ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԵՏ
11.09.2020 17:45

Սեպտեմբերի 11-ին ԱՀ ԱՊՍՄ(Արցախի պահեստազորի սպաների միություն) հասարակական կազմակերպության վարչության անդամները վարչության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ հանդիպեցին Ասկերանի շրջանի պահեստազորի և հաշմանդամության կարգով զորացրված սպաների հետ:

Ներկաները ծաղկեպսակ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Ապա շրջվարչակազմի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում, որին ներկա էր նաև

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը:

Ողջունելով ներկաներին՝ Կարմեն Ասլանյանը շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի ղեկավարին ընդունելության և համագործակցության համար: Նա նշեց, որ բոլորովին վերջերս կյանքի է կոչվել պահեստազորի սպաների միության գաղափարը և ստեղծվել է հասարակական կազմակերպություն և շեշտեց, որ կազմակերպության գլխավոր նպատակն է աջակցել հայրենի երկրամասի զորացմանը, անհրաժեշտության դեպքում մասնակցել Հայոց պետականության պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը, նպաստել հասարակության մեջ Հայոց բանակի, սպաների հարգանքի և արժանիքների գիտակցության նոր մակարդակի ձևավորմանն ու պահպանմանը:

Վարչության նախագահը նշեց, որ այսօրվա պահեստազորի սպան չպետք է անտեսված լինի: Երկրի Նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պահեստազորի սպաները կկարողանան օգտվել բիզնես-ծրագրերից, նրանք կապահովվեն համապատասխան աշխատանքով, կստանան անվճար բուժօգնություն:

Ողջունելի է, որ ԱրՊՀ-ում կունենանք ռազմական ամբիոն, որտեղ կդասավանդեն մեր սպաները: Մենք պարտավոր ենք մեր մասնագիտական փորձը, ունակությունները փոխանցել մեր սերունդներին՝ հստակ գիտակցելով, որ նրանք մեր արժանի հետնորդներն են:

Կարմեն Ասլանյանն անդրադարձավ նաև պահեստազորի սպաների բնակարաններով ապահովվելու, նրանց սոցիալական հարցերը լուծելու խնդիրներին և հույս հայտնեց, որ շրջվարչակազմի ղեկավարի հետ համագործակցելով՝ շրջանում կլուծվեն այդ հարցերը:

<<Վստահ եմ, որ համատեղ ուժերով, միևնույն գաղափարով տոգորված կկարողանանք հասնել նպատակների իրականացմանը, կարող ենք լուծել բազմաբնույթ խնդիրներ, կշարունակենք օգտակար լինել մեր երկրի բարգավաճմանը: Եվ, որ ամենակարևորն է՝ կունենանք հարգված և գնահատված պահեստազորի սպա, ով օրինակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար>>,- ասաց վարչության նախագահը:

Ապա վարչության անդամները շրջանի թոշակառու սպաների հետ քննարկեցին վերջիններիս մտահոգող հարցերը և խոսեցին ապագա անելիքների մասին:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը գնահատելով պահեստազորի սպաների կատարածը՝ շեշտեց.

-Դուք ինչ արել եք մեր երկրի պետականաշինության համար, հայտնի է բոլորիս և գնահատված է յուրաքանչյուրիս կողմից: Անձամբ ողջունում եմ հասարակական կազմակերպության հիմնադրումը և մաղթում բեղմնավոր աշխատանք:

Գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուրիդ առաջ և որպես շրջանի պատասխանատու՝ վստահեցնում, որ ամեն մի հարցում կստանաք շրջվարչակազմի աջակցությունը:

Կարինե Բախշիյան



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter