ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ |
09.09.2020 15:05 |
Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքներում իրականացվող և ապագայում նախանշվող աշխատանքներին ու քննարկել առկա խնդիրները: Այցելուները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրներում և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով Պատարայի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկայանալու համար : Նա նշեց, որ ակնկալում է ազատ և անկաշկանդ զրույց, ինչի արդյունքում միայն կկարողանան հասնել խնդիրների ճիշտ լուծմանը: Համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը իր խոսքում ասաց. -Ողջունելի է, որ այսօր առիթ ունենք ղեկավարության հետ խոսել մեր դարդ ու ցավերից, մեր կատարած ու սպասվելիք աշխատանքներից: Այո՛, խնդիրներ կան: Գյուղում իրականացվում են սալապատման աշխատանքներ, ունենք աշխատուժի պակաս, խմելու և ոռոգման ջրի խնդիր: Ամենակարևոր բացն այն է, որ մեր այս երեք գյուղերը չունեն էլեկտրամոնտյոր, ինչն էլ բազում բարդություններ է առաջացնում: Այսօր շրջվարաչակազմի ղեկավարը եկել է մոտիկից լսելու մեզ և ընթացք տալու բնակիչներին հուզող խնդիրներին, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան և կարծում ենք՝ բոլոր հարցերը կստանան իրենց համապատասխան լուծումները: Բնակիչները կանգ առնելով համայնքի խնդիրների վրա՝ միաժամանակ հպարտությամբ շեշտեցին, որ պատարեցին միշտ էլ հոգատար և ուշադիր է եղել իր հայրենի բնաշխարհի հանդեպ: Նրանք աշխատասեր, օրինապաշտ ժողովուրդ են ու պատրաստ են այսուհետ ևս նույն ոգով ապրելու և արարելու մայր հողի վրա: Շրջվարչակազմի ղեկավարը լսելով բնակիչների ելույթները՝ նշեց. -Համոզված եղեք, որ ժողովրդի ձայնը լսելի է մեր երկրի իշխանություններին, և ես ցանկացած արդար պահանջի համար պատրաստ եմ գնալ մինչև վերջնական լուծման: Այո՛, Պատարան ճանաչված գյուղ է, նրա անցած ճանապարհն ու պատմությունն ապացուցել են, որ այն նաև քաջերի գյուղ է: Փա՜ռք ու պատիվ մեր զոհված տղաներին… Ակնհայտ է, որ գյուղը հարուստ բնություն ունի, հայտնի է իր պատմամշակութային բազում արժեքներով, և գիտենք, որ դուք ամեն ինչ անում եք դրանց պահպանման համար: Մենք մեր հերթին կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդությունը չմտածի գյուղից հեռանալու մասին և այստեղ գտնի այն ամենը, ինչ անհրաժեշտ է լիարժեք ապրելու համար: Ապա Աշոտ Դադայանն անդրադարձավ շինանյութերի տրամադրմանը, ինչն, անշուշտ, իրականացվելու է արդար և անաչառ սկզբունքով: Այդ հարցում նա ակնկալեց համայնքի ղեկավարի ազնիվ մոտեցումը և համոզմունք հայտնեց, որ բոլոր կարիքավորները կլինեն ուշադրության կենտրոնում: <<Հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը շարունակական է լինելու, և ոչ ոք չպետք է մտահոգվի ու այն մարդիկ, ովքեր կարիք ունեն՝ անպայման օգնություն են ստանալու >>,-ասաց շրջվարչակազմի ղեկավարը: Նա խոսեց նաև գյուղաջակցության նոր ծրագրերի մասին, որոնք ուղղված են հողագործությունը, անասնապահությունը զարգացնելու գործընթացին: Նա նշեց, որ շուտով այդ ծրագրերը հասնելու են համայնքներ և բնակչությունը կկարողանա օգտվել բոլոր արտոնություններից: Ապա քննարկվեցին գյուղամիջյան ճանապարհների սալապատման, խմելու և ոռոգման ջրի հետ կապված հարցերը և շրջվարչակազմի ղեկավարը պատասխանեց բնակիչների կողմից բարձրացված մի շարք հարցերի: Ապա Աշոտ Դադայանն իր աշխատախմբով հանդիպեց նաև Խանցքի և Աստղաշենի համայնքների բնակիչներին, որտեղ ևս խոսեցին կատարված աշխատանքների և խնդիրների մասին: Տեղերում նա ծանոթացավ իրականացվող շինարարական աշխատանքներին: Շրջվարչակազմի ղեկավարը հորդորեց բոլորին լինել միասնական, արդարամիտ , մտածել պետականաշինության մասին, իսկ այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք ի հայտ են գալիս, անպայման կստանան իրեն դրական լուծումները: Նշենք, որ բոլոր համայնքներում հանդիպումներն անցան անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |