ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՅԴ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ |
15.09.2020 16:56 |
Սեպտեմբերի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Վահագն Դադայանի և Ասկերանի շրջանի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների հետ: Վահագն Դադայանը ողջունելով շրջվարչակազմի ղեկավարին՝ նշեց, որ ավանդույթի համաձայն ՀՅԴ ԿԿ-ն հանդիպումներ է ունենում շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Ասկերանի կոմիտեն՝ որպես շրջանում գործող կառույց անմասն չի մնում շրջանում իրականացվող բարեգործական ու բարեսիրական ծրագրերից: Անկախ քաղաքական կեցվածքից՝ ՀՅԴ Արցախի կազմակերպության նպատակը երկրի անվտանգության պահպանումն է: Եվ անկախ նրանից դաշնակցությունն իշխանության մաս է կազմում, թե ոչ՝ նա ժողովրդի կողքին է և կօգտագործի ամեն մի լծակ, որպեսզի համայն հայության ուշադրությունը սևեռված լինի Արցախի վրա: Շրջվարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնելով ճանաչողական այցելության համար՝ շեշտեց, որ դեռևս մանկուց իր մեջ արմատավորված է եղել, որ դաշնակցությունն այն կուսակցությունն է, որի համար միշտ էլ առաջնահերթը եղել ու մնում է ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: -Այսօր, կարծում եմ՝ մեր բոլորիս նպատակը պետք է մեկը լինի և դա պետականաշինությունն է: Հավաստիացնում եմ՝ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կառույցների, անձանց հետ, ովքեր պատրաստ են աջակցել շրջանի զարգացման և ժողովրդի բարեկեցության համար: Մենք բոլորս պատրաստ ենք կանգնել ժողովրդի կողքին և օգնել նրան սոցիալական աստիճանի բարձրացմամբ՝ անելով հնարավորն ու անհնարինը: Միշտ էլ մեր ժողովուրդը կարողացել է համախմբվել՝ առանձնապես մեր պատմության նեղ օրերին, իսկ, եթե կարողանանք համախմբվել նաև խաղաղ պայմաններում, ապա անհաղթահարելի խնդիր չենք ունենա: Ասեմ՝ համոզված եմ, որ այդպես էլ կլինի,-ասաց Աշոտ Դադայանը: Ալյոշա Գաբրիելյանը կարևորելով հանդիպման նպատակը՝ շնորհավորեց նորանշանակ ղեկավարին և մաղթեց բարեհաջող գործունեություն: Միաժամանակ, նա խնդրեց պահպանել շրջանում իրականացվող բարի ավանդույթները, ընդունել մեծերի խոսքն ու փորձը, առաջնորդվել նրանց խորհուրդներով: Դա միասնական գործունեություն կլինի՝ ուղղված շրջանի զարգացման և երկրի պետականաշինության գործընթացին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև շրջանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|