ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՆՐԱՆՑ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼ |
14.12.2020 17:04 |
Այսօր յուրաքանչյուրիս մտահոգում է տեղահանված մեր ժողովրդի ճակատագիրը, որն այնքան անարդար ու դաժան գտնվեց: Հազարավոր մարդիկ տեղահանվեցին իրենց պապենական օջախներից ու վտարանդի դարձան: Նրանք քարացած սրտերով և կորցրած հավատով սփռվեցին տարբեր բնակավայրերում, արիաբար ընդունեցին իրենց հանդեպ գործած ամենաանարդար վճիռը, որ կարող էր երբևէ լինել… Ի՞ նչ մեղք էին գործել, ու՞ մ առջև, ինչի՞ համար, ի՞ նչպես ապրել այսուհետ… Սրանք հարցեր են, որ դեռևս պատասխաններ չունեն… Սփոփվում ենք նրանով, որ մեր տեղահանված հայրենակիցների հանդեպ սրտացավ ու բարյացակամ վերաբերմունք ենք կարողանում դրսևորել: Այսօր մեր շրջանի համայնքներում ժամանակավոր կացարաններով ապահովվել են տարբեր բնակավայրերից տեղահանված բնակիչներ: Անշուշտ, մենք չենք կարող նրանց ապահովել կորցրածով, սակայն կարող ենք տալ բարոյահոգեբանական աջակցություն, ջերմ և հուսադրող վերաբերմունք: Ծաղկաշատի համայնքի ղեկավար Սոս Սարգսյանն իր փոքրիկ համայնքում ընդունել և ժամանակավոր կացարաններ է տրամադրել Ասկերանի,Հադրութի և Մարտունու շրջաններից տեղահանված յոթ ընտանիքների: Համայնքում ավելացել են 32 բնակիչներ: Համայնքի ղեկավարի խոսքով` կարող է ընդունել ևս 12 ընտանիքի: Գյուղում կան նորմալ պայմաններով տներ, իսկ որ ամենակարևորն է` մեծ ցանկություն տեղահանված բնակիչներին օգտակար լինելու: <<Աշխատում ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց մենակ և անօգնական չզգան: Բարոյապես օգնում ենք, հույս տալիս: Ասկերանի շրջվարչակազմի կողմից ստանում ենք հումանիտար օգնությունները, որոնց մեջ մտնում են սնունդ, կենցաղային գույք, կահույք և անձամբ հանձնում ընտանիքներին: Պետք է նշեմ, որ ծաղկաշատցիները ևս օգնում են, ինչով կարող են: Կարծում եմ`մեզանից յուրաքանչյուրն իր առջև առաքելություն ունի և պարտավոր է այն կատարելու>>,-ասում է Սոս Սարգսյանը: Համայնքի ղեկավարը միաժամանակ նշեց, որ գյուղում կյանքը մտնում է նորմալ հունի մեջ: Բնակչությունը վերադարձել է, վերսկսվել են դասընթացները, ընթացքի մեջ են գյուղատնտեսական աշխատանքները: Արդեն կատարվել է 167 հա ցորենի և գարու ցանքս: Սոս Սարգսյանն ավելացրեց նաև, որ գյուղի բարերար Ժասիկ Բունիաթյանը մեծ օգնություն է ուղարկել համայնքում բնակվող տեղահանված բնակիչների համար: Դե ինչ, ցանկանանք տեղահանված մեր բնակիչներին ուժ, համբերություն և ամուր կամք, քանզի անասելի դժվար է դիմանալ այն ամենին, ինչի միջով իրենք են անցնում այսօր: Գուցե կգա մի օր և նրանք կվերագտնեն, ինչ կորցրել են, իսկ մինչ այդ` մենք պարտավոր ենք նրանց կողքին լինել… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |