նա բլոգեր է և իր բլոգով ամենաառաջին գովազդն ու նախավաճառքն է կատարել:

Սկզբում մարդիկ հրապուրվում էին փաթեթավորմամբ, ապա համտեսելով՝ սկսեցին գնահատել նաև թեյերի համն ու հոտը: Նշեմ, որ ունենք 4 տեսակի փաթեթավորված խառնուրդ թեյեր, որոնք ունեն իրենց անունները: Դրանք են՝ ընկերներով, բարեկամներով, ընտանիքով, երկուսով խմելու թեյեր: Ընդհանուր օգտագործում ենք 30 տեսակի խոտաբույս, յուրաքանչյուր խառնուրդ ունի իր առանձնահատուկ համն ու հոտը: Նախատեսում ենք նաև 5-րդ՝ հարևաններով խմելու խառնուրդ թեյը:

Պետք է ուրախությամբ ասեմ, որ մեր թեյերը համտեսելուց հետո շատ շատերը սկսել են խուսափել սև թեյի օգտագործումից:

Մեր զրույցին հետևում էր նաև միջնեկ եղբայրը՝ Աշոտը, ով ևս մասնակցում է ընտանեկան փոքր բիզնեսի զարգացմանը, օգնում գովազդներով: Մի քանի ամիսներ արտասահմանում սովորելուց հետո՝ նա վերջապես վերադարձել էր հայրենի օջախ և չէր կարող անմասն մնալ ընտանիքին օգնելուց: Աշոտը սովորում է ԵրՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի համանուն բաժնում: Ուսմանը զուգահեռ  աշխատում է ՀՀ ԱԳՆ հանրային դիվանագիտական վարչությունում: Համալսարանների միջև փոխանակման ծրագրի շրջանակներում հունվարից ուսումը շարունակել է Պորտուգալիայում, բոլոր ծախսերը հոգացել է Եվրոպական խորհուրդը: Ինչպես ինքն է ասում, շրջել է տարբեր երկրներում, դիամակայել համավարակին ու հասկացել, որ աշխարհի ամենալավ ու գողտրիկ անկյունն Արցախն է:

Աշոտի համար այսօր ամենակարևորն է՝ Արցախը ճանաչելի դարձնելը, մեր ունեցածն աշխարհին ցույց տալը և պաշտպանել մեր ազգի ինքնորոշման իրավունքը:

Խոսելով ապագայի գաղափարների ու անելիքների մասին՝ Գաբրիելյանները նշեցին, որ ցանկանում են ընդլայնել ընտանեկան բիզնեսը, զբաղվել նաև մրգային չրերի, չիփսերի, մուրաբաների և դոշաբի արտադրությամբ: Իհարկե, այդ բոլոր ցանկություններն իրականացնելու համար ֆինանսական լուրջ աջակցություն է անհրաժեշտ, որն ակնկալում են ստանալ ԱՀ ներդրումային հիմնադրամից:

Դավիթը խոսելով այդ մասին՝ միաժամանակ նշեց, որ այսօր մարդկանց կողմից մեծ անտարբերություն է նկատվում բնության հանդեպ:

<<Մարդիկ շատ հաճախ բույսերն արմատախիլ են անում, լրիվությամբ վնասում: Ասես, յուրաքանչյուրը մտածում է միայն իր մասին: Ցավալի է, երբ տեսնում ես այդ անխնա վերաբերմունքը, չէ որ բնությունն է կերակրում քեզ, իր անարատ և օգտակար բարիքը տալիս: Եվ մեզանից յուրաքանչյուրը, կարծում եմ՝ մեր շռայլ բնության ամեն մի մասնիկից իր տատիկի հոտն է առնում՝ անմոռանալի և այնքա՜ն մեղմանուշ>>,-ասաց մեր երիտասարդ զրուցակիցը:

Մեր զրույցն այնքան հետաքրիր և երանելի էր, որ չնկատեցինք, թե ինչպես վրա հասավ խաղաղ ու մեղմօրոր երեկոն: Իսկ երեք տղաների մայրն այնպիսի խանդաղատանքով էր նայում որդիներին և, համոզված ենք, անխոս աղոթքի խոսքեր մրմնջում առ Աստված, որ աշխարհում խաղաղություն լինի, բոլորն էլ առողջություն և հնարավորություն ունենան զբաղվելու սիրած գործերով:

Վառ և հաճելի տպավորություններով հեռացանք այս գեղեցիկ ու ավանդական ընտանիքից՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում նրանց ընտանեկան բիզնեսն ավելի կբարգավաճի և երիտասարդական ավյունով լցված տղաները կկարողանան հասնել իրենց նպատակներին:

Մեր հանդիպման հաջորդ օրն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նախաձեռնությամբ Դավիթ, Աշոտ և Տիգրան Գաբրիելյանները քաղաքապետի առանձնասենյակում հանդիպեցին նրա հետ և խոսեցին քաղաքում երիտասարդության զբաղվածության, նրանց գաղափարների ու նպատակների շուրջ:

Հայկ Շամիրյանը ողջունելով նպատակասլաց երիտասարդներին՝ կարևորեց նրանց աշխատասիրությունն ու բազում գաղափարները: Նա առաջարկեց կազմել բիզնես ծրագրեր, ինքն էլ կաշխատի աջակցել դրանց իրականացմանը:

-Երիտասարդությունը մեր ապագան է և ձեզ տեսնելով, համոզվում եմ, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը երիտասադրությունն է՝ կցանկանայի, որպեսզի ձեր օրինակով վարակված շատ ու շատ երիտասարդներ ունենայինք, ովքեր առաջ կքաշեին հետաքրքիր և նորարարական գաղափարներ։  Քանզի դրանք կնպաստեին և՛ մեր քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը, և՛ երիտասարդների զբաղվածության հարցը կլուծեր։  Ես էլ, որպես Ասկերանի քաղաքապետ, միշտ պատրաստակամ եմ լսելու, ընդառաջելու և նպաստելու բոլորիդ ծրագրերն ու  նպատակներն իրականություն դարձնելու համար,- ասել է Հ. Շամիրյանը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter