ՏԱ ԱՍՏՎԱԾ…
17.12.2020 17:18

Վերին ենթաշրջանի մեր գյուղերը հիշելիս բազմապատկվում է այն ահավոր ցավը, որ թողեց պատերազմը, քանզի չենք կարողանում պատկերացնել, որ մեր կուսական ու անաղարտ բնությանը մեր ոխերիմ թշնամին է տիրացել: Անդառնալի կորցրեցինք բազմադարյա մեր բնակավայրերը, մեր խաչքարերն ու հուշարձանները, այնտեղ թողեցինք մեր ապուպապերի շիրիմները…Այնտեղ մնաց մի ողջ պատմություն…

Մեր թերթի էջերում բազմիցս էինք անդրադառնում Ջրաղացների համայնքին: Համայնք, որն իր օրինակելի պահվածքով, աշխատասեր, արարող ու ստեղծող ժողովրդով միշտ ուշադրություն էր գրավում: Հաճախ էինք հյուրընկալվում այնտեղ, ականատես լինում պատշաճորեն կազմակերպված միջոցառումների, լսում համայնքի ղեկավարի բազմաթիվ ծրագրերի մասին, որոնք պետք է իրականություն դառնային առաջիկա

հինգ տարիների ընթացքում, ավաղ…

…Այսօր ջրաղացներցիները կորցրել են իրենց հայրենի գյուղում ապրելու հնարավորությունը, բնակություն հաստատել տարբեր բնակավայրերում:

Արսեն Հայրապետովը, ով շարունակում է պատասխանատվությամբ կատարել համայնքի ղեկավարի իր պարտականությունները, չի դադարում հոգ տանել իր համագյուղացիների մասին:

Ջրաղացներցիների մի մասը ժամանակավոր բնակարաններ է գտել Ստեփանակերտ, Ասկերան քաղաքներում և Ասկերանի շրջանի Խնածախ, Խնապատ գյուղերում, իսկ մի մասը դեռ չի վերադարձել Հայաստանի Հանրապետությունից` դեռևս բնակարան չգտնելու պատճառով:

Արսեն Հայրապետովն Ասկերանի շրջվարչակազմից ստանում է բոլոր տեսակի հումանիտար օգնությունները, տեղափոխում Ստեփանակերտ և անձամբ բաժանում համագյուղացիներին: Ամեն մի քայլ նա աշխատում է կատարել հավասարության և արդարության սկզբունքով, որպեսզի ամեն ինչ կորցրած ջրաղացներցին հանկարծ չմտածի, թե ինքն անտեսված է ինչ որ բանում: Իհարկե, դժգոհողներ ևս կան, սակայն նրանց հետ տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ:

<<Ինչպես և նախկինում, շարունակում եմ կատարել բոլոր կազմակերպչական աշխատանքները, ինչ որ կերպ ցանկանում եմ թեթևացնել համագյուղացիներիս հոգսերը:

Պատերազմի օրերին մենք կարողացել ենք մնալ նույն համախմբված և միասնական համայնքը, ինչի համար հպարտություն եմ զգում: Բնակչության վերջին տարահանումը կազմակերպել ենք հոկտեմբերի 25-ին: Մինչ այդ գյուղում կատարվում էին տարբեր կամավորական աշխատանքներ: Ցանկանում եմ մեծարանքի խոսքեր հղել մեր գյուղի երիտասարդ կանանց, ովքեր ստանձնեցին գյուղում տեղակայված Ն զորամասի զինծառայողների սննդով բավարարելու հարցը: Մեր կամավորականները միաժամանակ թոնրում հաց էին թխում և ամեն օր ուղարկում Ասկերանի Ն զորամաս: Ալյուրը տրամադրում էր Ասկերանի շրջվարչակազմը և բարերար Արման Հակոբջանյանը>>,-նշեց Արսեն Հայրապետովը:

Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնելով պատերազմի ժամանակ կամավորական աշխատանքներ իրականացրած բոլոր համագյուղացիներին` հատուկ շեշտեց համայնքի մշակութի տան տնօրեն Քնար Քարամյանի անունը, ով  աջակցել է կազմակերպչական աշխատանքների մեջ և օրինակ հանդիսացել շատերի համար:

Արսեն Հայրապետովը մեծ ցավով խոսեց գյուղի նվիրյալ Քաջիկ Քարամյանի մասին, ով զոհվեց պատերազմում` միանալով Ջրաղացների նահատակված հինգ արծիվներին: Քաջիկը շտապ օգնության մեքենայով հասնում էր մարտի դաշտեր` փրկելու մեր վիրավորներին : Նա անտեսում էր իր սեփական անվտանգությունը, իսկ տանը երկու որդիներն էին սպասում`Վահագը և Վահեն …

Հավերժ փառք Քաջիկ Քարամյանին և բոլոր մեր անմեղ զոհերին…

Ջրաղացների համայնքի ղեկավարը գյուղում կիսատ գործեր շատ է թողել և մտադիր է անպայման դրանք իրականացնել:

Հինավուրց հայկական համայնքում դեռ կլսվի հայ մանուկի զրնգուն ճիչը, կղողանջեն եկեղեցու զանգերը, երդիկներից ելնող ծուխը կհասնի մինչև երկինք…

Տա Աստված…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ



 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter