ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԻ ԾՎԱՏՎԱԾ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
03.12.2020 16:59

Մի ընտանիք, մի օջախ էինք դարձել, քանզի մեկն էր նպատակը՝ հաղթանակով դուրս գալ այս օրհասական պահից և ողջ ու առողջ դիմավորել պատերազմում մարտնչող մեր որդիներին, եղբայրներին ու հայրերին:

44 օր անընդմեջ մենք աղոթքի խոսքեր էինք հղում առ Աստված, հավատում Աստծո զորությանը…

Պատերազմի օրերին Ասկերան քաղաքի ապաստարաններում օթևան գտած ի՛մ հայրենակիցներ, մենք՝ Աստծո կամոք ողջ մնացինք ու վերադարձանք մեր տները: Մեր ապրումները, հարազատին կորցնելու ահավոր մեր վախն ու սարսափը մնացին սրտակեղեք անցյալում, մեր ներկան դեռևս մորմոքված է, յուրաքանչյուրիս դեմքին միայն անորոշ հարցեր են դաջված, սակայն ապագային կսպասենք հույսով ու հավատով…

Այդ 44 օրերին մեզանից յուրաքանչյուրի մեջ շատ բան փոխվեց, կյանքին սկսեցինք այլ աչքերով նայել և ամենակարևորը՝ հասկացանք, որ բոլորս հավասար ենք Աստծո առաջ: Թշնամու անօդաչու թռչող սարքերից ու անողոք հրետանուց պաշտպանված չէր ոչ ոք:  Պաշտոնյա և անպաշտոն, հարուստ և աղքատ իրենց վերապահված ճակատագիրն ունեին…

Ասկերանի ապաստարաններից մեկում, որտեղ հանգրվանել էին շուրջ 50 մարդ, ասես համերաշխության և միասնական լինելու անխոս երդում լինեին տված:

Ակնհայտ էր, որ շրջվարչակազմի ղեկավարության, ԱՀ ԱԱԾ շրջանային բաժնի աշխատողների և Ասկերանի քաղաքապետի պարբերաբար իրականացվող այցելություններն ավելի էին հավատ ներշնչում մարդկանց, անհրաժեշտ բարոյահոգեբանական օգնություն տալիս, իսկ ԱԱԾ շրջանային բաժնի աշխատողները միաժամանակ տարբեր հարցերում օգնում էին ապաստարանի մարդկանց: Հիրավի, լավը մոռանալ չես կարող…

Մարդկային ճակատագրերն այստեղ միահյուսվել էին իրար, բոլորն անկնկալում էին մի ճակատագիր՝ հաղթել ու ապրել…

Իրարից ծածուկ մեր մայրերն ու քույրերն առանձնանում էին իրենց հատկացված սենյակներում, լաց լինում, Բարձրյալից խաղաղություն աղերսում, ապա՝աչքերը չորացնելով դուրս գալիս միջանցք:

Այո՛, սարսափելի օրեր էին, անասելի ցավ կար յուրաքանչյուրիս հոգում, խամրած էին բոլորիս աչքերը…

Պոլինա մայրիկը, ում թոռնիկները առաջնագծում էին, մեկն էլ՝ Հադրութի սահմաններում էր մարտնչում, ում տեսնում՝ վախեցած և ցածր ձայնով հարցնում էր.- <<Ինչ նորություն կա, ինչ են ասում, ինչ են գրում>>:

Մենք ոչինչ չգիտեինք, առանձնապես վատ լուրեր էինք ստանում Հադրութից, սակայն ուժ էինք գտնում մեր մեջ, փարատում վշտահար տատիկին՝ ասելով, որ ամեն ինչ լավ է ընթանում: Բարեբախտաբար, նրա թոռնիկը Հադրութում ծառայող այն եզակիներից էր, որ ողջ ու առողջ վերադարձավ: Փա՜ռք Ամենատիրոջը…

Իսկ տիկին Գոհարը՝ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի այրին այնքա՜ն ուժեղ էր, այնքա՜ն լավատես: Նրա ավագ որդին՝ հրետանավոր Նորայրը հայրենիքի պաշտպանության անմռունչ գերին էր դարձել: Ինչեր ասես, որ չէր անում դիրքերում, մարտընկերները հպարտությամբ պատմում էին, թե ինչպես էր Նորայրն անվրեպ խոցում թշնամուն:

Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Արտավազդ Հակոբյանի մայրը՝ Ռայա մայրիկն իր դստեր հետ սրբերի նկարներով էին պատել ապաստարանի պատերը: Նրանք հավատում էին Աստծո զորությանը, աղերսում էին մեր տղաների ողջ վերդառնալու համար:

Իսկ առավել երիտասարդ մա՜յրերը…Հիրավի, նրանց ապրումներն անհնար է նկարագրել: Կարոտից ու վախից մորմոքվող մայրերն ի՞նչ կուզեին. <<Ա՜խ, գեթ մի վայրկյանով տղաները գային ու հետո էլի ռազմի դաշտ մեկնեին>>…

Հիրավի, բոլոր մեր կանայք, ովքեր անտեսելով պատերազմը, մնացել էին Ասկերանում, արժանի են երախտագիտության: Նրանցից յուրաքանչյուրը կատարել է իրենից կախվածը՝ առաջնագծում գտնվող զինվորին թիկունք կանգնելու համար:

…Եվ այսպես 44 երկար ու տանջալից օրեր, սակայն, թող տարօրինակ չթվա, եթե երանի տանք սպասումներով լի այդ օրերին: Գոնե այդ ժամանակ չէինք պատկերացնում, թե ինչ է սպասում մեզ: Չգիտեինք, որ մի օր հազարավոր զոհեր ու կորսված հայրենիք կունենանք: Չգիտեինք, որ հազարավոր անօթևան մարդկանց աչքերին ենք նայելու և մեր անելիքը չիմացող մարդու պես խոնարհելու էինք մեր աչքերը՝ ամաչելով, որ մենք ունենք ամեն ինչ, իսկ նրանք՝ ոչինչ:

Մենք՝ ողջ մնացածներս, ինչպես ենք նայելու նահատակված տղաների մայրերին, կանանց ու երեխաներին: Ինչպես ենք այսուհետ շնչելու այս օդը, որին կարոտ մնացին հազարավորները…

Եվ այսօր, երբ լռել են թնդանոթները և մեր չքնաղ Հայրենիքից մնացել է ընդամենը մի մասնիկ, եկեք միասնական ու սրտացավ լինենք:

Թող Աստված զորավիգ լինի ծվատված մեր ժողովրդին:

Փառք ու պատիվ անմնացորդ նվիրումով կռվող մեր տղաներին, փառք ու պատիվ զոհված անմեղ հայորդիներին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter