ԱՍՏՂ ՈՒՍՈՒՑԻՉԸ
28.08.2020 10:04

Ինչ -որ մեկն ինչ-որ ժամանակ հռչակավոր մարդկանց  «աստղ» կոչեց՝ զուգահեռներ անցկացնելով մլն կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող երկնային մարմնի և շնորհաշատ հայտնիների միջև: Մենք՝ «աստղադիտարանում» նստածներս, կլանված հետևում ենք աստղերի շլացուցիչ սլացքին, մոլեռանդորեն երկրպագում նրանց, կուրորեն հավատում նրանց շուրջ հյուսվող լեգենդներին ու հաճախ հենց ինքներս էլ երևակայության վրձնով ամբողջացնում ենք աստղային կերպարը՝ այն հասցնելով կատարելության: Ահա թե ինչու աստղային պատվանդանին հայտնվելու թաքուն երազանքը յուրաքանչյուրիս գոնե մեկ անգամ այցելել է կյանքի որևէ հատվածում (նույնիսկ եթե քաջ գիտակցում էինք մեր շնորհազուրկ լինելը): Իսկ երբևէ մտածե՞լ  եք, որ աստղ դառնալու համար պետք էր ուսուցիչ դառնալ: Այն ընթերցողներին, ում դեմքին այս անսպասելի շրջադարձից քմծիծաղ հայտնվեց, թողնում եմ իրենց ծանր մտքերի հետ կռիվ տալու, իսկ ես զրույցս շարունակում եմ միայն նրանց հետ, ովքեր պատրաստ են համբերատար լսելու: Եվ այսպես, ասացե՛ք, խնդրեմ, ամեն երգող մարդ երգի՞չ է (այն էլ՝ աստղ), թե ամենն, ով նկարահանվում է մասսայական տեսարանում, արդեն կինոա՞ստղ է (այլ բան է, որ ոմանց՝ սահմաններ չճանաչող մեծամտությունը նրանց ինքնակոչ super  star է դարձնում): Նույն կերպ էլ ամեն դաս տվող մարդ չէ, որ ուսուցիչ է, առավել ևս՝ աստղ ուսուցիչ: Առաջին հայացքից անհամատեղելի որոշիչ ու որոշյալ են «աստղն» ու «ուսուցիչը»: Բայց ամեն դպրոց իր աստղերն ունի, և զուր եք կարծում , թե աստղ կոչվելու համար պիտի համաշխարհային հռչակ վայելել: Բավական է միայն մարդու հուշերում թողնել անջնջելի ու լուսավոր հետք, հոգում՝ տաքուկ մի անկյուն: Իսկ թե էլ ինչպիսին պիտի լինել աստղ ուսուցիչ կոչվելու համար, վերջում կեզրահանգեք ինքներդ:

Բաժանումները կյանքում անխուսափելի են: Ու եթե մաթեմատիկայում բաժանումն ունի հստակ կանոններ, ապա կյանքում ամեն ինչի պես բաժանումը ևս հղի է վախեցնող անորոշությամբ: Այդպիսին է նաև հարկադիր բաժանումը սիրած գործից ու գործընկերներից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Երբեք դա որպես ցավալի փաստ չեմ ընդունել, քանի որ, ըստ իս, բարով-խերով թոշակի տարիքին հասնելը ինքնին մեծ բախտավորություն է: Դու գնում ես վաստակած հանգիստդ վայելելու, իսկ մարդիկ դրամատիկ տեսարաններով ու սրտաճմլիկ ելույթներով ստեղծում են թյուր տպավորություն, որ թոշակի անցնելը հավասարազոր է  կյանքի լուսավոր պահերի վերջին տողի վերջակետին: Հենց այդ պատճառով էլ ես որոշեցի թոշակի անցնող իմ գործընկերուհու՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Մարետա Բահաթուրի  Մելքումյանի  մասին գրել առանց պաթոսի, առանց ավելորդ հուզականության գույները խտացնելու:
Այս հարցում ինձ օգնության եկան նրա սաները, ովքեր սիրով համաձայնեցին կիսվել սիրելի ուսուցչուհու մասին մտքերով: Մարետա Մելքումյանի կերպարը ձեզ համար կբացահայտեն հենց նրանք՝ Խնապատի  Արթուր  Հայրապետյանի անվան դպրոցի սաները: Հատկանշական էր մի փաստ. ում հարց տվեցի, էլ լռեցնել չկարողացա: Թվում էր՝ նրանք վաղուց էին սպասում նման հարցի: Ու սկսվում էր պատմությունների շարանը: Չէին գովերգում, այլ պարզապես պատմում էին սահուն ու պատկերավոր՝ նմանակելով  ուսուցչուհու ժեստերը , միմիկան ու հնչերանգը, երբեմն նույնիսկ խոսելով ներկա ժամանակով՝ կարծես հենց րոպեներ առաջ են դուրս եկել մաթեմատիկայի դասից: Եթե ինքս չճանաչեի Մարետա Մելքումյանին, տարակուսանքս ավելի մեծ կլիներ: Որտեղի՞ց այսքան  վառ  հիշողություններ սովորական ուսուցչի մասին, որտեղի՞ց  խոսելու այսքան մեծ ցանկություն ու վարպետություն սովորական (նկատի ունեմ հանրային ելույթներին  ոչ սովոր ) մարդկանց մեջ: Ասածս ու գրի առածս իր ծավալով կբավականացներ  մի քանի մասից բաղկացած վավերագրական ֆիլմի համար: Իմ առջև ծառացավ  բարդ խնդիր. հնարավորինս հակիրճ ու ճշմարտացի ձեզ փոխանցել զրուցակիցներիս խոսքը:
Յուրա Գասպարյան (1997-98ուստարվա շրջանավարտ, մասնագիտությամբ՝ ֆիզիկայի ուսուցիչ: Ներկայումս՝ ոստիկանության սպա):
Դասից տուն էի գնում ու առաջինը մաթեմատիկայի տնայինն էի գրում: Չկարծեք, թե դա վախից էր (չնայած, ո՞վ չգիտի ընկ. Մելքումյանի ահարկու խստապահանջության մասին): Ընկեր Մելքումյանը գիտեր լսել ու չընդհատել, ճիշտ օրինակներ բերել մեզնից յուրաքանչյուրին հետաքրքրող ասպարեզից և կենցաղային իրավիճակներից ու հենց այդպես էլ հասանելի դարձնել թեման: Այդ պարզ օրինակների ընկալումը մեզ գյուտ էր թվում, ինչից ոգևորվում ու այդ ոգևորությամբ վարակում էինք միմյանց: Ահա թե ինչու տուն մտնելով՝ շտապում էի տնային աշխատանքը կատարել՝ կիրառելով սովորածս: Ներսս վառվող կրակը,  որ ուսուցչուհուս նետած լուցկուց էր բռնկվել, պետք էր անպայման նպատակային սպառել:
Գոռ Գասպարյան (Յուրայի որդին, 11-րդ դ.):
Ես միշտ էլ զգում եմ, երբ ուսուցչի գործադրած ջանքերը միայն ու միայն մասնագիտական պարտականությունները հնարավորինս անթերի կատարելու ձգտումով է պայմանավորված: Ընկ. Մելքումյանի մոտ դա հակառակ պատկերն ունի: Երբեմն թվում է, թե դաս պատմելիս նա մոռանում է՝ որտեղ է գտնվում և ում հետ է խոսում: Կարևորը, որ դիմացինի ուղեղի կայանը վերջնական արդյունքում ընդունի իր ուղարկած ազդակները:
Վրեժ Մելքումյան (1986-87 ուստարվա շրջանավարտ,տուն վերանորոգող վարպետ,ներկայումս՝ « Օհանյան Բրենդի» ընկերության աշխատակից):
Առաջին զուգորդությունը, որն իմ մեջ առաջ է բերում մաթեմատիկայի ուսուցչիս անունը, դասարանում տիրող կարգ ու կանոնն ու պահանջկոտությունն է, ինչը, սակայն, զարմանալիորեն մեզ երբեք չէր կաշկանդում: Մեր միտքն ու հոգին մնում էին ազատ: Իսկ առաջին զգացողությունը, որն ունենում են ընկ. Մելքումյանի անունը լսելիս, ափսոսանքն է առ այն, որ ժամանակին լրջորեն չվերաբերվեցի ուսմանն ու բաց թողեցի նման հրաշալի մասնագետի տվածն իմը դարձնելու եզակի հնարավորությունը:
Անդրեյ Բաբայան(2000-2001 ուստարվա շրջանավարտ, աշխարհագրագետ, քարտեզագրող: Ներկայումս՝ ԱՀ Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման կենտրոն ՊՈԱԿ-ն փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար):
Երբ ինձ այս հարցով դիմեցիք, մտածում էի՝ ո՞ր մեկն ասեմ, ո՞րը՝ թողնեմ: Ընկ. Մելքումյանի մակավարժական  վարպետությունն ու մարդկային որակները չափազանց ընդգրկուն են: Իմ վեցերորդցի որդու  մաթեմատիկայի ուսուցիչն  է նա հիմա: Երանի հնարավոր լիներ, որ նա իմ որդուն դասավանդեր մինչև 12-րդ դասարանը: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է:
Արմինե Մեժլումյան (1993-94 ուստարվա շրջանավարտ, կենսաբանության և ֆիզիկայի մասնագետ: Ներկայումս՝ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մանկապարտեզի տնօրեն):
Երբ սովորում էի դպրոցում, հումանիտար բնագավառում ակնհայտ ունակություններս ոչ մի կասկած չէին թողնում. ես պատմաբան կամ լեզվաբան պիտի դառնայի: Ընկ. Մելքումյանը փոխեց  իմ կյանքի ուղին: Ա՛յո, նա այն ուսուցիչներից է, ովքեր անգամ պատմության ընթացքը կարող են փոխել: Չէի ասի, որ մաթեմատիկան ինձ հեշտությամբ  տրվեց, բայց ուսուցիչս թևերս չկտրեց: Ընկ. Մելքումյանի ներկայությունը քանդում է այն բոլոր կապանքներդ ու կաղապարներդ, որոնք ծնունդ են առնում «չեմ կարողանում»-ից: Արդյունքն առավել քան գերազանց էր: Ժամանակին ես դասավանդել եմ և՛ մաթեմատիկա, և քիմիա, և՛ կենսաբանություն: Իսկ այսօր արդեն ֆիզիկայի մագիստրոսի կոչում ունեմ: Մի՞թե այս ամենին կարող էի հասնել առանց գիտությունների բանալի մաթեմատիկայի: Իսկ երբ դաս եմ բացատրում, հաճախ եմ ինձ բռնացնում «մելքումյանական» դրսևորումների մեջ:

Սվետլանա Բեգլարյան(1990-91 ուստարվա շրջանավարտ: ԱՀ ֆինանսների նախարարության Ասկերանի տարածքային ստորաբաժանման գլխավոր ֆինանսիստ):

Իմ ականջներում դեռ ընկեր Մելքումյանի ձայնն է, որն արտիստիկ ելևէջում էր ճիշտ իր գծած հիպերբոլայի պես: Մի՞թե  հնարավոր էր չընկալել յուրահատուկ հումորով համեմված այդ խոսքը: Իսկ ինչպե~ս էր նա մեզ մաքրասիրություն ու հայ աղջկան վայել հեզաբարո պահվածք քարոզում...

Իմ մասնագիտական կայացումը պայմանավորված է առաջին հերթին հենց ընկեր Մելքումյանի՝ բարձրակարգ  մատուցած  մաթեմատիկայով: Նրա շնորհիվ իմ մեջ մշակվեցին նաև  այնպիսի հատկանիշներ, որոնք առայսօր պահանջված են թե՛ աշխատանքում, թե՛ կենցաղում,թե՛ կյանքում առհասարակ. չափի զգացողություն, խնայելու ունակություն, կատարելիք գործողությանս հետևանքը քայլ առաջ կռահելու կարողություն: Ափսոսում եմ, որ բոլոր ասածներս գրի առնել հնարավոր չէ, բայց այս մեկն անպայման գրեք. « Ես աննակարագրելի հրճվանք եմ ապրում, երբ նայում եմ մաթեմատիկական  խնդրի մեջ խորասուզված որդուս ու նրա մեջ արդեն իսկ տեսնում եմ Ձեր ձեռագիրը: Մի անգամ, երբ վշտացել էի իմ ուզած գնահատականը չստանալու համար, Դուք ասացիք, որ կարևորը գնահատականը չէ , իսկ կյանքը հետագայում ապացուցեց Ձեր ասածը: Ու հենց կյանքն էլ Ձեր սաների միջոցով նաև Ձե՛զ է տալիս Ձեր արժանի գնահատականը, իմ մե՛ծ ուսուցիչ»:

Քաջիկ Սարգսյան (2012-13 ուստարվա շրջանավարտ: Մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Ներկայումս՝ ՊԲ ենթասպա):
Հիշում եմ՝ այն ժամանակ «Բանակում» հեռուստասերիալն էր էկրաններին: Մեր բառապաշարում հայտնվեց սերիալում հաճախակի  գործածվող «յախշի» (թուրքերեն՝ «լավ») բառը, որով հերոսները կոչում էին զինվորների շրջանում հարգանք վայելող հեղինակություններին: Չգիտեմ՝ ում մտքով անցավ փակ գաղտնի քվեարկությամբ դասատուների յախշիին ընտրել: Գլխարկը քվեատուփ դարձրինք, տետրից պոկած թղթի պատառիկները՝ քվեաթերթիկ: Աշակերտական ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթած ընկ. Մելքումյանին թաքուն սկսեցինք «յախշի» կոչել, իսկ հետո այդ մասին իմացան նաև ուսուցիչները: Տարիների  հեռվից մեր արածն ինձ երեխայություն է թվում, բայց այն, որ ընկ. Մելքումյանը մեզ համար անսասան հեղինակություն էր, ապացույց չպահանջող փաստ է: Իմ ամենասիրելի ուսուցչուհին ֆենոմենալ մարդ է: Նրա շուրթերից նույնիսկ վիրավորական թվացող «էշու կլյոխ» արտահայտությունը հաճոյախոսության պես էր հնչում:

Մարգարիտա Սարգսյան (Քաջիկի քույրը, 2018-19 ուստարվա շրջանավարտ,Տեղեկատվական տեխնոլոգիաներ- 2-րդ կուրս)

Այդ մարդն իր մեջ հաջողությամբ համատեղում է չսովորածի համար գլխիդ «ամպրոպ ու կայծակ» թափելու և վայրկյաններ անց կայծակնահար գլուխդ շշմած վիճակից  իր անզուգական հումորով կրկին  տարածաչափություն վերադարձնելու ունակությունները:

Նա այն ուսուցիչներից է, ովքեր չեն անջրպետվում աշակերտից  ու թույլ են տալիս  ճանաչել իրենց ուսուցչի կերպարից դուրս: Չեն խուսափում սովորեցնելուն զուգահեռ նաև սովորել: Ասենք` մեզնից սովորել նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հնարները: Իսկ ինչը  կարող է աշակերտի համար լինել առավել հաճելի, քան ուսուցչի հետ տեղերով փոխվելը: Իմ դասղեկը սրտեր շահելու արվեստում մրցակցություն չունեցող ուսուցիչ է: Ու սա վաղուց մեր դպրոցում աքսիոմա է:

Քույր ու եղբայր Սարգսյանների հետ զրույցին ներկա նրանց տատիկը վստահեցնում է,  որ Մարետա Մելքումյանն արժանի է իր «աստղային համբավին» : Որքան էլ փորձես կառավարել զգացմունքներդ, անհնար է առանց հուզվելու  լսել այն մորը, ով խոսում էր արցախյան ազատամարտում նահատակված որդու անունից: Նրա որդին` Քաջիկ Արարատի Սարգսյանը նույնպես աշակերտել է  Մ. Մելքումյանին:

«Բոլոր դեռահասների պես Քաջիկն էլ էր սկսել հետևել արտաքինին: Մի օր  էլ մազերին «Прелесть» էր փչել (այն ժամանակ հայտնի մազերի լաք կար): Ինչպե՞ս դա կարող էր վրիպել ընկեր Մելքումյանի սրատես աչքից, ինչպե՞ս նա կարող էր այդ պճնամոլությանը համարժեք դիպուկ գնահատական չտալ` սթափեցնելով «մեղավորին», ով հաստատ այլևս  երբեք չէր էլ փորձի «լաքապատ քյաքյուլյով» դպրոց ներկայանալ»,- ժպիտը երեսին` ջերմությամբ վերհիշում է տիկին Լյուդմիլան:

Ուսուցիչը կարողացել էր սաստել ու կարգի հրավիրել տղային հումորաշաղախ այնպիսի խոսքերով, որոնք բնավ չեն խոցել տղային:

Որդին չկա, բայց կա մոր հոգին ջերմացնող վերհուշը, որն ամեն անգամ արթնանում է մաթեմատիկայի ուսուցչի անունը տալիս:

 Աշակերտը հաճախ չի տեսնում, որ ուսուցիչը ներս մտավ` դռան հետևում թողնելով իր անձնականն խնդիրները: Հնչում է զանգը, ու դու դատապարտված ես անել հնարավոր ամեն բան, որպեսզի այսօրվա քո դասը ևս աշակերտի համար ավարտվի հաջորդ հանդիպման ակնկալիքով, ինչպես դա լինում է բեմ ելած դերասանի ու հանդիսատեսի դեպքում:

Ու դպրոցն էլ ճիշտ բեմի նման չի սիրում միջակություններ: Բայց նույնիսկ եթե դպրոցում դու անթերի ես աշխատում, միևնույն է, աստղային կարգավիճակ չես ստանա, քանի դեռ ինչ-որ մեկի գիշերային երկինքը չես զարդարել քո ցոլանքով:

ՄարետաՄելքումյան աստղի ցոլանքը դեռ շատ երկար կզարդարի Խնապատի դպրոցն ավարտած մարդկանց երկնակամարը՝ ուր էլ որ տանելու լինի նրանց ճակատագրի կանխանշած ուղին:

Մեդինե ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter