Ի ՆՊԱՍՏ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ
16.12.2020 10:36

Թեև պատերազմի ավարտից հետո քիչ ժամանակ է անցել, սակայն մարդիկ իրենց մեջ կարողանում են ուժ գտնել ու անցնել կյանքի բնականոն հունին:

Այսօր Ասկերանի շրջանային ՀՀ բաժինն իր ողջ աշխատակազմով սկսել է իրականացնել իր առջև դրված բոլոր պարտականությունները:  Բաժնի պետ Իրադա Խաչատրյանի հավաստմամբ`բոլոր աշխատողներն իրենց ընտանիքներով վերադարձել են Հայաստանի հանրապետությունից, որտեղ ժամանակավոր ապաստանել էին պատերազմի ժամանակ:

Երբ այցելեցինք շրջանային ՀՀ բաժին, այնտեղ էին նաև Քաշաթաղի

և Շուշիի ՀՀ բաժինների պետեր Արմիդա Առուշանյանն ու Զոյա Ներսիսյանը: Կանայք, ովքեր կորցնելով տարիների իրենց ստեղծածն ու ունեցածը և այն թողնելով թշնամուն` այսօր մնացել են անօթևան: Սակայն այնուհանդերձ նրանք չեն կորցրել ամենակարևորը` հայ կնոջ խիզախությունն ու հավատն առ Աստված: Մեր առջև հայուհու իսկական կերպարներ էին, որոնք արհամարհում էին թշնամուն: Ուրիշի ունեցվածքին տիրանալն անընդունելի է Աստծո կողմից: Ոսոխին չի հաջողվի վայելել հայի քրտինքով ստեղծածը:


Այնպես ստացվեց, որ Իրադա Խաչատրյանի հետ մեր գործնական զրույցը մի փոքր դանդաղեց: Դե, պատերազմին չանդրադառնալ չէինք կարող, առանձնապես, երբ մեր զրուցակիցները տեղահանված բնակիչներ էին:

Արմիդա Առուշանյանը մեծ ցավով է խոսում հազարավոր անտուն և առանց աշխատանքի մնացած մարդկանց մասին: Թողնել հարազատ օջախդ, հարազատ հողդ ու ջուրդ` դրանք աննկարագրելի ապրումներ են, որոնք հաղթահարելու համար բավականին ուժ է պետք:

<<Մեզ մի քանի ժամ ժամանակ տվեցին` անհրաժեշտ իրերը հավաքելու համար: Մնացել էինք շիվար: Մեր ամբողջ ունեցվածքը, մեր տարիների վաստակը պետք է թողնեի՞նք թուրքին: Մենք էլի մի քանի բան կարողացանք վերցնել մեզ հետ, իսկ ի՞նչ ասեն մյուս շրջանների բնակիչները, ովքեր դատարկ ձեռքերով և մի կերպ լքեցին հարազատ բնակավայրերը: Այս ցավն այնքան խորն է, այնքան անհասկանալի…

Կրկին վերադառնալով Արցախ` մենք ցանկանում ենք շարունակել աշխատել, օգտակար լինել մեր երկրին և հույս ենք հայտնում, որ նորից կունենանք մեր սեփական անկյունը, որտեղ մեր երախաները կզգան, որ դրանք ժամանակավոր կացարաններ չեն>>,-ասում է Ա.Գրիգորյանը:

Իսկ Զոյա Ներսիսյանը չի պատկերացնում, որ էլ չի վերադառնա Շուշի:

<< Ասես չարաբաստիկ երազ լինի, որից չենք կարողանում ուշքի գալ: Այո′, բոլորս թևաթափ ենք եղել, կոտրվել, ընկճվել: Սակայն պետք է յուրաքանչյուրս ուժ գտնենք և կառչենք այս հողից, պահենք այն: Ուրիշ տեղ մենք անելիք չունենք, մեզ ոչ մի տեղ սպասող չկա:

Այստեղ մենք զգում ենք մեր ժողովրդի հոգատարությունը, անթաքույց ցավը, որ ապրում են մեզ համար: Տեղին եմ համարում նշել ԱՆ ՀՀԿ գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանի աջակցության մասին, որ նա ցուցաբերել է տեղահանված շրջանների ՀՀ բաժինների աշխատողների հանդեպ: Նրա բարոյահոգեբանական օգնությունն ամեն ինչ է մեզ համար: Մենք մեր ողջ անձնակազմերով գտնվում ենք աշխատանքի մեջ, կենտրոնացված ենք ԱՆ ՀՀ կենտրոնում և կանենք ամեն ինչ, որպեսզի շարունակենք օգտակար լինել մեր երկրին>>:

Այնուհետև բժիշկների հետ խոսեցինք կատարվող աշխատանքների և ապագա անելիքների մասին:

Իրադա Խաչատրյանը նշեց, որ շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները և աշխատում շրջանում վերահսկել համաճարակաբանական իրավիճակը: Քանի որ պատերազմական գործողությունների պատճառով աշնանային ախտահանման համապատասխան աշխատանքներ չեն իրականացվել, ջրի փորձանմուշներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Նախատեսվում են համայնքների ղեկավարների հետ համատեղ կատարել ջրամբարների ախտահանման աշխատանքներ: Ուշադրության կենտրոնում է պահվում շրջանում գործող բոլոր սննդի օբյեկտների, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների սանիատարահիգիենիկ վիճակը:

Բաժնի պետը անդրադառնալով կորոնավիրուսի վարակին` նշեց, որ նոյեմբերի 16-ից առայսօր հայտնաբերվել է 55 օջախ: Այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, հիվանդները ինքնամեկուսանում են տանը, ստանում բուժում, իսկ առավել ծանր վիճակ ունեցողները տեղափոխվում են հիվանդանոց:

Նա բնակչությանը հորդորեց հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը և հետևել անձնական հիգիենային:

Դե ինչ, ցանկանանք մեր համաճարակաբաններին այսուհետ աշխատել միայն խաղաղ պայմանններում` ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter