ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼԸ
27.08.2020 14:31

Հետպատերազմյան Արցախում շատ ու շատ երիտասարդներ բազմաթիվ փորձություններ, խոչընդոտներ ու արգելքներ են հաղթահարել՝ հայրենի հողում ամուր ոտքերով կանգնելու, օրվա հանապազօրյա արդար հացը վաստակելու համար։ Եղել են այնպիսիներ, ովքեր չեն դիմացել դժվարություններին՝ միակ ելքը տեսնելով օտար ափերում…

Վիտալի Ալբերտի Գրիգորյանը մեկն է ասկերանցի այն երիտասարդներից, ով արցախյան ազատամարտում կորցնելով հենքն ու ապավենը, երդվել է լինել

հոր արժանի հետնորդն ու  նպաստել Արցախ աշխարհի շենացմանը։

Հոր՝ Ալբերտ Գրիգորյանի զոհվելուց հետո Գրիգորյանների ընտանիքը՝ որտեղ երեք արու զավակ էր մեծանում, հայտնվել էր ծանր կացության մեջ։ Պատերազմը դեռ ավարտված չէր, տղաները՝ մանկահասակ։ Եվ ընտանիքի կեցության, ապահովության ծանր լուծն ընկավ կնոջ՝ Սուրբիկի փխրուն ուսերին։ Վիտալին ընտանիքի ավագ զավակն էր և գիտակցում էր, որ այսուհետ եղբայրների համար ինքն է պատասխանատու…

Տարիներ անցան, գուցե շատերիս համար աննկատ, բայց ոչ կյանքի դժվարությունների դեմ մաքառող, ամեն մի օրը հերոսաբար հաղթահարելու կամքով ու վճռականությամբ այգաբացը դիմավորողների…

Այսօր Վիտալի Գրիգորյանն Ասկերանում ձեռներեցությամբ է զբաղվում։ Մի քանի տարի է, ինչ թողել է զինվորական ծառայությունը և ընտանիքի օգնությամբ սառը սուրճի և զովացուցիչ ըմպելիքների արտադրություն է սկսել։

-Պարտադիր զինվորական ծառայությունս ավարտելուց հետո ցանկություն եմ հայտնել ՊԲ-ում ծառայությունս շարունակելու։ 11 տարի հպարտությամբ կրել եմ զինվորական համազգեստը, սակայն ընտանիքիս բարեկեցությունը սեփական բիզնեսը հիմնելու մեջ էի տեսնում, ինչի համար թողեցի ծառայությունս։ Մյուս կողմից էլ ուզում էի տեսնել, ինչպես են հասակ առնում երեխաներս, շատ ժամանակ նրանց հետ անցկացնել,- ասում է Վիտալին և ավելացնում, որ մշտապես հետևում է հայկական սահմաններում տեղի ունեցող իրադարձություններին, և ամեն րոպե պատրաստ է Հայրենիքի վտանգի պահին կրկին նրա հուսալի պաշտպանը լինել։

Սեփական տարածք չունենալու պատճառով մի քանի արտադրամաս է վարձակալությամբ վերցրել ու փոխել՝ անընդհատ ընդլայնելով արտադրության ծավալներն ու տեսականին։

Չնայած դեռ կայուն եկամուտ չի ստանում, բայց ինքն էլ անմասն չի մնում որևէ բարեգործական քայլ ձեռնարկելուց։ Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հարազատ քաղաքին։ Բոլորս ենք ականատես, թե ինչպիսի ծավալով և թափով շինարարական և բարեկարգման աշխատանքներ են ընթանում Ասկերանում։ Ու այս հանգամանքը ոչ ավել ոչ պակաս՝ ուղղակի հոգեկան մեծ բավականություն և ուրախություն է պարգևում երիտասարդ գործարարին։

Ամառային այս տապ օրերին քաղաքում շինարարական աշխատանքներ իրականացնող բանվորներին Վ. Գրիգորյանը սեփական արտադրության զովացուցիչ ըմպելիքներից է հյուրասիրել։

-Երբ տեսնում եմ Արցախում, մասնավորապես մեր հարազատ Ասկերանում ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են ընթանում՝ մեծ հույսեր ու սպասումներ են արթնանում իմ մեջ մեր զավակների, ապագա սերնդի բարեկեցիկ և ապահով կյանքի նկատմամբ։ Մենք Արցախի այն սերունդն ենք, ովքեր դաժան ճակատագրի են արժանացել, մեծացել առանց հայրական հոգատարության, սուղ սոցիալական պայմաններում։ Գուցե դրանից է, որ հիմա կամենում ենք անել  ավելին՝ մեր զավակներին անհոգ մանկությունն ապահովելու համար,- նշում է զրուցակիցս։

Տղան, ով կրում է պապի հերոսական անունը՝ Ալբերտ, հոր համար ամենամեծ օգնականն է։ 14 ամյա պատանին հաճախ ժամանակը ընկերների հետ շփվելուն տրամադրելու փոխարեն նախապատվություն է տալիս օգնել հորը տարբեր գործերում։

-Պատրաստի արտադրանքը ցրում ենք տարբեր բնակավայրեր և այդ ճանապարհը հայր ու որդի անցնում ենք ամենատարբեր թեմաներ քննարկելով։ Ու կարծես թե, ես ակամայից տուրք եմ տալիս նման պահեր չունեցած, չապրած իմ տարիների, հորս անմար հիշատակի առջև։ Տղաս ինձ համար հուսալի փոխարինող է, ով ամբողջությամբ հմտացել է մեր ընտանեկան բիզնեսի գործում և ինձ համար մեծ օգնական, թև ու թիկունք է։

Արդեն 1.5 տարի է, ինչ հիմնել է զովացուցիչ ըմպելիքների սեփական արտադրությունը։ Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, մանավանդ, երբ սկսնակ ես և ոչ մի փորձ չունես։ Սակայն ընտանիքի աջակցությամբ ուսումնասիրեցին շուկայում առկա պահանջարկը, ինչ է անհրաժեշտ և ինչ է ուզում գնորդը։ Ու որոշեցին, ինչ էլ արտադրեն, առաջնահերթությունը տալու են արտադրանքի որակին։ Համոզված էին, միայն այդպես կարելի է շուկա գրավել։ Ու չսխալվեցին…

-Բավականին վաճառքի կետեր կան, ու ոչ միայն մեր շրջանում, որտեղ վաճառվում է մեր արտադրանքը։ Այժմ պահանջ է առաջացել ընկերությունն աշխատակիցներով համալրելու։ Արդեն ընտանիքի անդամներով չենք հասցնում։ Ճիշտ է, սարքավորումները պարտքով եմ ձեռք բերել, սակայն ԱՀ ներդրումային հիմնադրամից մոտ ժամանակներս պետք է վարկավորվեմ, որպեսզի կարողանամ նորմալ պայմաններում աշխատեմ և աշխատակիցներ պահեմ։

Հարազատ քաղաքում արտադրությունը զարգացնելու լուրջ մտադրություն և հեռուն գնացող նպատակներ ունի Վիտալին.

-Այժմ մտածում ենք տեղական, էկոլոգիապես մաքուր հումքից սիրոպներ ստանանք, որոնք հիմք կծառայեն մեր նոր տեսականու համար։ Այդ ամենին հասնելու, գործի մեջ վարպետանալու համար ժամանակ է պահանջվում և կարծում եմ՝ աստիճանաբար կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Մանավանդ, երբ մեր հանրապետության ղեկավարի ամեն մի գործնական քայլն ավելի ու ավելի մեծ հույսեր ու սպասումներ է արթնացնում փոքր և միջին բիզնեսով զբաղվողներիս մոտ,- ասում է Վիտալին։

Հայրենի գյուղի` Խրամորթի մասին շատ է մտածում, գյուղը շատ է տուժել պատերազմի ժամանակ։

-Ծնողներս ծննդով Խրամորթ գյուղից են և գյուղն ինձ համար շատ հոգեհարազատ է։ Մայրս տասնյակ տարիներ գյուղի բուժքույրն է։ Եվ ես որդիական պարտք եմ զգում ծնողներիս ծննդավայրի նկատմամբ,- նշում է զրուցակիցս՝ փոքր-ինչ բացելով փակագծերը, որ մոտ ժամանակներս մտածում է բարեգործական որևէ քայլով հանդես գալ Խրամորթում։

Նման երիտասարդներ Ասկերանում շատ կան, որոնց հայրերը խիզախել են մարտի դաշտում և անմահացել, իրենք էլ իրենց սուրբ պարտականությունն են համարում  ամենօրյա տքնաջան և անկաշառ աշխատանքով նպաստել հարազատ քաղաքի ու երկրի բարգավաճմանը։

Արցախը շեն և բարգավաճ տեսնելու ցանկություն, անկասկած, կունենա նաև մեզանից յուրաքանչյուրը, և միայն հաստատակամություն և կամք դրսևորելով կկարողանանք հաղթահարել այդ դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ


  




 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter