ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԳՍԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ |
28.08.2020 10:14 |
Ասկերանի շրջանի Վարդաձորի (Փիրջամալ) համայնքը, որն իր մեջ ներառում է նաև Վարազաբուն գյուղը, արցախյան պատերազմի հետևանքով հիմնահատակ քանդվել ու ավերվել էր… Չնայած պատերազմի թողած ծանր հետևանքներին, վարդաձորցիները խիզախել են նորեն շենացնել հարազատ գյուղը, քանզի այն ի վերուստ հերոսածին գյուղր էր… Գյուղում այս տարի երկու ծնունդ է գրանցվել, արտահոսք չկա, լուծված է երիտասարդների զբաղվածության հարցը։ Տրանսպորտային կապը մայրաքաղաքի և շրջկենտրոնի հետ աշխատում է անխափան՝ շաբաթվա 6 օրերին։ Ինչն էլ ապահովում է գյուղացիների արտադրանքը շուկա հանելու հարցերը։ -Տրանսպորտի խնդիր գյուղում չկա, և գրեթե բոլոր ընտանիքներն էլ ունեն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ։ Այնպես որ, ամենօրյա կապը շրջկենտրոնի և մայրաքաղաք Ստեփանակերտի հետ անխափան է,- ասում է համայնքի երկարամյա ղեկավար Սամվել Սառաջյանը։ Գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում։ Արդեն 10 հազար հատ խորանարդիկ քար են պահեստավորել ճանապարհները բարեկարգելու համար։ Ս. Սառաջյանի խոսքերով, աստիճանաբար սալապատվելու են գյուղամիջյան բոլոր ճանապարհները։ Փողոցների լուսավորության հարցը ևս լուծված է։ -Գյուղի հիմնական խնդիրը կապված է խմելու ջրի հետ։ Խորհրդային տարիներից ի վեր գյուղն ուներ խմելու ջրի խնդիր։ Իսկ տարիներ առաջ ֆրանսիական բարեգործական Սեդրիկ Մարտեն հիմնադրամի միջոցներով ջրատար է կառուցվել, սակայն խնդրին վերջնական լուծում չի տրվել։ Այժմ ընթացքի մեջ են 100 տոննանոց երկու ջրամբարների շինարարության աշխատանքները, որոնց շահագործմամբ լրիվությամբ լուծվելու է երկու համայնքների՝ Վարդաձորի և Նախիջևանիկի խմելու ջրի հարցը։ Այնպես որ, շատերիս համար ամենացավոտ խնդիրներից մեկը շուտով վերջնական լուծում կստանա,- ասաց համայնքի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ ջրաչափերը տեղադրված են, ինչը թույլ կտա նաև խնայողաբար օգտագործել ջուրը։ Վարդաձորցիների մյուս մտահոգիչ խնդիրը գյուղը շրջկենտրոնին կապող անմխիթար ճանապարհն է։ Գյուղացիները ուշի-ուշով հետևում են հանրապետությունում ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքներին, ճանապարհների հիմնանորոգմանը և հավատով սպասում իրենց հերթին։ Ինչ վերաբերում է ոռոգման ջրին, ապա Ս. Սառաջյանն ու վարդաձորցիները մեծ հույսեր ու սպասումներ ունեն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից, ով վերջերս այցելելով համայնքապատկան հողատարածքներ՝ խոստացել է, որ շատ շուտով այդ տարածքներն ամբողջությամբ ոռոգովի կդառնան։ Բարձրությունների վրա կկառուցվեն ջրավազաններ, ինչը մեծապես կնպաստի հողագործությամբ զբաղվող վարդաձորցիներին հողին էլ ավելի ամուր կապելու գործին։ -Գյուղում բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր զբաղվում են այգեգործությամբ, սակայն երբ նրանք բահը ձեռքներին այգի են մտնում ոռոգելու, իսկ ջուր չկա, ակամայից հուսալքվում են։ Մյուս կողմից էլ, ոռոգման ջրի առկայության դեպքում շատերը նախապատվությունը կտան կաթիլային ոռոգման համակարգին։ Ի դեպ նշեմ, որ համայնքի տարածքում 152հա նռան այգի ունենք հիմնած, եթե ոռոգման ջրի խնդիրը լուծվի՝ այդ տարածքները կկրկնապատկվեն։ Ու ոչ միայն նռան, այլև պտղատու այլ այգիների, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ ևս կսկսեն զբաղվել։ 2020 թվականը բարեբեր չէր Վարդաձորի համար։ Գարնանացան մշակաբույսերի (բացառության ջրովի տարածքների, որոնք շատ քիչ մասն են կազմում), ինչպես նաև 94հա գարու և 25հա ցորենի աշնանացան ցանքատարածություններում բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել։ Պատճառը՝ եղանակային անբարենպաստ պայմաններն էին։ Ցանքատարածությունները տուժել են երաշտից, քանի որ ոռոգման ջուրն ուղղվել է այգիներին։ - Մեր պետությունը երբեք գյուղացուն միայնակ չի թողնում իր հիմնախնդիրների հետ և այս տարի ևս փոխհատուցումներ կլինեն,- հույս հայտնեց համայնքի ղեկավարը։ - Կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Այժմ սկսված է աշնանացան մշակաբույսերի՝ ցորենի, գարու և տրիտիկալեի սերմացուի ձեռք բերման համար հայտերի հավաքագրում։ Նշեմ, որ այն հողի մշակներին տրամադրվելու է սուբսիդավորման կարգով՝ յուրաքանչյուր 1կգ հաշվով 70 դրամ անվերադարձ փոխհատուցում կլինի, իսկ բերքը գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին հանձնելու պարագայում այն կգնվի շուկայականից 10 դրամով բարձր գնով։ Խոսելով անասնապահության դրվածքի մասին Ս. Սառաջյանը նշեց, որ ԱՀ կառավարության անասնապահության զարգացման համալիր ծրագիրն ընդգրկում է նաև իրենց գյուղը։ -Ծրագիրն՝ արոտավայրերը մացառուտներից և թփուտներից ազատում, դեպի արոտավայրեր տանող ճանապարհների բարեկարգում, մոտակա աղբյուրների վերանորոգում է ենթադրում։ Այս բոլոր պայմանների առկայության դեպքում գյուղում լայն թափ կստանա նաև անասնապահությունը,- ասաց համայնքի ղեկավարը։ Գյուղում բազմազավակ չորս ընտանիք կա, որից մեկը՝ 5 երեխատեր։ Կառավարության միջոցներով վերջիններիս համար բնակելի տուն է կառուցվում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ վարդաձորցիները օգտվում են բնակարանային պայմանները բարելավելու նպատակով շրջվարչակազմի կողմից տրամադրվող շինանյութերից։ Անցած տարի բավարարվել է 8 ընտանիքի հայտը, ևս 8 ընտանիք սպասում է իրենց դիմումների պատասխաններին։ -Տրամադրված շինանյութերը տեղին և հասցեական են։ Քաջածանոթ լինելով բոլորի սոցիալ-կենցաղային պայմաններին՝ աշխատում ենք մեր գործելաոճում լինել անաչառ և օբյեկտիվ, -ասում է գյուղապետը և հավելում՝ մեր գյուղացիներն աշխատասեր, հասկացող, հանդուրժող ժողովուրդ են։ Նրանք ավելի շուտ ջանք կթափեն իրենց հարցերը սեփական ուժերով լուծելու, քան օգնություն խնդրելու համար։ Սակայն կան այնպիսի ընտանիքներ, որոնց ուղղակի պարտավոր ենք աջակցություն ցուցաբերել։ Ու այդպիսի մոտեցումը ճիշտ է ընկալվում և ընդունվում է բոլորի կողմից։ Գյուղում հուշարձանների, գերեզմանատների, աղբյուրների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները կազմակերպվում և անցկացվում են շաբաթօրյակների տեսքով։ Ոչ մի ընտանիք չի խուսափում շաբաթօրյակներին մասնակցելուց։ Աշխատանքները կատարում են մեծ պատասխանատվությամբ և համախմբվածությամբ։ Նույն պատասխանատվությամբ էլ կատարվում է տեղական տուրքերի ու վճարների հավաքագրումը։ Համայնքի աշխատակազմն էլ իր հերթին բոլորի դրության մեջ է մտնում ու հանդուրժող մոտեցում ցուցաբերում։ Վարդաձորն անպարտաճանաչ հարկատու չունի, և դա է պատճառը, որ համայնքային բյուջեն միշտ էլ գերակատարվում է։ -Համայնքի միջոցներով հիմնանորոգվել է հանդիսությունների և մշակույթի տունը, որոնք մեկտեղված են մեկ շենքում։ Իսկ հատակի սալիկապատումը կատարվել է կառավարության և շրջվարչակազմի օգնությամբ։ Աշխատանքներն իրականացրել են մեր համագյուղացիները, որոնց վարձատրությունը կատարվել է համայնքապետարանի կողմից, - նշեց Ս. Սառաջյանը։ Տասնյակ տարիներ է արդեն, ինչ Սամվել Սառաջյանը ղեկավարում է համայնքը, և իրեն վստահված գործը կատարում սիրով և պատվախնդրությամբ։ Աշխատանքի ամենադժվար պահը համարում է այն, երբ գյուղացիները մեկը մյուսից բողոքելու են գալիս։ Նման դեպքերում աշխատում է հնարավորինս նրբորեն մոտենալ խնդրին, և փնտրել այնպիսի լուծում, որը երկուստեք ընդունելի կլինի։ Հավատում է՝ կառավարության օգնությամբ և աջակցությամբ համայնքում անլուծելի խնդիրներ չեն մնա։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|