ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ |
17.08.2020 11:43 |
Ավանդույթի համաձայն Ասկերանի շրջանում ամեն տարի ևս նշվում է Երիտասարդության միջազգային օրը, սակայն այս տարի համաճարակով պայմանավորված՝ այն նշվեց փոփոխված ձևաչափով: Երիտասարդության օրվան նվիրված՝ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի և ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության պետի համագործակցությամբ կազմակերպվեց արշավ` դեպի Վերին Ղլիժբաղ կոչվող հին գյուղատեղի: Միջոցառման կայացման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Աշոտ Աղաջանյանը: Միջոցառմանը մասնակցել են ԱՀ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժինը, Ասկերանի ՙԱրցախգազ՚, ՙԽաչենշին՚ ՓԲ ընկերությունները, Ասկերանի քաղաքապետարանը, արցախյան պատերազմի ազատամարտիկներ, երիտասարդներ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրովի ներդրումն է ունեցել այդ հայրենանվեր գործի իրականացման համար: Հիրավի, օրվա միջոցառումը մեծ խորհուրդ ուներ, իսկ, որ բոլոր մասնակիցները հավաքվել էին մի նպատակի շուրջ՝ ակնհայտ էր: Արցախի պատմամշակութային հարուստ արժեքների պահպանումը և այն որպես սուրբ պարտականություն սերունդներին կտակելը յուրաքանչյուրն իր առաքելությունն էր համարում: Միահամուռ ուժերով մաքրման աշխատանքներ իրականացվեցին հին գյուղատեղու Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու, Խաչին աղբյուրի, հին գերեզմանատեղիի տարածքներում: Հետաքրքիր էր տեսնել կրտսեր և ավագ սերունդների բախումը, նրանց միաբանությունն ու միահամուռ աշխատանքը, ովքեր կարևորում և գնահատում են իրենց կատարածը և խոսում ապագայի մասին: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանն իր ջերմ բարեմաղթանքներն ուղղեց երիտասարդությանը և հպարտությամբ ասաց, որ նրանք արժանավոր հայրերի արժանի զավակներն են, Արցախ աշխարհի ապագան և նրանց ձեռքերում են մեր հայրենիքի վաղվա ձեռքբերումներն ու հաջողությունները: Իսկ Ասկերանի շրջանի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանը կարևորելով նման միջոցառումները՝ նշեց, որ յուրաքանչյուրը պետք է մտածի պատմական արժեքների մասին, հոգ տանի, որպեսզի նրանք չոչնչանան, այլև հարատևեն, քանզի այդ հարստությունը ձեռք է բերվել դարերի խորքից: Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց միջոցառման աջակցողներին, մասնակիցներին և համոզմունք հայտնեց, որ նման շաբաթօրյակները շարունակական են լինելու: Անշուշտ, օրվա միջոցառումը հասավ իր նպատակին: Շրջանում իրականացվեց հերթական արշավ-շաբաթօրյակը, կատարվեց դաստիարակչական և հայրենասիրական բարի գործ, որն ուներ անխախտ խորհուրդ՝ տեր կանգնել տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված մեր պատմամշակութային արժեքներին… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |