ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՀՈԲԵԼՅԱ՛Ր |
19.08.2020 10:47 |
Այսօրվա առիթը ևս հիշարժան է… Օգոստոսի 19-ին լրանում է իր մասնագիտությանը նվիրված մանկավարժի ու դպրոցի հոգսերով մտահոգ տնօրենի՝ Մարելլա Վազգենի Ավանեսյանի ծննդյան 60-ամյակը: Դպրոցի գործի նվիրյալներից է, այսօրն ու ապագան շաղկապող, մեծ կոլեկտիվի արհեստավարժ ղեկավարն ու ապագայի հանդեպ հավատով լցված և մաքառման պատրաստ աշակերտական կոլեկտիվի առաջնորդը: Մարելլա Ավանեսյանը ծնվել է 1960թ.՝ արդար, աշխատավոր և բազմազավակ ընտանիքում: Սովորել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցում: Աշակերտելով սիրելի ուսուցչուհի Գրետա Հայրապետյանին՝ արդեն դպրոցական տարիներին հաստատ գիտեր, որ պիտի դառնա քիմիայի ուսուցչուհի և առաջնորդվի Մենդելեևի խոսքերով՝ այն դարձնելով կյանքի կարգախոս. ՙՈւսուցչի ամբողջ հպարտությունն աշակերտների մեջ է՚: Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ՙՔիմիա-կենսաբանություն՚ բաժինը: Աշխատանքային գործունեությունն սկսել է Ասկերանի գրադարանային ցանցի կենտրոնական բաժանմունքից: Հետագա տարիներին աշխատել է Ասկերանի մանկապարտեզում՝ որպես դաստիարակ: Առանձին հուզմունքով ու սրտի թրթիռով հիշում է 1987-88 ուստարին, երբ աշխատանքի անցավ դպրոցում, որտեղ առայսօր անցնում են նրա կյանքի լավագույն և իմաստալից տարիները: Ուսումը, հարգանքն ու կարգապահությունն այն էական դրույթներն են, որ արժևորում է խստապահանջ մանկավարժը, ով միշտ պատասխանատու է իր կատարած աշխատանքի որակի և արդյունքի համար: Իր արդյունավետ, արգասաբեր աշխատանքով նպաստել է սովորողների մեջ դրական, որակյալ արժեհամակարգի ձևավորմանն ու զարգացմանը: Անաչառ ու անկողմնակալ է գնահատման մեջ, երբեք իրարից չի անջատում կրթելն ու դաստիարակելը: Իր մասնագիտությամբ և փորձով կարողանում է խանդավառել սաներին, թևավորում և հասցնում է բարձունքների: Ընկեր Ավանեսյանի տված գիտելիքներն աշակերտի համար դառնում են անկողոպտելի գանձեր: Բազմիցս արժանացել է պատվոգրերի,գնահատանքի, բայց միշտ նշում է, որ ամենամեծ պարգևն իր աշակերտների անթաքույց սերն ու հարգանքն է, շնորհավորական խոսքերն ու հեռու-մոտիկ հեռախոսազանգերը: Չմոռանանք նշել, որ Մարելլա Ավանեսյանը հոգատար մայր է ու կին, սիրառատ տատիկ: Ծննդյան օրվա բերկրանքը կիսում է սիրելի թոռնիկ Հայկի հետ, ով էլ իր ծննդյան օրը նշում է այսօր՝ գունեղ ու իմաստալից դառձնելով տատիկի 60-ամյակը: Տարիները Մարելլա Ավանեսյանին բերել են նաև հարգանք ու ճանաչում՝ հասցնելով նրան ուսուցչուհուց կազմակերպչի, հետո ուսմասվարի և արդեն 7 տարի է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ ունեցող դպրոցի տնօրենի: Ընթացիկ աշխատանքային տարիներին միշտ եղել է խստապահանջ, բայց և հոգատար, ինչպես ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների հանդեպ, այնպես էլ դպրոցական գույքի, շենքի խնամքի պահպանման հարցերով մտահոգ: Եվ նախքան օրացույցի հերթական թերթիկը շրջելն ի սրտե շնորհավորում ենք հարգելի տնօրենին վաթսունամյա հոբելյանի առիթով, մաղթում՝ ամենալավն ու բարին, առողջություն և անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ: Մենք գնահատում ենք Ձեր համբերատար ու սրտացավ վերաբերմունքը, Ձեր հոգատարությունն ու ջերմությունը, որ տարիներ շարունակ տվել եք Ձեր սաներին ու շրջապատին:
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվ
|