ԹՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱՆ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ |
22.09.2020 09:35 |
Ասկերանի շրջանի Խանցք գյուղը գոյություն ունի չորրորդ դարից, ըստ ավանդության՝ գյուղի բնակիչները գաղթել են Սասունից: Հենց սկզբնական շրջանում էլ գյուղը կոչվել է Խանցք, քանի որ ասում են՝ գյուղի տարածքը նստավայր է եղել խաների համար, և անունն էլ ծագել է հենց այդ պատճառով: Գյուղի կենտրոնական մասում, որը կոչվում է <<Եղցուն հարթ>>, գտնվում է սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պատերի մեջ տեղադրված խաչքարի վրայի արձանագրության տվյալներով այն կառուցվել է 1230 թվականին: Գյուղից հարավ-արևելք 600-700 մետր հեռավորության վրա գտնվում է սուրբ Վանեսի եկեղեցին: Այն ներկայումս էլ գոյություն ունի, իսկ նրա տարածքում պահպանվում են խաչ-գերեզմանաքարեր: Գյուղից արևմուտք 300-400 մետր հեռավորության վրա եղել է Նահատակի հարթի եկեղեցին, որը հիմնահատակ ավերվել է 1939 թվականին: Գյուղը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով, հուշարձաններով, մատուռներով, հին գերեզմանատեղերով: Գյուղի բնակչությունը հոգ է տանում սրբավայրերը մաքուր և բարեկարգ պահելու համար, իսկ այնտեղ մոմ վառելն ու հայ ժողովրդի խաղաղության համար աղոթելը սուրբ պարտականություն է յուրաքանչյուր խանցքեցու համար: Խանցք գյուղից 79 երիտասարդներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, որոնցից շատերն արժանացել են կառավարական պարգևների ու մեդալների: Խանցքի երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախի ազգային-ազատագրական պայքարին: Ցավոք, երեք երիտասարդ իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի ազատագրման ու անկախացման: Ներկայումս էլ շատ երիտասարդներ ծառայում են ԱՀ ՊԲ-ի շարքերում՝ շարունակելով իրենց հայրենանվեր գործը: Խանցքը շրջապատված է արցախյան կուսական և փարթամ անտառներով, որոնք շատ հարուստ են բուսական և կենդանական աշխարհով: Անտառներում աճում են համարյա բոլոր տեսակի ծառեր ու թփեր: Հարուստ ու բազմազան է նաև կենդանական աշխարհը: Անտառներում կարելի է հանդիպել արջ, եղջերու, վայրի խոզ, նապաստակ և այլն: Ինչպես սիրում են շեշտել խանցքեցիները՝ նրանք իրենց ապրուստի միջոցներն անտառից են հայթայթում: Մայր բնությունը կերակրում է նրանց, իրենք էլ իրենց հերթին անչափ հոգատար և ուշադիր են նրա հանդեպ: Եվ պատահական չէ, որ անարատ բնության մեջ ապրող և արարող Խանցքի ժողովուրդը բարի, աշխատասեր և հայրենասեր ժողովուրդ է: Էլ չենք խոսում նրանց ղարաբաղյան հյուրասիրության մասին, ինչով սիրում են հաճախակի հպարտանալ: Խանցքեցին սիրում է հողի հետ կռիվ տալով ապրել ու բարիքներ ստեղծել: Եվ ինչպիսի՜ պարծանքով է այն ներկայացնում հյուրերին. ամեն ինչ անաղարտ է և բնական… Մտնելով գյուղ՝ անմիջապես աչք է շոյում Խանցքի համայնքային կենտրոնի նոր, հարմարավետ ու հոյակերտ շենքը: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համատեղ միջոցներով: Համայնքային կենտրոնը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ: Շենքը նաև կահավորված է, ունի ջեռուցման և օդափոխության համակարգ: Վերջերս հաճելի առիթ ունեցանք լինելու Խանցքի համայնքում և, ինչպես միշտ, ականատեսը եղանք աշխատասեր, բարի, աշխույժ և անկեղծ խանցքեցիների միաբանությանը: Շինարարական աշխատանքների եռուն շրջան էր ընթանում գյուղում: Մեծ ու փոքր հիացած և հպարտ էին, որ շուտով իրենց փոքրիկ ու գողտրիկ այս համայնքն իր բարեկարգ տեսքով չի զիջի շրջանի մի շարք համայնքների: Այս փոքրիկ համայնքում յուրաքանչյուր ոք իրեն տեր է համարում իր հողին ու անմահական ջրին…Այստեղ յուրաքանչյուրը երջանիկ է իր անցյալով ու ներկայով, իսկ ապագայի մասին լավատեսությունն ակնհայտ է բոլորի մոտ: Խանցքի համայնքում կա 61 տնային տնտեսություն, բնակչության թիվը կազմում է 225 մարդ: Կառլեն Պողոսյանի անվան հիմնական դպրոցում սովորում են 19 աշակերտ: Համայնքն այսօր ղեկավարում է մի երիտասարդ, ով մինչ այդ պաշտոնին անցնելը ևս ապրում էր համայնքի հոգսերով և այն ավելի ծաղկուն տեսնելու ցանկություններով: Առնոլդ Աբրահամյանը 2019 թվականի սեպտեմբերին ընտրվելով համայնքի ղեկավար՝ իր մեջ երդվել է անել ամեն մի հնարավորը, որպեսզի համայնքը, ինչպես ինքն է ասում, դառնա քաղաքատիպ՝ իր բարեկարգ փողոցներով, վերանորոգված տներով, բարեկեցիկ ապրող հասարակությամբ: Մեր անկեղծ զրույցի ընթացքում համայնքի ղեկավարն այնքա՜ն ջերմությամբ էր խոսում հարազատ համայնքի մասին, նրա գաղափարներն ու ցանկություններն այնքա՜ն պայծառ էին… Խանցքում կատարված աշխատանքները քիչ չեն, սակայն անելիքները ևս շատ են: Համայնքի ղեկավարի խոսքով վերանորոգվել է հասարակական պահեստի շենքը, եկեղեցու տանիքը: Բարեկարգվել են գերեզմանատան ճանապարհը, <<Ջուխտակ խաչ>> սրբավայրի տարածքը, վերանորոգվել է 9 բնակելի տան տանիք: Համարյա ավարտվել են գազաֆիկացման աշխատանքները: <<Պետք է շեշտեմ, որ մեր համայնքն այն երջանիկ համայնքներից է, որ բարերար ունի: Երևի, քաջատեղյակ եք, թե ինչպիսի բարեգործություններ են իրականացվել մեր գյուղում բարերար, մեծատառով Մարդ Գրիգորի Գաբրիելյանցի կողմից: Այն, ինչ արել է նա մեր փոքրիկ համայնքի համար, գնահատվում է յուրաքանչյուրիս կողմից և կփոխանցվի սերունդներին: Հերթական բարեգործությունը նրա կողմից իրականացվեց բոլորովին վերջերս և համայնքի միջոցներով գյուղում կառուցված խաղահրապարակի ողջ գույքը տրամադրվեց բարերարի կողմից: Այսօր Խանցքում սկսված են գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները և այն շուտով ավարտին կհասցնենք: Նշեմ, որ բոլոր շինարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունենում գյուղի բնակչությունը: Կազմակերպում ենք նաև շաբաթօրյակներ, կատարում մաքրման աշխատանքներ գյուղի հիշարժան վայրերում: Արդեն սկսել ենք ջրի հաշվիչների տեղադրման աշխատանքները, ինչպես նաև սպասվում են խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի նոր խողովակների տեղադրման աշխատանքները>>,-ասաց համայնքի ղեկավարը: Մեր զրույցի ընթացքում Առնոլդ Աբրահամյանը խոսեց նաև նախատեսվող ծրագրերի մասին: Նա մտահոգված էր, որ Արցախյան պատերազմում զոհված խանցքեցի երիտասարդների հիշատակը հավերժացնող հուշարձան չկա գյուղում, և այդ գործի իրականացումն իր համար առաջնահերթ համարեց: Համայնքի ղեկավարը նախատեսում է մոտ ապագայում գյուղի ներքևի մասում կանգառ կառուցել ու վերանորոգել բուժկետի շենքը: Հիրավի, Խանցքի համայնքի երիտասարդ ղեկավարն ակնհայտ վճռականությամբ է լցված: Այսօր նա իր խնդիրն է համարում գյուղի զարգացման գործում լինել պատրաստակամ, ողջամիտ և իր կյանքը չի պատկերացնում հարազատ գյուղից դուրս: <<Մտադիր եմ միշտ ապրել ու արարել այստեղ, անգամ, եթե իմ առջև բազում հնարավորություններ բացվեն գյուղից դուրս աշխատելու, ես կնախընտրեմ իմ համայնքում մնալ: Գտնում եմ, որ այստեղ իմ անելիքները շատ են, իսկ ստանձնած պատասխանատվություն՝ մեծ: Ես ինձ իմ ժողովրդով ու համայնքով եմ ուժեղ զգում>>,-մեր զրույցի վերջում ասաց Առնոլդ Աբրահամյանը: Դե ինչ, հաջողություններ մաղթենք Խանցքի համայնքին, և թող իրականություն դառնան բոլոր այն ծրագրերը, որ ունի համայնքի ղեկավարը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |