ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՐՋԱՆԻ ՄՊՄԴ -Ի ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՀԵՏ |
10.09.2020 16:23 |
Սեպտեմբերի 10-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը հանդիպեց Ասկերանի շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակազմի և մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Ռուզաննա Սեյրանյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը: Ասկերանի շրջանի ՄՊՄԴ-ում գործում են ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի, սեղանի թենիսի, թեքվանդոյի, բռնցքամարտի, կարատեի, սանդաուշուի, ուժային եռամարտի խմբակներ: 272 մարզիկների հետ պարապմունքներ են անցկացնում 21 մարզիչներ: Պարապմունքներ են իրականացվում Ասկերանի, Իվանյանի, Այգեստանի, Նորագյուղի, Խաչենի, Խնձրիստանի, Ավետարանոցի, Շոշի, Պատարայի, Նախիջևանիկի, Խնապատի համայնքներում: Շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը ողջունեց ներկաներին՝ շեշտելով, որ այսօրվա ճանաչողական հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի առկա խնդիրներն ու անելիքները: -Հարգելի հայրենակիցներ, այսօր կանգնել ենք համատարած խնդրի առջև, և ակնառու է, որ այս ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում: Բոլորս միասին, համատեղ ուժերով պետք է վերականգնենք սպորտի բնագավառի աշխատանքները: Մենք իրականացնելու ենք բոլոր ընթացիկ գործողությունները և, պանդեմիան հաղթահարելուց հետո, անցնելու ենք բնականոն աշխատանքի: Ձեզանից պահանջվում է կարճ ժամկետում կազմել ու ներկայացնել տեղեկանք՝ խմբակների գործունեության, մարզիչների կարգավիճակի, երեխաների թվաքանակի՝ ըստ խմբակների, մարզային գույքի վերաբերյալ, ինչպես նաև այնտեղ պետք է ներգրավվեն խնդիրներն ու բացերը, հեռանկարները, որպեսզի փորձենք 2021 թվականի բյուջեի մեջ նախատեսել բոլոր ծախսերը: Կխնդրեի պարզ ու մանրամասն ներկայացնել այն: Միաժամանակ ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ ոչ մի պաշտոն չպետք է ձևական բնույթ կրի, կամ որևէ մեկի համար ընդամենը եկամուտի աղբյուր հանդիսանա: Ով կկարողանա իր պարտականությունները հավուր պատշաճի կատարել ու մտածել մեր սերունդը դաստիարակելու մասին՝ թող շարունակի աշխատել, իսկ այն անձիք, ովքեր հակված են ձևական լինելուն՝ անելիք չունեն այդտեղ: Շրջանում սպորտի բնագավառը գտնվելու է վերահսկողության տակ, ամեն ինչ արվելու է, որպեսզի սպորտը զարգանա, արդյունքը լինի ակնհայտ, իսկ մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած հարցում: Ունենք բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ, որոնց հետ պետք է աշխատել, նրանց նախապատրաստել մրցույթների ու հաղթանակների: Ցավոք, այսօր ոչ բոլոր համայնքներում են զգացվում վերոնշյալ խմբակների գործունեության արդյունքները: Անշուշտ, դա խոսում է այն մասին, որ անելիքները շատ են, ձեր պատասխանատվության զգացումն այն մակարդակին չէ, ինչ պետք է իրականում: Ակնկալում եմ ձեր պատրաստակամությունը, փոխըմբռնումը և հավաստիացնում՝ ոչ մի մարզիչ ու մարզիկ ուշադրությունից դուրս չեն մնա: Կխրախուսվեն լավագույնները, կպահպանվի անաչառության սկզբունքը: Ապա հանդես եկավ ՄՊՄԴ տնօրեն Արվիդ Ավանեսյանը և հակիրճ տեղեկատվություն հաղորդեց մարզադպրոցում իրականացվող աշխատանքների և խնդիրների մասին: Նրա խոսքով խմբակների պարապմունքներն անցկացվում են դպրոցների մարզադահլիճներում՝ իհարկե կրթության բաժնի հետ նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Նա կանգ առավ մարզիչների վերապատրաստման կարևորության, մարզային գույքի բացակայության վրա: Մարզիչները խոսեցին առկա խնդիրների մասին: Նրանք հարց բարձրացրեցին շրջանում տարբեր մարզաձևերից հավաքական թիմ կազմավորելու մասին, առաջարկեցին առողջ մրցակցության մթնոլորտում վեր հանել լավագույն մարզիկներին և խրախուսել նրանց: Շրջվարչակազմի ղեկավարը պատասխանեց հարցերին, լսեց բոլոր առաջարկությունները ՝ շեշտելով, որ դրանք անպայման կստանան համապատասխան ընթացքավորումներ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|