ԵՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԱՎԵՏԱՐԱՆՈՑՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ |
04.12.2020 16:05 |
Փոքրիկ Մանեն իր մայրիկի հետ եկավ <<Բերդ>> թերթի խմբագրություն և իր անմեղ աչքերն ուղղելով մեզ` ասաց, որ ուզում է համայն աշխարհն իմանա իր գյուղի, դպրոցի ու իր սիրելի դասարանցիների ճակատագրի մասին: Կարմրաթշիկ աղջնակը հազիվ էր զսպում իր հույզերը և մի փոքրիկ թղթի կտոր թողնելով սեղանին` արագ դուրս վազեց: Մանե Հայրապետյանը սովորում էր Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: Նրանց դասարանում սովորում էր 16 աշակերտ, դասղեկը Նարինե Պետրոսյանն էր… …Սեպտեմբերի 27-ին ուժգին կրակոցներից մենք արթնացանք: Լույսը նոր էր բացվել, լսեցինք, որ թշնամին սկսել է հրետակոծել Ստեփանակերտ քաղաքը, Հադրութի, Մարտունու շրջանները: Կրակոցների ձայներն այնքան մոտ էին, որ ես վախից ականջներս փակել էի: Քիչ հետո մեծերից լսեցի`Արցախում պատերազմ էր սկսվել… Բնակչությունն ստիպված տարհանվեց և ժամանակավոր բնակություն հաստատեց Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում: Մեզ սպասվում էին տանջալից, դժվար և արյունոտ օրեր: Հազարավոր մարդիկ զոհվեցին, ընտանիքներ քանդվեցին, որդեկորույս մայրերը բազմապատկվեցին, մեր տղաներն անհայտ ուղղությամբ գերեվարվեցին: Նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց: Այս անգամ մենք չհաղթեցինք: Արցախը կորցրեց իր տարածքի մի մասը, սակայն հայ զինվորը և հայ ժողովուրդը չպարտվեց, այլ… Ես կորցրեցի իմ հայրենի Ավետարանոցը: Այլևս ես գյուղ չունեմ, հայրենի տուն և դպրոց չունեմ: Ես էլ չեմ կարող իմ դասընկերների հետ ուրախ և անհոգ խաղալ դպրոցի մեր բակում: Մեր տան երդիկից էլ ծուխ չի ելնելու, իմ հայրն ու մայրն առաջվա պես էլ չեն ժպտալու և մտածելու, թե ինչպես զարգացնեն մեր տնեսությունը, որպեսզի հոգան իմ և քույրերիս հոգսերը: Մայրս առաջվա պես համեղ գաթաներ ու անուշաբույր հաց չի թխելու մեր թոնրում, որը հայրս է կառուցել: Մոռանալ այս ամենը, մենք չենք կարող: Դրա համար երկար-երկար ժամանակ է պետք: Այսօր մեր ընտանիքն օթևան է գտել Ասկերան քաղաքում, որտեղ մեզ լավ են ընդունել, անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն ես իմ Ավետարանոցն է ուզում, ես իմ պապերի հողն եմ ուզում: Մանե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ավետարանոցի Ի.Աթայանի անվան միջն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի |