ԱՅՍՈՒՀԵՏ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ... |
22.12.2020 15:43 |
Այն, որ անգնահատելի է մեր բժիշկների անձնվեր աշխատանքը, աներկբա ապացուցվեց պատերազմի օրերին: Բուժաշխատողների մի մեծ բանակ շարունակում էր պատվով ու անմնացորդ իրականացնել իր վեհ առաքելությունը: Մեր բժիշկներն ու բուժքույրերը վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ ամենօրյա պայքար էին տանում ամեն մի զինվորի ու քաղաքացու կյանքի համար: Փառք ու պատիվ բուժաշխատողների մեր հզոր բանակին... Հետպատերազմյան այս օրերին երդվյալ հայրենասերները ոչ պակաս նվիրումով շարունակում են իրենց գործը: Ասկերանի շրջբուժմիավորման տնօրեն Գոհար Հակոբջանյանի գլխավորությամբ այսօր ողջ անձնակազմը լծվել է աշխատանքի՝ որդեգրելով ևս մի նշանաբան. առանձնահուկ վերաբերմունք ցուցաբերել պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած համայնքների տեղահանված բնակչության հանդեպ, ամեն ինչ անել, որպեսզի թեթևանան նրանց հոգսերը... Գոհար Հակոբջանյանի հետ զրույցում անդրադարձանք պատերազմական ծանր օրերին, իսկ ինչպե՞ս մոռանալ այդ ահարկու օրերը... Ասկերանի շրջբուժմիավորումը շարունակում էր շտապ բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը, սպասարկում ինքնադիմող հիվանդներին, պարբերաբար այցելություններ իրականացնում շենքերի նկուղները, որոնք ապաստարանների էին վերածվել բնակչության համար: Համայնքի ղեկավարների միջոցով անհրաժեշտ դեղորայք էր ուղարկվում համայնքներ: Բուժաշխատողները պայքարում էին երկու ճակատով: Նկուղների խիտ բնակեցված լինելը կորոնավիրուսի վարակի սրացումներ էր առաջացրել: Այդ ընթացքում հաջողվել է բուժում իրականացվել ավելի քան 50 մարդու, քանի որ հիվանդներն այլևս չէին կարող բուժում ստանալ Շուշիի և Քաշաթաղի բուժմիավորումներում, ինչպես մինչև պատերազմն էր: Գլխավոր բժիշկը հիշելով այդ օրերը, որոնք դաժան ու վտանգավոր էին՝ միաժամանակ հպարտությամբ նշեց, որ իր անձնակազմից գոհ ու շնորհակալ է: Նա մտաբերեց մի քանի դրվագներ՝ լի հայրենասիրությամբ, մարդկանց անհապաղ օգնության հասնելու պատրաստակամությամբ, որոնք ակնհայտ էին բուժաշխատողների մոտ: <<Երբ ահազանգեր էին գալիս դեպքի վայրերից՝ շտապ օգնության մեքենայի մոտ անմիջապես հավաքվում էին 5-7 բուժաշխատողներ և չէին ցանկանում զիջել իրար: Յուրաքանչյուրն ինքն էր ցանկանում օգնության հասնել և այդ պահին մենք այնքա՜ն ուժեղ էինք և այնքա՜ն սրտացավ: Մեր բժիշկները, քույրերն իրենց մասնագիտական հմտությամբ կարողանում էին անմիջապես արձագանքել ցանկացած բարդ իրավիճակում: Պատերազմից հետո, երբ ողջ անձնակազմը հավաքվել էր, ես խնդրեցի բոլորին հարգանքով վերաբերվել ու գնահատել այն անձանց, ովքեր անտեսել են ամեն մի վտանգ ու մնացել այստեղ: Համոզված եմ, որ բոլորը գիտակցումով են ընդունել իմ խոսքը: Անգամ ունեինք այնպիսի աշխատողներ, ովքեր մանկահասակ երեխաների պատճառով մեկնել են այլ բնակավայրեր, վերադառնալուց հետո առաջարկել են իրենց փոխարեն վարձատրել այստեղ՝ առաջնագծում պայքարող բուժաշխատողներին: Ինչպես չհպարտանալ նման անհատներով... Ակնաղբյուրի համայնքի բուժաշխատողը հարազատ գյուղը լքեց ընդամենը մեկ օր առաջ, երբ արդեն ստիպված պիտի դուրս գային: Եվ նրա նման շատ ու շատ բուժքույրեր իրենց պարտականությունները կատարում էին մեծ պատասխանատվությամբ: Նրանք միաժամանակ հաց էին թխում առաջնագծի զինվորի համար՝ կամավոր ստանձնելով այդ առաքելությունը ևս: Եթե չլիներ չարաբաստիկ տեղահանումն ու տարահանումը՝ մեր բուժաշխատողները երբեք չէին լքի իրենց բնակավայրերը ու մինչև վերջ կանեին իրենց գործը: Ավելի քան համոզված եմ դրանում: Այսօր ամենօրյա կապ ենք պահում տեղահանված մեր ութ համայնքների բուժաշխատողների հետ և աշխատատեղ լինելու դեպքում նրանք լինելու են մեր ուշադրության կենտրոնում>>.-ասում է Գ.Հակոբջանյանը: Ասկերանի շրջբուժմիավորումը շարունակում է իր ամենօրյա գործունեությունը՝ ընդունելով հիվանդների, ինչպես նաև վիրավորների: Բժշկական օգնության հետ մեկտեղ, այցելուներն ստանում են նաև բարոյահոգեբանական օգնություն, ջերմ վերաբերմունք: Անշուշտ, տեղահանված բնակչությունը յուրահատուկ էր ընդունվում այստեղ: Ասկերանի շրջբուժմիավորման տնօրենի խոսքով ութ համայնքների բուժկետներում մնացած բժշկական փաստաթղթերի պատճառով առաջացել են դժվարություններ, առանձնապես երեխաների պատվաստումների գործընթացում: Նա ցավով ավելացրեց, որ շրջանի բնակչությունը ժամանակավոր կացարաններ են գտել ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում, միաժամանակ նշեց, որ մեր շրջան են տեղափոխվել տեղահանված այլ բնակավայրերից բնակիչներ: Այսօրվա դրությամբ Ասկերանի շրջբուժմիավորումը սպասարկում է նաև Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի շրջանների բնակիչներին: <<Այսօր բոլորիս պարտքն է մեր հայրենակիցներին սատար լինել, օգնել ինչ որ բանով՝ թեկուզ մի բարի խոսքով ու ժպիտով: Նրանք դրա կարիքը շատ են զգում, չմոռանանք, որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր հայտնվել նրանց տեղը: Այդ մեծ կսկիծն զգում եմ անձամբ, քանի որ կորցրել եմ իմ հարազատ Քարին տակ, Սղնախ և Թաղավարդ գյուղերը: Ով կպատկերացներ, որ հերոսներ ծնած Քարին տակը մի օր կընկնի թշնամու ձեռքը>>մեր զրույցի վերջում մտահոգ ասում է Գոհար Հակոբջանյանը: Այո՛, մեր բոլոր բուժաշխատողները միայն գովասանքի և մեծարանքի են արժանի: Սակայն թող չվիրավորվի ոչ ոք, եթե մենք անուններ առանձնացնենք: Ինչպես չնշենք այն նվիրյալների անունները, ովքեր հրետակոծության ձայների տակ անվարան օգնության էին վազում: Չհիշել՝ չենք կարող, քանզի դա պահանջում է ժողովուրդը... Բժշկուհի Լուսինե Ղուկասյանը մարդկանց փրկության հրեշտակն էր դարձել, պատերազմի օրերին այստեղ մնացած մեր տարեց բնակչությունը չէր դադարում օրհնանքի խոսքեր ասել նրա հասցեին: Բժիշկներ Վլադիմիր Գասպարյանը, Գայանե Բարսեղյանն իրականացնում էին անկարելին, օգնում հիվանդներին: Ինչպես չմեծարենք բուժաշխատողներ Արմեն Գասպարյանին, Գայանե Համբարձումյանին, Ռիտա Մինասյանին, Անահիտ Բաբայանին, Լյուդմիրա և Էլմիրա Մելքումյաններին, Գյուլխարա Գրիգորյանին, Գենյա Հայրիյանին, Նադյա Մարտիրոսյանին, Սոֆյա Ահարոնյանին /Շոշ/, Զոյա Բաբայանին /Խնապատ/, Էլմիրա Ղահրամանյանին /Պատարա/, Գալյա Ներսիսյանին /Իվանյան/, Նարինե Միքայելյանին /Դահրավ/, Վալյա Հակոբյանին / Խաչեն/, Արմենուհի Մեսրոպյանին / Ուղտասար/: Ինչպես չմեծարենք Իվան և Կարեն Հայրապետյաններին, որոնց ձեռքերում սուրում էր շտապ օգնության մեքենան: Տեսնելով մեքենան՝ մարդիկ գոտեպնդվում էին. ահա եկավ մեր օգնությունը: Ինչպես չմեծարենք մայրապետեր Էմմա Գրիգորյանին, Խալիդա Ավանեսյանին և Անժելա Շահրամանյանին, ովքեր անտրտունջ կատարում էին իրենց աշխատանքները: Եվ այդ ողջ գործընթացը համակարգում և անձամբ բժշկական օգնություն էր ցուցաբերում գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանը: Չմոռանանք, որ այդ ծանր օրերին մեր բուժաշխատողները ևս ունեին բուժօգնության խիստ կարիք, քանզի հիվանդությունները չէին շրջանցել նաև նրանց... ...Ավարտվեց պատերազմը, մեր տանջված ժողովրդի հիշողություններն այնքա՜ն թարմ են ու երախտիքով լի, և ամեն մի քայլափոխի մենք լսում ենք.- <<Տեսնես այդ մարդկիկ կգնահատվե՞ն>>... Այո՛, նրանք գնահատվել ու գնահատվում են, և այդ բարձր գնահատական տվողը մենք ենք՝ ժողովուրդս... Շնորհակալություն ենք հայտնում Ասկերանի շրջբուժմիավորման ողջ անձնակազմին և թող այսուհետ նրանք շարունակեն իրենց առաքելությունը միայն խաղաղ պայմաններում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |