ՄԻՏՎԱԾ՝ ԳՅՈՒՂԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՆ |
04.09.2020 17:00 |
Սեպտեմբերի 4-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանի գլխավորությամբ շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց խորհրդակցություն, որին ներկա էին ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, ջրային համակարգերի պահպանության և օգտագործման պետական վարչության պետ Արմեն Ներսիսյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Մասնակցում էին շրջանի համայնքների ղեկավարները, շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի մասնագետները, շրջանի գյուղատնտես-մասնագետները:Խորհրդակցության նպատակը գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի նախագծերի ներկայացումն էր: Վիլեն Ավետիսյանը ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ շեշտեց, որ այսօրվա հանդիպման նպատակն է՝ ավելի մանրամասն ներկայացնել գյուղնախարարության մասնագետների կողմից մշակված նոր կարգերը և գործող կարգերում իրականացված փոփոխությունները: Աջակցության ծրագրերը բաղկացած են երեք մասերից՝ բուսաբուծություն, անասնաբուծություն և ոռոգման համակարգեր: Նա մանրամասն տեղեկություններ հաղորդեց բուսաբուծության զարգացման և բույսերի պաշտպանության ծրագրերի մասին՝ կանգ առնելով աշնանացան մշակաբույսերի սերմերի ներկրման, սուբսիդավորման ծրագրի վրա: ԱՀ գյուղատնտեսության փոխնախարարը բացատրեց հողօգտագործողների փաստաթղթերի հավաքագրման ընթացակարգը: Նա տեղեկացրեց նաև, որ այսուհետ Արցախի հողօգտագործողները հնարավորություն են ստանալու սեփականաշնորհված և վարձակալության իրավունքով օգտագործվող հողը և համայնքներում արտադրական նշանակության բոլոր տեսակի օբյեկտները գրավադրելու և ձեռք բերելու անտոկոս վարկ՝ գյուղատնտեսության մեջ ներդնելու նպատակով: Նորայր Մուսայելյանը խոսեց անասնաբուծության ու անասնապահության զարգացման ծրագրերի մասին: Նա մանրամասն ներկայացրեց անասունների ներկրման, անասնապահության զարգացման խթանման, անասնաբուծական մթերքների և սննդամթերքի վերամշակման արտադրամասերի, սպանդանոցների ու անասնաշենքերի կառուցման ու վերանորոգման պայմանները: Ջրային համակարգերի պահպանության և օգտագործման պետական վարչության պետ Արմեն Ներսիսյանը անդրադարձավ ոռոգման բնագավառի բարելավմանն ուղղված ծրագրերին: Նա շեշտեց, որ այդ ծրագրերի նպատակն է պետական աջակցության միջոցով ավելացնել ոռոգման ժամանակակից համակարգերով ու մեխանիկական եղանակով ջրարբիացվող՝ գյուղատնտեսական մշակաբույսերով ու բազմամյա տնկարկներով զբաղեցված տարածքները: Արմեն Ներսիսյանը խոսեց նաև առաջիկայում նախատեսվող մի շարք աշխատանքների մասին, որոնք ուղղված են արտեզյան խորքային հորերի, պոլիէթիլենային հիդրոմեկուսիչ ծածկոցով ջրամբարների կառուցման, պոմպակայանների կառուցման աշխատանքներին: Ապա գյուղնախարարության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին ներկաների բարձրացված հարցերին և լսեցին նրանց առաջարկությունները: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը կարևորելով օրվա միջոցառումը՝ նշեց. -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն համայնքների ղեկավարներին, որոնք հավուր պատշաճի են կատարում իրենց պարտականությունները՝ իրենց դրսևորելով որպես օրինապաշտ և կարգապահ ղեկավարներ: Մեր շարքերում արտոնյալ մարդիկ չկան, և յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ուշադրությունը սևեռի կարգապահության վրա: Մեր նախորդ հանդիպումից քիչ ժամանակ է անցել և ինչպես նկատել եք, ընդամենը մի քանի օր առաջ արված ձեր առաջարկություններն արդեն նախագծեր են դարձել և օրեր հետո կդառնան հստակ ծրագրեր ու կհասնեն համայնքներ: Բնակչությունը պետք է կարողանա օգտվել այդ ծրագրերից, ինչի դեպքում համայնքներն, անշուշտ, կզարգանան ու կբարգավաճեն: Մեր բռնած ուղին թափանցիկ է բոլորի համար, հավաստիացնում եմ, որ ձեր բարձրացված հարցերն ու առաջարկությունները տեղ են հասնում և ստանում համապատասխան լուծումներ: Կրկին շեշտում եմ՝ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք ծառայելու մեր ժողովրդին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |