ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ |
08.12.2020 17:40 |
Դեկտեմբերի 8-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հանդիպեց շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակվածների հիշատակը: Ողջունելով ներկաներին՝ շրջվարչակազմի ղեկավարը նշեց. -Այսօրվա մեր հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում, մենք հավաքվել ենք իրար լսելու, քննարկելու ի հայտ եկած խնդիրները, մտածելու դրանց լուծումների մասին: Չարաբաստիկ պատերազմն արեց իրենը, և մենք ունենք այն, ինչ ունենք: Պարտված պատերազմական գործողությունների արդյունքում ունենք հազարավոր զոհեր ու ծանր վիրավորներ, որոնցից շատերը հաշմանդամ են դարձել, ունենք տարածքային մեծ կորուստներ: Մենք զրկվեցինք ջրային ռեսուրսներից, գյուղատնտեսական նշանակության բերրի տարածություններից, ծաղկուն բնակավայրերից: Մենք ունենք փակված կրթօջախներ, առանց աշխատանքի մնացած լավագույն մասնագետներ: Մեր պետության առջև դրված են բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենաառաջինը տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելն ու նրանց մասին հոգ տանելն է: Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում է լինելու տեղահանված համայնքների դպրոցների ուսուցիչներին աշխատանքով բավարարելը: Անհերքելի փաստ է, որ պետության ուշադրության կենտրոնում միշտ եղել և մնում է կրթության հանդեպ առանձնահատուկ մոտեցումը: 21-րդ դարի պահանջները դա սերունդներին կրթելն ու սնելն է: Տեսնում ենք, թե ինչպես է աշխարհը սրընթաց զարգանում, դրա ականատեսը եղանք այս պատերազմում, երբ թշնամին օգտագործում էր ամենանորագույն զինտեխնիկա: Եղեռն տեսած ազգը, որ իր մեջ ուժ է գտել գոյատևել, ստեղծել պետականություն, իրավունք չունի նահանջել: Իսկ, որ պատմությունը կրկնվելու միտում ունի, անհերքելի է: Ուրեմն, մենք պետք է վերստին ուղղենք մեր կոտրված մեջքը, անենք հնարավորն ու անհնարինը, ստեղծենք, կրթենք ու սնենք մեր երեխաներին, քանզի հայը դրան է դատապարտված: Հուսանք՝ այս իրավիճակից կկարողանանք դուրս գալ և հաղթահարել հետպատերազմական այս ծանր շրջանը: Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանի ելույթը լցված էր ցասումով.-<<Այսօր հակասական շատ տրամադրություններ կան: Ասում ենք՝ եկեք մեղավորներ չփնտրենք: Ո՞նց չփնտրենք, երբ ապրիլյան պատերազմում մեր տղաներն ընդամենը 4-5 օրվա ընթացքում հնարավորություն ունեցան կանգնեցնելու թշնամուն, կամ թշնամին զինադադար խնդրեց և հետո կազմվեց հանձնաժողով, որը սկսեց քրքրել, թե ի՞նչ է եղել այդ ժամանակ, իսկ այսօր, երբ ամեն ինչ անհասկանալի է, չհարցնենք, թե ի՞նչ է պատահել, ո՞նց է պատահել: Ինչու՞ ենք լռում, վերջապես մենք ենք հայրենիք կորցրել, մեր ժողովուրդն է անարադար տեղահանվել: Մենք պատասխան ենք ուզում և այն ակնկալում լսել նրանցից, որոնք այս ողջ ընթացքում պատասխանատու են եղել ամբողջ գործողությունների համար: Հարկավոր է, որպեսզի ասվի ճշմարտությունը, և դա լինելու է մեր՝մտավորականներիս պահանջը: Բոլորս ապրում ենք հոգեբանորեն ծանր մի շրջան, որի հաղթահարումը շատ դժվար եմ տեսնում, սակայն մատաղ սերնդին կրթելը մենք շարունակելու ենք իրականացնել նույն պատասխանատվությամբ: Սարուշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերգեյ Գասպարյանը կիսելով բոլորի մտահոգությունները՝ միաժամանակ նշեց, որ այսօր հավաքվել են կրթության ոլորտի դպրոցական շրջապատը ներկայացնող կոլեկտիվների տնօրենները: Խավ, որ սրտանց կատարում է այն, ինչի համար ծնվել է և այսուհետ ևս կշարունակի իր առաքելությունը: Այնուհետև ներկաները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերի մասին, որոնց շրջվարչակազմի ղեկավարը տվեց պատասխաններ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|