ՆՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ |
25.12.2020 11:46 |
Հետպատերազմյան շրջանում առաջացած ցանկացած խնդիր և դժվարություն կարելի է բնական համարել, քանզի մարդկանց համար հեշտ չէ ուշքի գալ ու համակերպվել պատերազմի թողած հետքերի ու անդառնալի կորուստների հետ: Սակայն մենք՝ հայերս, որ պայքարող, ստեղծող ու արարող ժողովուրդ ենք, կարողանում ենք գտնել այդ գերբնական ուժը և առաջ գնալ: Եվ կյանքը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք համախմբված և միաբռունցք լինել՝ շարունակելով պայքարել նաև պատերազմից հետո... Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից մեր շրջանը չկորցրեց իրեն: Յուրաքանչյուր հայրենասեր մարդ գիտեր իր անելիքը՝ առաջնագծում, թե թիկունքում: Առաջին իսկ օրերից <<Ասկերանի Խաչենշին>> ՓԲ ընկերությունը շարունակում էր բնակչությանը մատուցել իր բոլոր ծառայությունները՝ չդադարեցնելով ջրամատակարարումը, սանմաքրումը: Աշխատողների մի մասը ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանի գլխավորությամբ անմիջապես կամավորագրվեցին ու մեկնեցին առաջնագիծ, մի մասը ներգրավվեցին պահեստազորի կազմում՝ պատրաստ կատարելու իրենց առաքելությունը, իսկ մի մասը, որոնց շարքում էին տարեց տղամարդիկ ու կանայք, անվարան նվիրվեցին թիկունքում իրականացվող ցանկացած աշխատանքի: Անգամ պատերազմի թեժ օրերին չէին խախտվում Ասկերանի և հարակից բնակավայրերի սանմաքրման աշխատանքները, և մարդկանց մոտ հույսի շողեր էին հայտնվում, որ կյանքը շարունակվում է՝ անկախ ամեն ինչից: <<Ասկերանի Խաչենշին>> ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Բախշիյանն անդրադառնալով պատերազմական օրերին՝ նշեց, որ ընկերության շինտեխնիկան օգտագործվել է շրջանի բնակչության և պաշտպանության տարբեր աշխատանքների համար: Անշուշտ, դրանք իրականացվել են շրջվարչակազմի ղեկավարության վերահսկողությամբ և աջակցությամբ: <<Բացի մեր հիմնական գործերից, ընկերության աշխատողները, ովքեր առաջնագծում չէին, ակտիվ մասնակցել են նաև թիկունքի աշխատանքներին: Այդ օրերին մեծ քանակությամբ հումանիտար օգնություններ էին գալիս շրջան և մեր աշխատողները բեռնաթափում, պահեստավորում էին դրանք, մասնակցում էին իրականացվող ինժեներական աշխատանքներին, որը կազմակերպվել էր քաղաքապետարանի կողմից: Ցավալի է, որ մեր շրջանի ութ համայնքներ անցել են թշնամու վերահսկողության տակ, և մեր աշխատողները մնացել են առանց աշխատանքի: Նրանց և բոլոր մեր տեղահանված հայրենակիցների ապագան մտահոգում և հուզում է բոլորիս, մենք աշխատում ենք ինչ որ կերպ օգտակար լինել տեղահանված և շրջանում ժամանակավոր բնակություն հաստատած բոլոր մեր հայրենակիցներին: Մեզ համար մեծ ցավ է նաև, որ ընկերությունը մարդկային անդառնալի կորուստ ունեցավ, միաժամանակ հպարտություն ենք զգում, որ պատիվ ենք ունեցել ճանաչել և աշխատել Արցախի Հերոս Ալեքսանդր Հարությունյանի հետ, ով իր մարդկային վեհ արժեքներով և ընդգծված հայրենասիրությամբ միշտ կմնա մեր հուշերում: Ունեցել ենք նաև երկու վիրավորներ և պատերազմի հետևանքով մահացած աշխատողներ: Շեշտեմ, որ պատերազմի օրերին հիմնարկի աշխատակազմը միշտ զգացել է շրջվարչակազմի աջակցությունը, ցանկացած փոխհամագործակցված աշխատանք միտված է եղել առաջնագծի զինվորին և շրջանի բնակչությանն օգտակար լինելու գործին>>,-նշեց Արմեն Բախշիյանը և գոհունակությամբ ավելացրեց, որ ընկերության բացարձակ մեծամասնությունը դրսևորել է բարձր հայրենասիրություն և կամք: Այսօրվա դրությամբ <<Ասկերանի Խաչենշին>> ՓԲԸ-ն բնականոն հունով շարունակում է իր գործունեությունը՝ բնակչությանը մատուցելով իր բոլոր ծառայությունները: Ասկերան քաղաքում իրականացվում են սանմաքրման աշխատանքներ, սակայն 2020 թվականին սկսած շինարարությունը որոշակիորեն խոչընդոտում է ցանկալի մաքրության հասնելուն: Ջրամատակարարման գործում ևս կան խնդիրներ, որոնք կապված են երաշտի հետ, ինչի պատճառով Խնապատի համայնքի բնակչությունը խմելու ջուրն ստանում է մեխանիկական եղանակով: Ներկա պահին իրականացվում է Ասկերան-Խրամորթ-Փառուխ նոր՝ 9 կմ ճանապարհի կառուցումը, որտեղ ընդգրկված է բավարար քանակով շինտեխնիկա: Աշխատանքի ընթացքը կախված է եղանակային պայմաններից: Ընկերության աշխատողները շարունակում են մասնակցություն ունենալ հումանիտար օգնությունների բեռնաթափման, պահեստավորման գործում: Հարկ է նշել, որ <<Ասկերանի Խաչենշին>> ՓԲ ընկերության աշխատողների մի մասը պատերազմի ժամանակ առանձնացել է իր պատրաստակամությամբ: Վրեժ Մելքումյանի գլխավորությամբ թիկունքային աշխատանքներին մասնակցել են Սվետլանա Առաքելյանը, Լարիսա Հայրիյանը, Ռոմելա Հակոբյանը, Սամվել Բարսեղյանը, Մասիս Աղաջանյանը, Հրանտ Իսրայելյանը, Թեհրան Գևորգյանը, Ալբերտ Իսրայելյանը, Մհեր Մոսիյանը, Յուրի Հայրապետյանը, Սեմյոն Ասրյանը, Գուրգեն Հովսեփյանը, Անդրանիկ Թորոսյանը, Արմեն Ղազարյանը, Միքայել Գասպարյանը, Զավեն Հարությունյանը: Ցավոք, Հրանտ Իսրայելյանը և Սեմյոն Ասրյանը պատերազմի հետևանքով մահացել են՝ մինչև վերջին պահը կատարելով իրենց քաղաքացիական պարտքը: Ընկերության տնօրենը շնորհակալություն հայտնելով բոլոր աշխատողներին, ովքեր օրհասական պահին նվիրվեցին հայրենիքի պաշտպանությանը, միաժամանակ նշեց, որ հիմնարկի անելիքները բազմաթիվ են և հույս հայտնեց, որ դրանք կշարունակվեն իրականացվել նույն պատասխանատվությամբ ու համախմբված ուժերով: Անահիտ ԴԱՎԹՅԱՆ |