ՈՒՂՂՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ
15.12.2020 15:31

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը հանդիպում ունեցավ շրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ: Ներկա էին նաև ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ Արման Սարուխանյանը, շրջանի աշխարհազորի շտաբի պետ Արմեն Ավագիմյանը:

Ողջունելով ներկաներին և անհրաժեշտ համարելով հանդիպումը`շրջվարչակազմի ղեկավարն անդրադարձավ օր օրի ահագնացող զարգացումներին և սպասվող վտանգին, միաժամանակ շեշտեց.

-Քաջատեղյակ եք, որ տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո բոլոր մեր սահմանամերձ համայնքները գտնվում են վտանգի տակ: Նման իրավիճակից ելնելով և պարբերաբար լսելով ձեր ահազանգերը

ստեղծված ծանր կացության վերաբերյալ`որոշել եմ հրավիրել բոլորիդ, քննարկել հրատապ խնդիրները և համատեղ մի հայտարարի գալ: Պետք է մշակենք ընդհանուր մի տեսլական, որպեսզի այն ներկայացնեմ երկրի Նախագահին:

Կարծում եմ`մեր անվտանգության երաշխավորը պետք է լինենք ինքներս: Թշնամու սադրիչ ու ներթափանցող գործողությունները կանխելու համար առաջարկում եմ համայնքներում իրականացնել շուրջօրյա հերթապահություն և դրա համար պետք է ձևավորել աշխարհազոր, որը կունենա հստակ կարգավիճակ և կմտնի ոստիկանության կազմի մեջ: Իհարկե, կառաջանան տարատեսակ հարցեր, որոնց լուծումներ կտրվեն: Նպատակահարմար եմ գտնում ստեղծել երկու ենթաշրջանային վաշտ և ընդգրկված մարդիկ պետք է կրեն ոստիկանական համազգեստ, համայնքներում ունենան հավաքատեղի`հերթապահություն անելով համայնքում, ինչպես նաև շրջակա տարածքներում:

Կիսելով շրջվարչակազմի ղեկավարի բոլոր մտահոգությունները`համայնքի ղեկավարները նույնպես հայտնեցին իրենց տեսակետները: Բոլորն էլ անհանգստացած էին ստեղծված դրությամբ և պատրաստակամ շուրջօրյա հերթապահություններ իրականացնելու համար: Նրանք միաժամանակ նշեցին, որ բնակչության մեջ դեռևս կա վախի զգացում և ցանկացած պահի մարդիկ կարող են կրկին լքել բնակավայրերը: Այդ իսկ պատճառով պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի բնակչության անվտանգությունը:

Ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ Արման Սարուխանյանը շատ կարևոր և տեղին համարեց շրջվարչակազմի ղեկավարի կողմից արված առաջարկությունը` նշելով, որ աշխարհազորում պետք է ընդգրկվեն կարգապահ, կազմակերպված և պատասխանատու մարդիկ:

Նա ճիշտ համարեց, որ այդ խմբերը պետք է ընդգրկվեն ոստիկանության զորքերում:

Լսելով ներկաների տեսակետներն ու առաջարկությունները` շրջվարչակազմի ղեկավարը հանձն առավ դրանք ներկայացնել երկրի Նախագահին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter