ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
09.12.2020 12:57 |
Ինչպես նշում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը՝ շրջանում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները: Ներկա դրությամբ 979 հա աշնանացան է կատարվել, որից 770 հա ցանվել է ցորեն, իսկ 209 հա`գարի: Եղանակային պայմաններից ելնելով` դեռևս ոչ բոլոր համայնքներն են ավարտին հասցրել աշնանացանը: Շրջանի 31 համայնքները պայմանագրեր են կապել ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ: Համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա տրամադրվել է անհատույց սերմացու /ցորեն և գարի/, միաժամանակ հողատարածքներում առաջին հերկ կատարած անձանց հատկացվել է մեկ հա-ի հաշվով 20 լ դիզվառելիք: Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ շրջանի գյուղատնտես-մասնագետները, որոնք իր կողմից վաղօրոք ստացել են համապատասխան հանձնարարականներ, ցուցաբերում են հետևողական վերաբերմունք կատարվող աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև հավելեց, որ անձամբ է վերահսկելու իրականացվող գործընթացը: Արվիդ Ղուլյանը ավելացրեց, որ ներկա պահին աշնանացանի աշխատանքներ են սկսվել նաև Խրամորթ և Նախիջևանիկ համայնքներում: Անահիտ Դավթյան |