ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
31.08.2020 16:42 |
Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հաստատությունների տնօրենների օգստոսյան խորհրդակցություն, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առուստամյանը, ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, փոխնախարար Միքայել Համբարձումյանը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առուստամյանը: Նա շրջվարչակազմի ղեկավարի և ողջ աշխատակազմի անունից շնորհավորելով Լուսինե Ղարախանյանին ԱՀ կրթության համակարգի ղեկավարման և կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար՝ մաղթեց արդյունավետ աշխատանք: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը շնորհավորեց ներկաներին գալիք տոների՝ գիտելիքի օրվա և ԱՀ Անկախութան հռչակման առթիվ։ 2019-2020 ուսումնական տարում շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններում արձանագրած հաջողությունների և բացթողումների մասին զեկույցով հանդես եկավ կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը: -2019-2020 ուսումնական տարում ունեցել ենք հաջողություններ, ձեռքբերումներ, ինչպես նաև թերացումներ ու բացթողումներ: Ասկերանի շրջանում գործում են 33 հանրակրթական դպրոցներ, որոնցից 24-ը՝ միջնակարգ, 9-ը՝ հիմնական: Մասնաճյուղ դպրոցներ են գործում Նախիջևանիկի միջնակարգ դպրոցին կից Սառնաղբյուր համայնքում, Խրամորթի միջնակարգ դպրոցին կից Փառուխի և Արմենակավանի համայնքներում, Խնձրիստանի միջնակարգ դպրոցին կից Հիլիսի համայնքում, Մադաթաշենի հիմնական դպրոցին կից Մոշխմհատի համայնքում: Հանրակրթական դպրոցներ է հաճախել 2459 աշակերտ, որոնցից 229-ը առաջին դասարանցիներ են: Շրջանում սովորողների կրթության և դաստիարակության գործն իրականացնում է բարձրագույն կրթությամբ 652 ուսուցիչ, սպասարկման աշխատանքներն իրականացնում են 306 հիմնական և 27 սեզոնային աշխատողներ: Շրջանի հանրակրթական դպրոցներում ունենք կենսաթոշակային տարիքը լրացած 12 ուսուցիչ: Ուսումնական տարում գործել է 285 դասարան-լրակազմ: Շարունակվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցահասակ երեխաների գնահատումները, որի արդյունքներով ուսումնական տարում 55 աշակերտ գնահատվել է և համապատասխան ծրագրերով կշարունակեն ուսումնական գործընթացը, 11 աշակերտի համար կազմակերպվել են տնային պարապմունքներ: 2019-20 ուսումնական տարում ունեցել ենք 188 գերազանցիկներ, երկտարեցի աշակերտներ չենք ունեցել: Առաջնորդվելով դպրոցներում թափուր տեղերը մրցութային կարգով համալրելու հրամանով, կազմակերպվել են տարբեր առարկաներից մրցույթներ, որոնց արդյունքներով հաղթել է 9 հոգի: 7 ուսուցիչ (մրցույթում հաղթած) օգտվում է ԱՀ կառավարության կողմից ընձեռնված հավելավճարներից: Շրջանում դպրոցական շենքերի վիճակը հիմնականում բավարար է, այս պահի դրությամբ հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Ասկերանի միջնակարգ դպրոցի նախադպրոցական խմբի երեխաների համար հատկացված մասնաշենքում և Ավետարանոցի միջնակարգ դպրոցում: Վերանորոգվել է Ասկերանի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգը: Նախագծա-նախահաշվային աշխատանքներն ընթացքի մեջ են Խնապատի և Նախիջևանիկի միջնակարգ դպրոցների շենքերի հիմնանորոգման համար: Ուսումնասիրվել են նաև Սղնախի, Պատարայի և Խնածախի համայնքներում նոր դպրոցների կառուցման հնարավորությունները: Վերանորոգման կարիք ունի Հովսեփավանի հիմնական դպրոցի հատակը, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի առաստաղը և մասնակիորեն Իվանյանի միջնակարգ դպրոցը: <<Ապագա սերունդների>> հիմնադրամը նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման և առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով տրամադրել է խաղալիքներ՝ 1 մլն 170 հազար դրամ արժողությամբ։ Ղարաբաղ Տելեկոմի տնօրինության կողմից Փառուխի և Արմենակավանի մասնաճյուղ դպրոցների աշակերտներին տրամադրվել են պլանշետներ: ՀՀ նախագահի որդիներ Հայկ և Վարդան Սարգսյանների կողմից Հարավի միջնակարգ դպրոցին հատկացվել է 4 համակարգիչ և 8 պլանշետ, որոնք տրամադրվել են դպրոցի տեխնիկական միջոցներ չունեցող աշակերտներին: Ծննդով լուսաձորցի, ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բնակվող Ռոմա Եդիգարովի ջանքերով դպրոցի աշակերտներն ապահովվել են պլանշետներով: Նոր մանկական հիմնարկներ են կառուցվել Շոշում և Աստղաշենում: Նախադպրոցական հիմնարկ կառուցելու անհրաժեշտություն կա նաև Այգեստանի համայնքում: Սովորողների նախասիրությունների ուղղորդման, ազատ ժամանցի կազմակերպման գործում մեծ է մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դերը: Կենտրոնում գործում է 38 խումբ` 365 երեխաների ընդգրկմամբ: Ընթացիկ ուսումնական տարում ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ շրջանի 59 ուսուցիչների ընդգրկմամբ: Սովորողների շրջանում առանձնահատուկ նշանակություն և դեր ունի ավանդական առարկայական օլիմպիադաների կազմակերպումը: Շրջանային առարկայական օլիմպիադային13 առարկաներից մասնակցել է ավելի քան 390 աշակերտ, որոնցից լավագույն արդյունքներ գրանցած 70 աշակերտ մասնակցել է օլիմպիադայի հանրապետական փուլին։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել 14 հոգի: Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից արտաքին ընթացիկ ստուգումները ևս նպաստում են մանկավարժների և սովորողների պատասխանատվությունը բարձրացնելուն:Դեկտեմբեր ամսին անցկացվել է ուսհաստատությունների 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ դասարանների սովորողների արտաքին ընթացիկ գնահատում: 11-րդ դասարանների սովորողներից յուրաքանչյուրն ինքն է ընտրել այն առարկան, որից ցանկություն ունի մասնակցելու արտաքին ընթացիկ գնահատմանը: Ապրիլ ամսին, ըստ պլանի, նախատեսված էր անցկացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ, 6-րդ և 10-րդ դասարանների սովորողների արտաքին ընթացիկ ստուգումներ, սակայն համավարակի պատճառով ստուգումները չեղարկվել են: Այս ուսումնական տարում ունենք 2 մեդալակիր աշակերտ՝ Ասկերանի միջնակարգ դպրոցից Ալեքսանդր Շահրամանյանը և Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցից Աննա Մանուչարյանը: Մանկապատանեկան մարզադպրոցում գործում է 237 մարզիկների ընդգրկմամբ 21 խումբ՝ տարբեր մարզաձևերից: Հայտնի է, որ ի շահ անհատի, հասարակության և պետության՝ անգնահատելի է նախադպրոցական ուսումնական հաստատության դերը: Համագործակցելով ընտանիքի հետ, այն ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, լուծում ծնողների զբաղվածության հետ կապված բազմաթիվ հարցեր: Շրջանում ունենք 10 նախադպրոցական հիմնարկ, որոնցից պետական կարգավիճակ ունեն Իվանյանի, Նորագյուղի, Այգեստանի, Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Խնապատի, Խաչենի, Շոշի մանկապարտեզները, իսկ Ասկերանի և Խնձրիստանի հիմնարկները գործում են բարեգործական ընկերությունների հովանավորությամբ: Մանկապարտեզ է հաճախել 449 երեխա։ Շրջանի մանկապարտեզներում նախադպրոցական տարիքի երեխաների թիվը 136 է։ Բոլոր մանկապարտեզներում աշխատանքային օրվա տևողությունը 8 ժամ է։ Շրջանի մանկապարտեզներում ընդհանուր աշխատողների թիվը 122 է, իսկ ուսումնաօժանդակ աշխատողներինը՝ 69։ Բոլոր դաստիարակներն ունեն բարձրագույն կրթություն։ 2020-2021 ուսումնական տարվա նախօրյակին շրջանի հանրակրթական դպրոցներում ուսուցչի թափուր տեղերը համալրելու համար անցկացվել են մրցույթներ: Ըստ 2020-2021 ուսումնական տարվա նախնական ցանցի՝ հանրակրթական դպրոցներ կհաճախի 2589 աշակերտ, 1-ին դասարան՝ 271 աշակերտ: Ինչ խոսք, աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը ստիպել է կենտրոնացնել բոլոր ուժերին և մարդկանց՝ համախմբվելու վարակի դեմ պայքարելու խնդրում: Դպրոցներն ու նախադպրոցական հիմնարկներն անմասն չեն մնացել այդ գործընթացից: Աշակերտների ուսուցումը 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից, իսկ ավելի կոնկրետ մարտի 14-ից կազմակերպվել է հեռավար եղանակով, սակայն շրջանում ունենք աշակերտներ, որոնք չունեն տեխնիկական միջոցներ (հեռախոս, համակարգիչ, պլանշետ): Սովորողի՝ դասարանից դասարան փոխադրումը և ավարտումը իրականացվել է նախարարության կողմից հաստատված կարգով: Մատյաններում մարտի 13-ից հետո, բացի կիսամյակային և տարեկան գնահատականներից որևէ գրանցում չի կատարվել: Հեռավար ուսուցման գնահատականներն ուսումնական հաստատության տնօրենի հաստատմամբ՝ որպես փաստաթուղթ կցվել է մատյաններին: Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվել է մինչև 2020 թվականի մարտի 13-ը: Կառլեն Մայիլյանն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և վստահություն հայտնեց, որ դրանք կգտնեն իրենց լուծումները, իսկ մանկավարժական կոլեկտիվներն իրենց բոլոր ջանքերը կուղղեն սովորողներին գիտելիքներով զինելուն ու նրանց կյանքին նախապատրաստելուն: Կրթության բաժնի վարիչը շնորհավորեց բոլորին գալիք տոների՝ գիտելիքի օրվա և պետական անկախության առթիվ՝ մաղթելով առողջություն, բեղմնավոր աշխատանք, անձնական երջանկություն և հաջողություններ: ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը ողջունելով ներկաներին՝ կարևորեց կրթության և գիտության դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում, որն իրականացնում են ուսուցիչները: -Այսօր մենք ապրում ենք լուրջ մարտահրավերի պայմաններում և մեզանից պահանջվում են զգալի ջանքեր, որպեսզի կարողանանք պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից:Համավարակը միայն տնտեսական հատվածի վրա չի վնասներ հասցնում, այն քաղաքակրթական ճգնաժամի վտանգ է առաջացնում և այստեղ, իսկապես, կրթության համակարգի անելիքները շատ շատ են: Մեր երկրի որ ոլորտում էլ հիմա կան բացեր ու թերություններ, իմ խորին համոզմամբ, օրգանական կապ ունի կրթության, մեր մատուցած կրթական ծառայությունների և տեղի ունեցող երևույթների միջև: Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունում մշակում է հնգամյա ռազմավարական ծրագիր, երբ այն հաստատվի կառավարությունում, մենք փոխանցելու ենք ձեզ և տեղադրելու ենք կայքում: Ասեմ, որ մեր կայքը կունենա լրիվ նոր տեսք, որտեղ դուք կծանոթանաք և կտիրապետեք բոլոր իրավական փաստաթղթերին և նախարարության վարած քաղաքականությանը, ինչը մինչև հիմա կայքում չէր երևում: Սեպտեմբերի առաջին տասնօրյակում կայքը կգործարկի և ամեն ինչ թափանցիկ կլինի բոլորի համար և նշեմ, որ համակարգը թվայնանալու է ու մենք արդեն թափանցիկ ենք դառնալու՝ մեր գործունեության մեջ, կենսակերպում ու վարքագծի մեջ: Ստեփանակերտում այս տարի ընդունելությունը դպրոցներում կատարեցինք համակարգչային ծրագրով և լոկալ սկզբունքով՝ ըստ թաղամասերի, նման բան չի սպասվում շրջկենտրոնների և գյուղերի դպրոցներում: Համակարգը թվայնացնելուց հետո մեզ համար խնդիր չի լինելու տոտալ վերահսկողություն դնել ԲՈՒՀ-երի, քոլեջների վրա, որտեղ կատարվում էին որոշ արատավոր երևույթներ: Նախարարի, փոխնախարարի համակարգչի մեջ հստակ երևալու է, ով է մտել կրթական հաստատություն և ով է դուրս եկել, միջանկյալ մարդ չի կարող մտնել: Այսինքն, մի շարք արատավոր երևույթներ, որոնք, այո, գալիս ու անդրադառնում էին նաև դպրոցների վրա, մենք արմատապես վերացնելու ենք: Մենք որոշ առաջնահերթություններ ենք սահմանել մեր քաղաքականության մեջ, որոնցից մեկը բնագիտական ցիկլի առարկաների զարգացումն է: Երևի տեղյակ եք՝ <<Իվան Աթայան>> ֆոնդի ստեղծման մասին, որը համալրվում է գումարներով և տեղեկացնեմ, որ հանրապետության նախագահն ամեն ամիս իր աշխատավարձից 150000 դրամ է փոխանցում այդ ֆոնդին: Ֆոնդը ծառայելու է դպրոցներում լաբորատորիաների համալրմանը և այն ուսուցիչները, ովքեր աշակերտներ կպատրաստեն քիմիա, ֆիզիկա մասնագիտությունն ընտրելու համար և բնագիտական ցիկլի առարկաներով օլիմպիադաներում արդյունքներ կունենան, մենք նրանց կպահենք ուշադրության կենտրոնում: Առաջնահերթություններից է նաև ներառական կրթությունը: Այսօր ամբողջ աշխարհը գնում է դեպի համընդհանուր ներառում և անկախ նրանից, ինչ բնույթի խնդիրներ են առաջանում, մենք պետք է սիրենք այդ երեխաներին և փոքրից մինչև ամենաբարձր պաշտոնյան պետք է լինի այդ երեխայի կողքին և, հավատացած եղեք, այդպիսի երեխաների հետ ակտիվ շփումից մենք մաքրվում ենք, դառնում ավելի լավը, փոխվում են մեր անձնային որակները: Քայլեր ենք ձեռնարկելու կադրային ֆոնդը փոխելու, համալրելու և լավ մասնագետներ տալու համար: Ուսումնական հաստատություններին մեթոդական օգնություն ցուցաբերելու և դիտակտիկ պարագաներով համալրելու, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների հետ աշխատանքը տարվի հավուր պատշաճի, բայց մենք պահանջելու ենք նաև հաշվետվություն: Միաժամանակ կցանկանայի, որ հաշվետվողականությունը բոլորիս մեջ դառնար սկզբունք, միայն այդ ժամանակ կունենանք շոշափելի դրական արդյունքներ, բարեվարքություն, բարոյական բարձր արժեքներ: Այս մի քանի ամիսների ընթացքում տարբեր քաղաքացիներ են եկել ինձ մոտ, և ես նկատել եմ, որ մասնագիտական ու պաշտոնական բարեվարքության սկզբունքները բոլորը չէ, որ պահում են: Մեր երկրում թափանցիկ, շիտակ, սկզբունքային, հանրային մտածողությամբ աշխատանքը ցպահանջ է, որը չպետք է քննարկվի այլևս: Յուրաքանչյուրը պետք է ունենա նպատակ և մտածի վերջնարդյունքի մասին: Ես ուզում եմ՝ զգանք աշակերտին ու նրա ուսուցչին իրենց աշխատանքի արդյունքով, ձեռքբերումներով: Զգանք այդ հաղթանակի բերկրանքը, ով չգիտի, որ մենք հարուստ երկիր չենք ու միայն գիտելիքով ենք դուրս գալիս աշխարհ, և գիտակցենք, որ գիտելիքն է ամենաթանկ գնահատվող արժեքն աշխարհում: Ասեմ, որ այսօր նախարարությունն իր էլեկտրոնային ծրագրերը պատվիրում է հենց Արցախի պետական համալսարանն ավարտած շրջանավարտներին: Ողջունելի փաստ է, որ դա բարձր գիտելիքի շնորհիվ է, և մենք աշխատում ենք, որպեսզի գիտելիքը իշխանություն ունենա, իսկ երիտասարդ սերունդը կարողանա գնալ դեպի գիտելիքի իշխանություն: ԱՀ ԿԳՄ նախարարը խոսեց նաև մի շարք հարցերի մասին, որոնք վերաբերում էին նախարարության քաղաքականության մեջ առանցքային կետ դարձած վերապատրաստումներին, առանձնապես՝ տնօրենների վերապատրաստմանը: Նրա խոսքով ոչ մի տնօրեն չի կարող անթերի աշխատել, եթե գոնե հինգ տարին մեկ չի մասնակցել վերապատրաստման: Մեթոդմիավորումների նախագահները ևս պետք է վերապատրաստումների մասնակցեն: Իհարկե, համավարակը խանգարեց, սակայն վերապատրաստումները շուտով անպայման կյանքի են կոչվելու: Լուսինե Ղարախանյանը խոսեց նաև արտակարգ իրավիճակի պայմաններում ուսումը կազմակերպելու մասին՝ պատասխանելով տնօրեններին հուզող հարցերին: Նա միաժամանակ ուրախությամբ շեշտեց, որ 2019-20թթ. ուսումնական տարվա երեք ոսկե մեդալակիրներից երկուսն Ասկերանի շրջանից էին, ինչպես նաև շրջանը բազում մրցանակային տեղեր է զբաղեցրել հանրապետական օլիմպիադաներում, ինչի համար շնորհակալություն հայտնեց կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանին: Ելույթներով հանդես եկան փոխնախարար Միքայել Համբարձումյանը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը: Նրանք մանրամասն տեղեկություններ հաղորդեցին նոր ուսումնականում սպասվող նորությունների մասին, նախանշեցին հետագա անելիքները՝ հորդորելով ուշադրություն դարձնել առկա թերությունների և բացթողումների վրա: ԱՀ ԿԳՄ նախարարը գրքերով պարգևատրեց <<Արցախը կարդում է>> ֆլեշ մոբին մասնակցած և հաղթող ճանաչված Ասկերանի, Այգեստանի և Նախիջևանիկի միջնակարգ դպրոցների երեք աշակերտների, ինչպես նաև Այգեստանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Հակոբյանին: Վերջում Լուսինե Ղարախանյանը շնորհավորեց բոլորին գալիք տոների առթիվ՝ մաղթելով առողջություն և նոր հաջողություններ կրթության համակարգում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|