ՊԱՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ |
10.09.2020 15:37 |
Սեպտեմբերի 10-ին շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙԱնկախությունն իմ աչքերով՚ խորագրով առցանց անցկացված նկարչության մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակների պարգևատրման արարողություն։ Պարգևատրմանը ներկա էր վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը։ Ողջունելով մրցույթում հաղթած երեխաներին և նրանց դասավանդող խմբակավարներին՝ վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը կարևորել է աշակերտների ակտիվ մասնակցությունը միջոցառմանը։ Բոլոր աշխատանքներում մեծ տեղ էր հատկացված հայկական ավանդական մշակույթի տարրերին, ինչը ողջունելի և գովելի է։ Նա կոչ արեց երեխաներին միշտ գնահատել և արժևորել ազգայինը, լինել նրա կրողներն ու փոխանցողները։ Նշենք, որ ՙԱնկախությունն իմ աչքերով՚ խորագրով առցանց նկարչության մրցույթը մեկնարկել է ԱՀ անկախության 29-րդ տարեդարձին ընդառաջ, որին մասնակցել է շրջանում գործող արվեստի և մանկապատանեկան ստեղծագործական, ինչպես նաև հանրակրթական դպրոցների 41 աշակերտ՝ Ա (մասնագիտական) և Բ (սիրողական) կարգերում, երկու տարիքային խմբերում։ Ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ 5 անդամի ընդգրկմամբ, ովքեր սահմանված ժամկետներում ընտրել են լավագույն աշխատանքները։ Արդյունքների ամփոփմամբ 1-ից 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած 11 երեխաներ արժանացել են նվերների։ Խրախուսական նվերներ է ստացել հանրակրթական դպրոցների 4 աշակերտ։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը բարձր է գնահատել մատաղ սերնդի շրջանում արվեստին ու մշակույթին առանձնահատուկ տեղ հատկացնելը, աշակերտների մեջ հայկականի, ավանդականի հանդեպ սեր ներարկելը։ Չէ, որ մշակույթն ազգի հոգևոր հայելին է, որը եկել է հազարամյակների խորքից և պիտի հարատևի։ Եվ այսօրվա սերունդը պիտի հանդիսանա այդ արժեքների կրողը, պահպանողն ու փոխանցողը։ Երեխաների հետ հանդիպման ժամանակ վարչակազմի ղեկավարը նշել է, որ բոլոր ակտիվ, ուսումնառության մեջ աչքի ընկած աշակերտները գտնվելու են շրջվարչակազմի ղեկավարի և համապատասխան բաժինների ուշադրության կենտրոնում։ Ա. Դադայանը նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Մրցույթում հաղթող ճանաչված աշակերտները շրջվարչակազմի ղեկավարի կողմից արժանացան նվերների։ Նվերի արժանացավ նաև մասնագիտական հանձնաժողովի նախագահ Սերվեն Բաղրյանը՝ մրցույթը անաչառ և օբյեկտիվ գնահատելու համար։ Ինչպես ինքն է նշում, շատ դժվար է եղել ընտրություն կատարելն ու այս կամ այն աշխատանքին նախապատվություն տալը, քանի որ բոլոր աշխատանքներն էլ արտացոլում էին երեխաների՝ Արցախի անկախության, անկախ Հայրենիքում ապրելու և արարելու ընկալումները։ - Հանձնաժողովի անդամները գնահատման ընթացքում նախապատվությունը տվել են բովանդակային պահանջների համապատասխանությանը, գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և ուշադրություն է դարձվել ստեղծագործությունների՝ օրվա խորհրդի անդրադարձին,- նշեց Ս. Բաղրյանը։ Վերջում Ռ. Մկրտչյանը ՄԵ բաժնի և ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին՝ մրցույթում հաղթող ճանաչված երեխաներին պարգևատրելու համար՝ հույս հայտնելով, որ նման միջոցառումներն ավանդական կդառնան, և սերտ ու անմիջական համագործակցության արդյունքում կշահեն մեր երեխաները։ Անկասկած բոլոր երեխաներն էլ սպասում են որևէ խրախուսանքի, գնահատանքի՝ հետագայում ավելիին ձգտելու, հասնելու համար։ Եվ ո՞վ գիտե, գուցե հենց այս երեխաների մեջ է հասակ առնում մեր ազգի ապագա Սարյանը, Այվազովսկին կամ Մինասը։ Չէ որ հայ ազգը երբեք տաղանդների պակաս չի ունեցել… Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը՝ չնայած հանրապետությունում տիրող համավարակով պայմանավորված իրավիճակին, շարունակել և շարունակում է կատարել տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքները՝ անմիջական շփումները տեղափոխելով համացանցային դաշտ։ Ինչպես տեղեկացանք բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանից, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված շրջանում առցանց եղանակով կազմակերպվել է ձեռքի աշխատանքների մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված և ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները պարգևատրվել են նվերներով և պատվոգրերով: -Լավագույն աշխատանքների հեղինակները բաժնի աշխատողների կողմից արժանացել են պատվոգրերի և խրախուսական նվերների, -ասում է Ռ. Մկրտչյանը՝ ավելացնելով, որ միշտ չէ, որ սպասում են, որևէ աջակցության։ Բաժնի աշխատողները ևս պատրաստակամ են հարկ եղած դեպքում ոգևորել երեխաներին։ Արդեն չորրորդ տարին է, ինչ Հադրութի շրջանում ավադական դարձած ՙՃանաչիր ինձ իմ ունակություններով՚ խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթն իր շուրջն է համախմբում բազմաթիվ սկսնակ նկարիչների։ Մրցույթի նպատակն է բացահայտել նկարիչ-տաղանդներին։ Այս տարի Ասկերանի շրջանի պատանիները ևս մասնակցեցին առցանց մրցույթին՝ գրավելով մրցանակային տեղեր և արժանանալով պատվոգրերի ու նվերների: Հունիսի 10-ին Ասկերանի շրջանում կամավորականների խմբերի մասնակցությամբ մեկնարկել է ՙStop Covid-19՚ ծրագիրը, որի շրջանակներում համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվել են քաղաքացիների իրազեկման, բացատրական և նախազգուշական աշխատաքներ, որոնք պարբերական բնույթ են կրել: -Բացի շրջանում միջոցառումներ կազմակերպելուց մասնակցում ենք նաև հանրապետական տարբեր միջոցառումների։ Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարության կողմից երիտասարդության միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբին մասնակցություն է ցուցաբերել նաև մեր բաժինը,- նշեց Ռ. Մկրտչյանը։ Օգոստոսի 14-ին, համագործակցելով պատմական միջավայրի պահպանության շրջանային ծառայության հետ, կազմակերպվել և անցկացվել է սանիտարական մաքրման շաբաթօրյակ՝ Վերին Ղլիժբաղ գյուղատեղիի գերեզմանոցում, Խաչին աղբյուրի և Ս.Աստվածածին եկեղեցու շրջակայքում։ Միջոցառմանն ակտիվորեն մասնակցել են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը նաև ռազմահայրենասիրական դաստիարակության, մատաղ սերնդի շրջանում հայրենասիրության ու հայրենապահպանության զգացողությունն ու պատասխանատվությունը բարձրացնելուն էր միտված։ Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձին նվիրված շրջանի ակտիվ երիտասարդների հետ կազմակերպվել է ֆլեշմոբ: ՄԵ բաժնում շարունակվում է տարեկան պլանով նախատեսված միջոցառումների ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ - Ընթացիկ տարում նախատեսվում է կազմակերպել ինտելեկտուալ խաղ, Վահան Տերյանի 135-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ և ՙԱռողջ ապրելակերպ՚ ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ,- ասաց բաժնի վարիչը՝ հույս հայտնելով, որ գուցե հետագա մշակութային միջոցառումները կարողանան անցկացնել կենդանի շփման եղանակով։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|