ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ |
04.12.2020 15:50 |
Դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների հումանիտար կենտրոնի սպաները հանդիպեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և բարձր դասարանների աշակերտների հետ: Խաղաղապահների հումանիտար կենտրոնի ղեկավարը ողջունեց ներկաներին. -Հարգելի ուոսուցիչներ և աշակերտներ, շնորհավորում ենք դպրոցում դասապրոցեսը վերսկսվելու կապակցությամբ: Կարծում ենք`այս բաց թողված երկու ամիսները ձեր մոտ ուսման հանդեպ սերն ավելի կմեծացնեն: Հույս ունենք, որ կանեք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ կրթություն ստանաք և հետագայում խաղաղ աշխատանքային գործունեություն ծավալեք Արցախում: Այսօր մենք ցանկանում ենք ձեր հետ անցկացնել մի փոքրիկ դասընթաց <<Խաղաղապահի դասը>> թեմայով: Կծանոթացնենք, թե ով է իրականում ռուս խաղաղապահը, որն է նրա առաքելությունը, ինչպես նաև տեղեկություններ կհաղորդենք ականազերծման կենտրոնի կողմից կատարվող աշխատանքների մասին: Այնուհետև սպաները հակիրճ անդրադարձան ռուս խաղաղապահի կողմից իրականացվող խնդիրներին ու անելիքներին, ինչպես նաև բացատրեցին, թե ինչպիսի մեծ վտանգ են իրենցից ներկայացնում պատերազմական գործողությունների հետևանքով չպայթած ականները, արկերն ու հրթիռները: Մասնագետ-սակրավորները աշակերտներին հորդորեցին ձեռք չտալ հայտնաբերված անծանոթ զինատեսակներին, այլ դիմել համապատասխան մարմիններին: Ռուս խաղաղապահները խաղաղ երկինք և ուսման մեջ հաջողություններ մաղթեցին աշակերտներին: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց խաղաղապահներին Արցախում խաղաղության երաշխավորը հանդիսանալու համար: <<Երևի, դուք ինքներդ էլ համոզվեցիք, որ մենք շատ ենք սիրում մեր երկիրը, մեր հարազատ հողը և ուզում ենք այստեղ ապրել ու արարել: Իհարկե, կյանքն առաջվա նման չի լինի, սակայն հուսով ենք, որ այսուհետ ինչ որ բան կփոխվի դեպի լավը: Ձեր օգնությամբ թող մեր երկրամասում միշտ խաղաղություն լինի>>.-նշեց ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհին: Այնուհետև ռոս խաղաղապահները հումանիտար օգնություն ցուցաբերեցին շրջանի տեղահանված համայնքներից Ասկերանի միջնակարգ դպրոցում ուսումը շարունակող շուրջ 20 երեխաների: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |