ՕԳՆԵՆՔ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ |
03.12.2020 17:11 |
Այսօր Ասկերան քաղաքում կյանքն սկսվել է ընթանալ իր բնականոն հունով: Բնակչության մեծ մասը վերադարձել է, գործում են գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ենթակառուցվածքները, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցն ու ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզը: Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն իր պարտականություններին զուգահեռ, իրականացնում է նաև շրջանի տեղահանված համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու գործընթացը: Ասկերան քաղաք են գալիս նաև Արցախի այլ բնակավայրերից տեղահանված քաղաքացիներ: <<Այսօր մեր գերխնդիրն է տեղահանված բնակիչներին ժամանակավոր կացարաններ տրամադրել, միաժամանակ ապահովել անհրաժեշտ պարագաներով: Ներկա դրությամբ կացարաններ ենք հատկացրել 33 ընտանիքների, որոնք Ասկերան են եկել տարբեր շրջաններից: Նրանց տրամադրվող բնակելի տները կարգի են բերվում, իրականացվում շինարարական աշխատանքներ: Նշեմ, որ քաղաքապետարանում կազմակերպում և արդարության սկզբունքով հումանիտար օգնություն ենք բաժանում տեղահանված բնակչությանը: Նրանց տրամադրվում են տաք ծածկոցներ, գազի տարաներ, հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ինչպես նաև հագուստ, որը բարեգործական հիմունքներով մեզ է տրամադրում տեղի բնակչությունը: Ասեմ, որ վաղօրոք ցուցակագրում ենք քաղաքացիներին և նրանք ստորագրությամբ հաստատում են, որ ստացել են իրենց հասանելիքը: Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ Ն.Ստեփանյանի 10 դ1 և 10դ2 շենքերի առաջին և մասարդային հարկերը ձևափոխվել են բնակելի տարածքների և մոտ ապագայում կտրամադրվեն շրջանի տեղահանված համայնքների բազմազավակ 8 ընտանիքների>>,-իր խոսքում նշեց Հայկ Շամիրյանը: Քաղաքապետն անդրադառնալով քաղաքում իրականացվող մյուս աշխատանքներին՝ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակազմն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում քաղաքի հասարակական օբյեկտների, գործող ենթակառուցվածքների գործունեությունը: Հայկ Շամիրյանը կոչ արեց ասկերանցիներին այս ծանր օրերին լինել համախմբված, տեղահանված բնակչության հանդեպ դրսևորել հարգալից ու գթասիրտ վերաբերմունք: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն ասկերանցիներին և համայնքի ավագանու անդամներին, ովքեր կազմակերպչական հարցերում օժանդակել են քաղաքապետարանին Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |