ՈՒՇՔԻ ԵԿԵ′Ք, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ… |
11.12.2020 16:26 |
Այնպես կուզեինք, որ այս պատերազմից հետո մարդկանց մեջ ամեն ինչ փոխվեր: Աշխարհից վերանար չարը և թագավորեր բարին: Անսիրտ ու հաշվենկատ մարդկանց մոտ հանկարծ արթնանար մարդկային խիղճը, յուրաքանչյուրն իրեն վերջապես հաշիվ տար իր ամեն մի քայլի համար և ուշքի գար այս չարաբաստիկ 44 օրերից հետո: Օրեր, որոնք երբեք չեն ջնջվի ոչ մեկիս հիշողությունից` հավետ մնալով որպես ցավով, արյունով և ամոթով լցված օրեր… Սահմանին կանգնած զինվորին միացան մեր բազում քաջորդիները, որոնց երակների մեջ հայի արյունն անմիջապես սկսեց եռռալ: Նրանք անվարան կամավորագրվեցին, զենք առան ու նետվեցին մարտի դաշտ, իսկ 18-ամյա զինվորն իրեն ավելի ուժեղ զգաց, ավելի ապահով ու հանգիստ: Մեզանից յուրաքանչյուրը գլուխ է խոնարհում հայ զինծառայողի, կամավորականի, պահեստազորայինի, աշխարհազորայինի առաջ: Երախտապարտ ենք ձեզ… Գլուխ ենք խոնարհում մեր հազարավոր զոհերի հիշատակի առաջ, իսկ անհայտ կորածներից բարի լուրեր ենք սպասում, աղոթում նրանց համար: Հիրավի, այսօր հետպատերազմական ծանր շրջան ենք ապրում`լի մորմոքով, դժվարություններով: Յուրաքանչյուրիս մեջ գլուխ է բարձրացրել անասելի մի խռովք. ե՞րբ կանցնի, չգիտենք… Ի՞նչ խոսենք զինապարտ տղամարդկանց մասին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրերից լքեցին օրհասի մեջ հայտնված ու աշխարհից օգնություն սպասող մեր սուրբ Հայրենիքը: Այդ մարդկանց ճակատին այլևս հավերժ պիտակ է դաջված: Նման մարդիկ արժանի են սոսկ մեր արհամարհանքին: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես են նրանք քայլում առանց ամոթի զգացումի ու խղճի խայթի, իսկ շատերն այնպիսի արտասահմանյան թանկարժեք զինվորական հագուստներ են կրում, որ ամոթից ինքդ ես աչքերդ խոնարհում ու մտաբերում առաջնագծում մարտնչող զինվորին` ով երազում էր գեթ մի քիչ քնելու համար: Նրա համար հոգ չէր, որ շորերը փոշոտ ու պատռված էին, կոշիկները` քրքրված, նա հաղթանակ էր տենչում…Իսկ դուք, դասալիքներդ… Հիրավի, ամուր է այն բանակը, որն ունի ամուր թիկունք: Այո′, մեր զինվորն ուներ ամուր թիկունք: Քանզի ունեինք թիկունքում գտնվող այնպիսի նվիրյալներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել և նեցուկ կանգնել մեր բանակին ու թիկունքին: Նրանք իրենց պարտականությունները կատարել են պատվով` բարձր պահելով զինվորական և հատուկ ծառայողական համազգեստը կրելու առաքելությունը: Առանձնակի հարգանքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ինժեներական աշխատանքներ իրականացնելու գործում` անկախ տարիքից ու առողջական վիճակից: Չենք մոռանում նաև հրետանու ահարկու որոտների տակ հաց թխող, բանակին և բնակչությանը սննդով ապահովող մեր նվիրյալներին: Թող ներեն մեր անձնուրաց թիկունքավորները, սակայն որոշ թիկունքավորների չանդրադառնալ չենք կարող, քանզի վիրավորանքից առաջացած ցավը խեղդում է արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր արցախցու… Այսօր, երբ բոլորս մեղավորներ ենք փնտրում մեր ամոթալի պարտության համար, պետք է համարձակություն ունենանք և բաց աչքերով նայենք իրականությանը: Մի՞թե չպետք է մեղադրենք ինքներս մեզ: Մի՞թե չգիտենք, ով ինչով էր զբաղված, մի՞թե թիկունքի աշխատանքների մեջ էր մտնում ապահով պատսպարվելը նկուղներում, էլ չեմ ասում զինվորական աչք ծակող հագուստների մասին, որ հագել ու նկուղներ էիք մտել: Դուք չէի՞ք տեսնում, որ առաջնագիծը ձեր կարիքն ուներ, առաջնագծի կամավորականը փոխարինող էր ուզում` գոնե մի քանի օրով … Դուք հպարտորեն կանգնում և նայում էիք, թե ինչպես են տարիքավոր մարդիկ առաջնագծի զինվորի համար ստացված հումանիտար օգնությունը մեքենաներից տեղափոխում պահեստ, ապա օրեր անց բարձում` հասցեատերերին հասցնելու համար: Իսկ նրանցից շատերն անբուժելի հիվանդություններ ունեին…Դուք տեղյակ լինելով` քմծիծաղով նայում էիք…Իսկ ձեր հրամայական տոնը… Այդ օրերին դուք ձեր վարքագծով և նկուղից նկուղ տեղափոխվելով` արժանանում էիք բոլորի արհամարհանքին: Ուղղակի պատերազմ էր, իսկ մարդիկ կարողանում էին զսպել իրենց` հանուն առաջնագծի զինվորի, հանուն հաղթանակի: Քանի՜, քանի՜սն էին ասում. <<Ոչինչ, թող այս պատերազմն ավարտվի, թող այս վախկոտները մեր աչքի առաջ գնան ու գան, թող բոլորն էլ ողջ մնան>>… Ինչևէ, դուք բոլորիս աչքերին նայելով`խուսափեցիք հայ տղամարդու ձեր պարտականություններից, բայց մնացիք երկրում, մի քիչ թասիբ ունեցաք, միայն այդ էր ձեր ու Հայրենիքն անմիջապես լքածների տարբերությունը… Եվ այսօր, երբ ավարտվել է դաժան և ավերիչ այդ պատերազմը, երբ մեր ժողովուրդն ավելի շատ համախմբվածության, սրտացավության կարիք ունի, մի շարունակեք ձեզ պահել նույն ձևով: Հավասարվեք հասարակ մահկանացուներին, կիսեք նրանց դարդ ուցավը, իսկ դրանք այնքա՜ն, այնքա՜ն խորն են: Մեր շրջապատում այնքա՜ն սևազգեստ մայրեր, որբացած մանուկներ և անտուն մարդիկ են ավելացել: Այնուհանդերձ, հուսանք, որ Ամենազորը կշարունակի իր աջը պահել մեղսագործ աշխարհում ապրողներիս վրա, իր ողորմածությամբ կգթա բոլորիս, ովքեր ողջ մնացին այս սարսափելի պատերազմում և հնարավորություն կտա ուշքի գալ, քանի դեռ ուշ չէ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |