ՆՇՎԵՑ ԱՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ…
02.09.2020 12:46

Հայ ժողովուրդն իր կյանքի դժվարին ճանապարհին միշտ էլ հարկադրված է եղել պաշտպանելու հայրենի հողն ու հայի արժանապատվությունը: Ո՛չ պատերազմները, ո՛չ մաքառումներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետությունները երբեք չեն կարողացել կոտրել հայի վճռականությունն ու հաստատակամությունը, ուժն ու իրավունքը:

Մեր ժողովրդի աննախադեպ սխրագործությունների շնորհիվ սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է


առանձնահատուկ նշանակություն ունեցող տոն՝ Արցախի Հանրապետության անկախության օրը: Մեր հերոս հայորդիների արյան գնով նվաճված անկախությունն անգին է


յուրաքանչյուր արցախցու համար, և ամեն տարի նշելով այս սուրբ տոնը՝ մենք կրկին վերապրում և հիշում ենք մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, որը շրջադարձային եղավ արցախցու համար և փոխեց պատմության ընթացքը:


29 տարի առաջ այս օրը ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը՝ հայտարարելով իր անկախ պետականության մասին: Այո՛, մենք ազատ ու անկախ ենք մեր տղաների թափած արյամբ, ազատագրված հողերով, մանկապարտեզներով ու դպրոցներով, օրեցօր ծաղկող մեր համայնքներով և ծածանվող հայկական դրոշներով:

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր չխնայեցին իրենց երիտասարդ, ավյունով լեցուն կյանքը և հայրենիքի շահը գերադասելով անձնականից՝ նահատակվեցին հանուն Արցախի Հանրապետության կայացման, հանուն հայ ժողովրդի լինելիության և հավերժության:

Սեպտեմբերի 2-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանի գլխավորությամբ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալները, շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչները, շրջանի ուժային կառույցների, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների  ղեկավարները, Ասկերանի քաղաքապետը, Արցախյան պատերազմի վետերանները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին կառուցված հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով և մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց անմար հիշատակը, ապա ծաղիկներ դրեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հուշատախտակին:

Այնուհետև միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի <<Տանկ>> հուշահամալիր, որտեղ նույնպես ծաղիկներ դրվեցին նահատակվածների հիշատակին:

Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ տեր Մեսրոպ քահանա Խունոյանն օրհնելով տոնաական օրը՝ իր խոսքում նշեց.

-Բոլորին սրտանց շնորհավորում եմ այս մեծ տոնի կապակցությամբ: Աստված բոլորիս հավասար է ստեղծել, հավասար իրավունքներ տվել և ոչ ոք իրավունք չունի մյուսի վրա բռնանալու: Տարիներ առաջ մեր ժողովրդի ձեռք բերածն արդարության վերականգնում էր: Արդարություն, որը խոսում է մեր ազատ ապրելու իրավունքի մասին: Բնականաբար, այն ինչ ձեռք բերվեց, մեծ դժվարությամբ և բազում զոհերի գնով ձեռք բերեցինք, բայց առավել մեծ դժվարություն է այն պահելն ու զարգացնելը: Տա Աստված, որպեսզի մենք այդ դժվարին գործը պատվով իրականացնենք, և լուսավորվեն այն նահատակների հոգիները,  որոնք նահատակվեցին մեզ համար:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը շնորհավորելով բոլորին հիշարժան տոնի առթիվ՝ շեշտեց.

-Տարիներ առաջ մեր ժողովուրդը համախմբվելով և բռունցք դառնալով՝ կարողացել է ի կատար ածել իր արդար պահանջը հանուն Արցախ աշխարհի անկախության, հզորացման ու զարգացման: Տարիները ցույց են տվել, որ միայն միասնական և համախմբված ուժերով կարելի է հասնել հաջողությունների և նպտակաների իրականացման ու անհնարինը դարձնել հնարավոր: Այստեղ ներկա են տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իմ խնդրանքն է՝ բոլորս համախմբվենք ցանկացած հարցի շուրջ և կունենանք մեծ ձեռքբերումներ: Լինենք միասնական, մեկս մյուսին աջակից և մտածենք պետականաշինության մասին: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է միշտ հիշել մեր տղաների սխրագործությունները և այն փոխանցել սերնդեսերունդ:

Շնորհավոր բոլորիս տոն օրը:

Ելույթով հանդես եկավ Արցախյան պատերազմի մասնակից, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող Վիգեն Գաբրիելյանը:

-Իմ գործունեությունն ուղղված է հենց այսպիսի բնույթի միջոցառումների արդյունավետ կերպով իրականացնելուն՝ և՛ թանգարաններում, և՛ արտաթանգարանային հարթություններում: Իհարկե, ինչ մասնագիտության տեր էլ լինի մարդ, նա պարտավոր է իմանալ իր ժողովրդի պատմության ճակատագրական նշանակություն ունեցած իրադարձությունների մասին, հիշել ու հարգել նրանց, ովքեր իրենց ամենաթանկն են նվիրել մեր ազատության և անկախության համար մղված պայքարում:

Անկախությունը գերագույն արժեք է: Յուրաքանչյուր ժողովրդի գոյության գերագույն նպատակն է, ազատ և բնականոն զարգացման, ինքնապահպանման, ազգային տեսակի պահպանման հիմնական գրավականն է:

Ձեր ուշադրությունն  ուզում եմ սևեռել այն նախադրյալների ու հիմքերի վրա, որոնք կարող են տանել և հաղթական ավարտին հասցնել 1988-ից սկսված այս երկարատև ազգային ազատագրական գործընթացը, Արցախի անկախության միջազգային ճանաչման և նրա միջազգային դիրքերի ամրապնդման գործը:

Պետք է գիտակցենք, որ էթնոտարածքային հակամարտությունները կարգավորվում են..., համակրանք, աջակցություն, գերապատվություն տրվում են, և վերջապես, որոշումներ կայացվում են ներուժային կերպով ուժեղ, ներքին պոտենցիալով ուժեղ հակամարտող կողմի օգտին: Այն կողմի օգտին, ով ընդունակ է իր ներքին ինքնակազմակերպվածությամբ և արտաքին ագրեսիվությամբ դիմակայելու այս աշխարհի հզորների ճնշումներին, իր շահերին հակադրող որոշումներին, վնաս պատճառել հակամարտության գոտում այդ հզորների շահերին:

Այդուհանդերձ, եթե ուզում ենք մի քանի գլուխ բարձր լինենք ադրբեջանցիներից, որ մեզ բացառիկություն անեն նրանց համեմատ, ինքներս պիտի բացառիկ դառնանք:

Պետք է ցույց տալ, որ մենք էլ ենք լցված վճռականությամբ, բավականին ուժ և ոգի ունենք և պատրաստ ենք դիմակայելու ադրբեջանական ցանկացած մարտահրավերի:

Համոզված եմ, որ այդ կայուն բարոյահոգեբանական վիճակը հնարավոր է վերականգնել: Չէ որ այն կար Շարժման և Ազատամարտի տարիներին: Կար ժողովրդի գիտակցության մեջ արմատավորված ազգային և սոցիալական համերաշխության զգացողություններ…

Այդ վիճակին հասնելու միակ ճանապարհը՝ մեր ներքին կյանքում արմատական փոփոխություններ, ամուր և արդյունավետ պետական համակարգ ստեղծելու, օրենքի գերակայություն հաստատելու մեջ է…

Աշխարհի ոչ մի հզոր երկիր կամ քաղաքական ուժ երբեք չի համարձակվի իր կամքը պարտադրել կամ պատերազմ հայտարարել վերոնշյալ զգացմունքներով և սկզբունքներով ապրող, ոգեշնչված հասարակություն ունեցող պետությանը՝ անկախ նրա դեմոգրաֆական վիճակից ու աշխարհագրական միջավայրից:

ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Աշոտ Աղաջանյանը շնորհավորելով ներկաներին ԱՀ անկախության տոնի առթիվ՝ միաժամանակ նշեց, որ շրջանի 16 երիտասարդ ազատամարտիկներ, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին, ԱԱՄ կողմից արժանացել են <<Մարտական ծառայություն>> մեդալների:

Հիրավի, համավարակի պատճառով տոնական օրն Ասկերանում նշվեց այլ ձևաչափով, սակայն օրվա խորհուրդն անգնահատելի էր յուրաքանչյուրիս համար: Հպարտություն, ուրախություն, բերկրանք էր տիրում բոլորի սրտերում:

Թող մեր ժողովուրդը առողջ, ուժեղ և միաբռունցք լինի, թող մեր խաղաղ ու անկախ երկնակամարում թևածեն միայն խաղաղության ավետաբեր աղավնիները…

Կարինե Բախշիյան


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter