ԹՈՂ ԵՐԲԵՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ… |
14.12.2020 15:20 |
Պատերազմից հետո հետզհետե կյանքն իր բնականոն հունի մեջ է մտնում: Ուրախալին այն է, որ սկսել են գործել նաև մանկապարտեզները և մեր մանուկները կարողանում են հաճախել իրենց սիրելի օջախներն ու այնտեղ ստանալ մայրական ջերմություն և նախադպրոցական գիտելիքներ: Այսօր ականատես եղա ԱՀԱԸ և ԿՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում տիրող հաճելի մթնոլորտին: Առավոտ շուտ մանկապարտեզում եռուզեռ էր: Մանուկների մի մասը ուրախ թռչկոտում էին, իսկ մի մասը լացակումած էին: 20 երեխա նոր էին հաճախում մանկապարտեզ և դժվար էր նրանց ծնողներից անջատելը, իսկ Շուշի քաղաքից տեղահանված փոքրիկ Անին իր հետաքրքրությամբ լցված գեղեցիկ աչքերն այնպես էր ուղղել բոլորին, որ միանգամից խանդաղատանքով ես լցվում: Ինչպես մեզ ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը` այսօրվա դրությամբ անձնակազմը վերադարձել է բնականոն աշխատանքի, նույն ռեժիմով, սննդակարգով և կարգացուցակով վերսկսվել են մանկապարտեզի աշխատանքները:Բարեբախտաբար մանկապարտեզի շենքը չի վնասվել, ջեռուցման համակարգը գործում է առաջին իսկ օրվանից: Ներկա պահին գործում են երկու խմբեր` 44 երեխայի մասնակցությամբ, կա նաև համալրման տեղ: <<Դժվարությամբ հաղթահարելով այս մեծ արհավիրքը` մենք վերադառնում ենք նախկին կյանքին: Թեև շատ ծանր է, բայց հույս ունեմ, որ Աստծո զորությամբ կկարողանանք շարունակել ստեղծել ու արարել: Այս չքնաղ փոքրիկները մեր կարիքն ունեն, և հանուն նրանց մենք պետք է անենք անկարելին: Թող երբեք էլ չկրկնվի այս անողոք պատերազմը և մեր մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ>>,-նշեց Անահիտ Դանիելյանը: Այո’, մենք պարտավոր ենք մեր երեխաների համար պայքարել, ապահովել նրանց անմեղ մանկությունը, իսկ դրա համար յուրաքանչյուրս գիտակցենք օրվա պահանջը`լինենք միասնական և ողջամիտ… Անահիտ ԴԱՎԹՅԱՆ
|