ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ |
08.12.2020 17:27 |
Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի մոտ կայացած հերթական խորհրդակցությունը վերաբերում էր շրջանում իրականացվող տարբեր աշխատանքներին: Հետպատերազմյան օրերին ամենակարևոր հարցը եղել և մնում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված համայնքների բնակչությանը ժամանակավոր կացարանն երով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելն է: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանն անդրադարձավ շրջանում իրականացվող շինարարական աշխատանքներին: Տեղահանված համայնքների բնակիչներին կացարաններով ապահովելու համար շրջանի 7 համայնքներում իրականացվում են բնակելի տների վերանորոգման աշխատանքներ: 4 բնակելի տներում աշխատանքներն ավարտվել են, իսկ 19-ում՝ շարունակվում են: Շիրարարական աշխատանքներն իրականացնում են 8 շինարարական ընկերություններ: Գործընթացը շարունակվում է: Ժամանակավոր կացարաններով ապահովվելու համար ներկա դրությամբ շրջվարչակազմ է դիմել տարբեր բնակավայրերից տեղահանված 578 ընտանիք: 249 ընտանիք արդեն վարձակալել է ժամանակավոր կացարաններ, ինչպես շրջանում, այնպես էլ շրջանից դուրս: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը կանգ առնելով տեղահանված բնակչությանը տրամադրվող հումանիտար օգնությունների վրա՝ նշեց, որ այն կազմակերպվում է վաղօրոք կազմված ցանկերով և տրամադրվում ըստ համայնքների: Տեղահանված բնակչությունն օգնությունն ստանում է ըստ իր ժամանակավոր բնակության վայրի: Ղեկավարի տեղակալն անդրադարձավ նաև հումանիտար օգնությունների հետ կապված մի շարք հարցերի: Արվեցին նոր առաջարկություններ՝ այդ գործընթացը ճիշտ, թափանցիկ կազմակերպելու համար: Այնուհետև խորհրդակցության անդամները քննարկեցին նաև մի շարք հարցեր, որոնք կապված էին տարբեր բնագավառների հետ: Կրթության ոլորտի պատասխանատուն նշեց, որ շրջանի 25 հանրակրթական դպրոցներ բնականոն հունով սկսել են ուսումնական դասընթացները: Անվտանգությունից և շենքային պայմաններից ելնելով՝ 5 դպրոցներ դեռևս չեն սկսել դասապրոցեսը :Լուծված են ջեռուցման հետ կապված հարցերը, իսկ առաջացած խնդիրներին տրվում են լուծումներ: Կրթության ոլորտի պատասխանատուի հավաստմամբ Շրջանում գործում են նաև 5 պետական և ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզները: Խորհրդակցության վերջում շրջվարչակազմի ղեկավարը հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին՝ շեշտելով, որ յուրաքանչյուրից ակնկալում է ողջամիտ, պատրաստակամ վերաբերմունք պարտականությունների վերաբերյալ, միաժամանակ հորդորեց պարբերաբար այցելել համայնքներ, տեղերում ծանոթանալ բնակչությանը մտահոգող խնդիրներին և հետամուտ լինել, որպեսզի ցանկացած հարցի կարճ ժամկետում և պատշաճ որակով լուծում տրվի: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |