ՀՐԱՇՔ, ՈՐԸ ԿԿՈՉՎԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՏՈՒՆ
02.12.2020 12:52

Պատերազմն իր կործանարար ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուրիս վրա: Հազարավոր հայորդիներ զոհվեցին, հազարավոր ճակատագրեր խեղվեցին, մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, և ասես այս ամենը մի մղձավանջային երազ լինի՝ անողոք, սրտակեղեք…

Պատերազմական գործողությունների հետևանքով մեր ժողովրդի մասը կորցրել է ամեն ինչ՝ դարերով սերնդեսերունդ փոխանցված հայրենի օջախներ, կյանք տվող հարազատ հող և ջուր, պարզապես ամեն ինչ…

Մտածելն անգամ սարսափելի է՝ միանգամից կորցնել ամեն ինչ ու դիմանալ այդ ամենին: Հիրավի, միայն կորցնողը կիմանա, թե ինչ է կորցրել և ինչ անորոշություն է սպասվում իրեն:

Այսօր Ասկերանի շրջանի ութ համայնքներ անցել են թշնամու վերահսկողության տակ, բնակչությունը տեղահանվել և սփռվել է Արցախի և ՀՀ-ի տարբեր բնակավայրերում:

Այո՛, մենք կրկին բզկտվել ենք, խոցվել, ոտնահարվել, սակայն մենք կանգուն ենք և կհաղթահարենք այս արհավիրքը ևս:

Մեր ութ համայնքների անտուն մնացած բնակչության առջև անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը: Այսօր մեզ հարկավոր է համախմբում և մեկս մյուսին անմնացորդ նվիրում ավելի, քան երբեևէ: Մեր տեղահանված ժողովուրդն զգում է հոգատարության, ուշադրության և աջակցության կարիք և համոզված ենք՝ մեր կառավարության, շրջվարչակազմի ղեկավարության և, ինչու չէ, յուրաքանչյուրիս քայլերը միտված են լինելու նրանց ժամանակավոր բնակության պայմաններով ապահովելու և բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերելու գործին:

Թեև չափազանց ծանր էր զրուցել տեղահանված համայնքի որևէ բնակչի հետ, սակայն մենք փորձեցինք խոսել Ակնաղբյուրի համայնքի երիտասարդ ղեկավար Հայկ Ավանեսյանի հետ, ով ժամանակավոր բնակություն է հաստատել Ստեփանակերտում:

<<Կորցրել եմ ամեն ինչ, սակայն մտադրություն չունեմ Արցախից դուրս գալ: Իմ պարտքն է միշտ լինել համագյուղացիներիս կողքին, համախմբել նրանց և սատար կանգնել: Քաղաքացիական կորուստներ չենք ունեցել, ժամանակին կազմակերպել ենք բնակչության տարհանումը: Սակայն, ցավոք, մեր գյուղը 4 զոհ տվեց: Հավերժ փառք ու պատիվ նրանց>>,-ասում է Հայկ Ավանեսյանը:

Մեր ժողովրդին վրա հասած այս ծանր և քաոսային օրերին Հայկ Ավանեսյանն իր աշխատանքներն իրականացնում է ամենայն սրտացավությամբ: Նա գրանցում է համայնքի բնակիչներին ու նրանց բնակության ժամանակավոր վայրը: Այսօրվա դրությամբ Արցախում գտնվողներն ապահովված են ժամանակավոր կացարաններով, կամ գտնվում են բարեկամների տներում: Շրջվարչակազմի կողմից տարվում են հնարավոր բոլոր շինարարական աշխատանքները, որպեսզի տեղահանված ընտանիքների համար շրջանի գյուղերում նախապատրաստվեն կացարաններ, ինչից հետո ՀՀ-ում գնտվող ակնաղբյուրցիները ևս կկարողանան վերադառնալ:

Կարևորը բնակիչների առօրյա հոգսերն են, որոնք ևս լուծվում են մարդասիրական հումանիտար օգնությունների միջոցով:

Հայկ Ավանեսյանը շրջվարչակազմի կողմից ստանալով բոլոր օգնությունները՝ ժամանակին հասցնում է համագյուղացիներին:

<<Հավատը զորեղ ուժ է, պետք է ապրել հավատով ու պայքարել ապրելու համար: Ինչպես դարեր շարունակ արել են մեր ապուպապերը, այնպես էլ կանենք մենք: Կպայքարենք, կաշխատենք, կրկին կստեղծենք: Գուցե մի գեղեցիկ օր մենք կկարողանանք վերադառնալ մեր հարազատ օջախները>>,- հույս է հայտնում  համայնքի ղեկավարը:

Ակնաղբյուրի բնակչուհի 6 երեխաների մայր Նադյա Պողոսյանը երբեք չէր պատկերացնում, որ մի օր կարող է թողնել հարազատ գյուղը: Նրա մտքով չէր անցնում, որ թշնամին կհասնի իրենց ենթաշրջանի գյուղերը և այսօր կկարողանա տիրանալ դրանց:

Երբ գյուղի վերևում սկսվեցին անհավասար և անողոք մարտերը, այն ժամանակ Նադյա Պողոսյանն իր ամուսնու հետ դուրս եկավ գյուղից: Նա մտածում էր, որ շուտով կավարտվի ամեն ինչ և իր զավակներով կվերադառնա հայրենի գյուղ: Սակայն իրականությունն այսօր այլ է, և ակնաղբյուրցիներն հազարավոր իրենց բախտակիցների հետ մնացել են անօթևան:

<< Հույսս երբեք չեմ կորցնի: Թող մեր տները կիսավեր, դատարկ լինեն, սակայն մերը լինեն: Այս պահին ես կամենում եմ իմ համագյուղացիներին կոչ անել լինել համբերատար, հանդուրժող իրար հանդեպ: Համախմբվենք մեր համայնքի ղեկավարի շուրջը, ով այսօր անում է ամեն ինչ, որպեսզի լուծվեն մեր առաջնահերթ խնդիրները >>,-ավելացնում է Նադյա Պողոսյանը:

Հիրավի, բառերն անզոր են փարատելու հարազատ բնակավայրերից տեղահանված մեր ժողովրդի անպատմելի ցավը: Հուսանք, որ Աստծո օգնությամբ նրանք ուժ կստանան և կդիմանան ճակատագրի այս դառը խաղին՝ սպասելով մի հրաշքի, որը կկոչվի վերադարձ դեպի տուն…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter