ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
22.12.2020 11:51

Պատերազմական գործողությունների հետևանքով շրջանի ութ համայնքներ մնացել են թշնամու վերահսկողության տակ, տեղահանվել են այդ համայնքերի բնակիչները և ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բնակավայրերում: Բնակչության մեծամասնությունը լքել են հարազատ օջախներն անգամ առանց անձնական իրերի, մնացել անօթևան և անօգնական:

Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու համար պատերազմական գործողությունների ավարտից հետո Ասկերանի շրջանում սկսվել են իրականացվել շինարարական աշխատանքներ: Այսօր այդ գործընթացն ավելի մեծ թափ է ստացել և կրում է շարունակական բնույթ:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը տեղեկություններ հաղորդեց ընթացող շինարարական աշխատանքների մասին:

Շրջանի Ասկերանի, Խնձրիստանի, Լուսաձորի, Ծաղկաշատի, Նորագյուղի, Դահրավի, Պատարայի, Հովսեփավանի, Շոշի, Այգեստանի, Աստղաշենի և Խնապատի համայնքներում վերականգնման ենթակա են 253 բնակելի տներ: Այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում  56 բնակելի տներում: 14 տներում արդեն ավարտվել են վերանորոգման աշխատանքները և այդ կացարանները տրամադրվել են տեղահանված բնակիչներին:

Շրջանում շինարարական աշխատանքներն իրականացնում են 13 շինարարական ընկերություններ:

Ինչպես հավաստիացնում է Ալբերտ Ավանեսյանը՝ ողջ գործընթացը գտնվում է շրջվարչակազմի և բաժնի վերահսկողության ներքո, տարվում են հետևողական աշխատանքներ, որպեսզի շինարարությունն ընթանա պատշաճ որակով և սեղմ ժամկետներում:

ՔՃՎ բաժնի վարիչը նշեց, որ պատերազմական գործողությունների հետևանքով շրջանի Շոշի, Մխիթարաշենի, Նորագյուղի և Այգեստանի համայնքներում 7 բնակելի տներ լրիվությամբ ավերվել են հրետակոծությունից և ենթակա չեն վերանորոգման:

Շրջանի մի շարք համայնքերում առաջացել են նաև ապակեպատման խնդիրներ, ընթացքի մեջ են դրանց կարգավորման աշխատանքները:

Ալբերտ Ավանեսյանն ավելացրեց, որ ավարտվել են Այգեստանի միջնակարգ դպրոցի ապակեպատման աշխատանքները և դպրոցում սկսվել են դասընթացները:

Նա միաժամանակ անդրադարձավ Ասկերան-Խրամորթ-Փառուխ ավտոճանապարհի վերակառուցմանը՝ նշելով, որ եղանակային պայմաններն արդեն թույլ են տալիս իրականացնել այդ աշխատանքները:

Այնուհետև ՔՃՎ բաժնի վարիչը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահները պարբերաբար հումանիտար օգնություններ են ցուցաբերում շրջանին, որոնք ուղղված են հրետակոծության հետևանքով տուժած տների և տեղահանված բնակիչների համար ժամանակավոր կացարանների վերանորոգման համար: Շինանյութերի տրամադրումը վերահսկվում է ինչպես բաժնի, այնպես էլ ռուս խաղաղապահների կողմից:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter