ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ` ԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
19.08.2020 15:17

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը սննդամթերքից և հիգիենիկ պարագաներից կազմված 2500 փաթեթ օժանդակություն է նախատեսում փոխանցել հասցեատերերին՝ ԱՀ անկախության տոն օրվան ընդառաջ: Օգնություն կստանան հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներն ու մասնակիցները, տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներն ու հաշմանդամները, ԼՂՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, ԼՂՀ զոհվածազատամարտիկների միությունը, ՙՍտեփանակերտի տուն-ինտերնատ՚ ՊՈԱԿ-ը: Փաթեթները, որոնք արդեն պատրաստ են, որպեսզի փոխանցվեն հասցեատերերին, կազմված են հիմնականում տեղական արտադրանքից:

Ինչպես շեշտեց Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Գարիկ Պետրոսյանը՝ գործակալությունը սոցիալական բարեփոխումներ իրականացնելու ծրագրի շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում հասնեն իրենց հասցեատերերին: Նա նշեց, որ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից արդեն ստացել են սննդամթերքից և հիգիենիկ պարագաներից բաղկացած փաթեթները, որոնք շրջանի համայնքների ղեկավարների միջոցով կփոխանցվեն 224 հասցեատերերի: Դրանց մեջ մտնում են  չորս և ավելի երեխաներ ունեցող 170 և հաշմանդամ երեխաներ ունեցող 35 ընտանիքներ,  առանց ծնողական խնամքի մնացած 4 երեխաներ, 5 ՀՄՊ մասնակիցներ և 10 միայնակ տարեցներ:

Գարիկ Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ Արցախի կառավարությունը հաստատել է նոր տեսակի կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ միջոցառումների մասին N 297- Ա որոշումը:

Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած չաշխատող միայնակ հղի կնոջը, ինչպես նաև չաշխատող այն հղի կնոջը, ում ամուսինը 2020 թվականի մարտի 1-ի դրությամբ չի ունեցել աշխատանք և 2020 թվականի մայիսի 31-ի դրությամբ աշխատանքի չի ընդունվել, տրամադրել 100 000 ՀՀ դրամի չափով միանվագ ֆինանսական աջակցություն:

Մյուս միջոցառումը կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ ֆինանսական աջակցության տրամադրումն է: Միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրվում է յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500 ՀՀ դրամի չափով:

Միջոցառման շահառու են հանդիսանում՝ մինչև երեք (ներառյալ) անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը կամ միակ ծնողը 2020 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են (է) աշխատանքից կամ չեն ունեցել աշխատանք,  պետական նպաստ ստացող չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, պետական նպաստ ստացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալները:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անձանց Արցախի Հանրապետությունում միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրմանն է վերաբերում հաջորդ միջոցառումը, որի նպատակն է Արցախի Հանրապետությունում միանվագ ֆինանսական աջակցություն տրամադրել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անձանց, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային կազմակերպությունների, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների) և աշխատանքից ազատվել են 2020 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի, Արցախի Հանրապետությունում տրամադրել միանվագ ֆինանսական աջակցություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter