ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ |
25.08.2020 16:48 |
Խորհրդակցությունը ճանաչողական բնույթ էր կրում, ինչպես նաև իր մեջ ներառում էր բազմաբնույթ հարցեր: Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանդիպումը, իհարկե, ուշացել է, սակայն այն ունեցել է իր պատճառները: -Ուրախ եմ, որ պետք է միասին աշխատենք և կարծում եմ՝ մեր գործելաոճով հաջողություններ կարձանագրենք և կկարողանանք օրինակ ծառայել նաև մյուս շրջաններին: Այսօր մեր առջև ծառացած են հրատապ խնդիրներ և հարցեր, որոնք միայն բոլորիս համագործակցված աշխատանքի արդյունքում կլուծվեն: Առանձնապես ցանկանում եմ կանգ առնել շրջանում իրականացվող շինանյութերի տրմադրման վրա: Եղել ենք որոշ համայնքներում, բնակիչների կողմից կան բողոքներ: Չանդրադառնալով անցյալին՝ շեշտեմ, որ այսուհետ այդ գործընթացն իրականացվելու է հստակ ձևաչափով, առանց խտրականության և միայն անաչառ ու թափանցիկ սկզբունքով: Պետությունը շինանյութ է տրամադրում և այն պետք է հասնի իր ճիշտ հասցեատիրոջը: Շուտով եղանակներն անբերանպաստ կդառնան շինարարություն և, հատկապես, տանիք փոխելու համար: Կարծում եմ՝ գործընթացը պետք է ավելի արագացնել և այն սկսել վերին ենթաշրջանից: Ասեմ, որ լինելու եմ հետևողական, անձամբ այցելելու եմ համայնքներ: Անշուշտ, համայնքի ղեկավարից լավ ոչ ոք քաջատեղյակ չէ իր համայնքի բնակիչների կարգավիճակին, սոցիալ-տնտեսական պայմաններին: Բոլորիդ հորդորում եմ շինանյութերի տրամադրմանը մոտենալ օբյեկտիվ, ազնվորեն և անել այնպես, որ օգնությունը հասնի միայն կարիքավորին: Դուք ժողովրդի վստահությունն ստացած մարդիկ եք և պարտավոր եք արդարացնել նրանց հույսերը: Ուրախ կլինեմ, որ պատվով դուրս գանք մեր առջև ծառացած այս խնդրից և հավաստիացնում եմ՝ շինանյութերի տրամադրման շրջանային հանձնաժողովը լինելու է արդարացի: Շրջվարչակազմի ղեկավարն անդրադարձավ նաև համայնքներում տիրազուրկ տների գույքագրման կարևորությանը, վերին ենթաշրջանում կաթի ընդունման կետի և աղբավայրի համար տեղանքի ընտրությանը՝ դրանք համարելով հրատապ հարցեր: Ջրաղացների համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը ողջունելով նման հանդիպումը՝ նշեց, որ, իրոք, համայնքներում շատ անելիքներ կան: <<Իհարկե, բողոքողներ և դժգոհողներ միշտ կլինեն, սակայն դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր միշտ խուսափում են հարկերի վճարումներից և գյուղում իրականացվող հասարակական աշխատանքներին մասնակցելուց: Նրանց գործն անընդհատ բողոքելն է: Միաժամանակ, համայնքում կա պատասխանատու, նվիրված բնակիչների մի խումբ, ով պատրաստակամ է գյուղի զարգացման համար անել հնարավորը: Որպես համայնքի ղեկավար իմ լուման եմ ներդնելու համայնքի զարգացման համար, իսկ շինանյութերի տրամադրմանը կմոտենանք առավելագույն պատասխանատվությամբ>>,-ասաց Ա.Հայրապետովը: Ապա շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանը տեղեկություններ հաղորդեց 2020 թվականի փետրվարից շրջանի համայնքների ներհամայնքային ճանապարհների նախատեսվող սալապատման և իրականացվող աշխատանքների մասին: Ներհամայնքային ճանապարհների սալապատման համար հայտ է ներկայացրել 22 համայնք, երկուսում ավարտվել են, իսկ քսանում ընթացքի մեջ են աշխատանքները։ Եվս երեք համայնք ցանկություն է հայտնել ընդգրկվելու այդ ծրագրում: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանն իր ելույթում անդրադարձավ գարնանացան սերմերի պահանջարկի հայտերին, 2020 թվականին բնական աղետներից տուժած հողատարածքների ակտավորմանն՝ ըստ մշակաբույսերի և հողօգտագործման ձևի, 2021 թվականի բերքի տակ աշնանացանի նախապատրաստմանը: Համայնքների ղեկավարների հուզող հարցերին, որոնք կապված էին հարկերի հավաքագրման, տիրազուրկ տների, շինանյութերի տրամադրման, ներհամայնքային ճանապարհների սալապատման և գյուղատնտեսական աշխատանքների հետ, սպառիչ պատասխաններ տվեցին շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը, <<Ասկերանի Խաչենշին>> ՓԲԸ տնօրեն Արմեն Բախշիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |