ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ |
28.12.2020 16:55 |
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում ունեցավ շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների և Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված տղաների հիշատակը: Վիտալի Բալասանյանը ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ նշեց, որ իր ժողովրդի հետ միշտ եղել ու մնում է անկեղծ: <<1988 -ից մինչև 1994 թվականը մենք հացը և մահը հավասար ենք կիսել ու մեր հաջողությունների, հաղթանակների ամենամեծ գրավականը հենց դա է եղել: Դրանից հետո մենք պարտավոր էինք միշտ զգաստ լինել: Այսօր մեղավորներ չեմ փնտրում և չեմ փնտրելու, դա պետք է անի ժողովուրդը՝ յուրաքանչյուրն իր մեջ տեսնելով իր սխալն ու մեղքը: Ինչ կա՝ փաստ է և արդեն արձանագրված: Այսօր մեր ամենահրատապ խնդիրն այն է՝ ինչպես արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Տիրապետենք իրողությանը, մտածենք ուր ենք գնում, ինչպիսի աշխատանքներ ենք անելու և ներկայացնենք համապատասխան որոշումներ՝կապված մեր երկրի անվտանգության, տնտեսության և մյուս բոլոր բնագավառների հետ: Իհարկե, պատերազմի վտանգը միշտ կա և այսօր ձեզանից խնդրում և պահանջում եմ՝ օր առաջ սկսել մեր ծառայությունը պետական սահմանները պաշտպանության հարցում: Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորենք ստորաբաժանումներ, բոլորս պետք է զինվորագրվենք, անցկացնենք յոթօրյա պարապմունքներ ու անցնենք մարտական հերթապահության: Այն կկոչենք սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, և բոլորն էլ կվարձատրվեն: Հետագայում այդ ծառայությունն ավելի կհստակեցվի, կունենա կապի միջոցներ, բուժսպասարկում, թիկունք և այն ամենը, որն ավելի արդյունավետ կդարձնի գործընթացը>>,-ասաց Վ. Բալասանյանը: Այնուհետև Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսեց բնակչության շրջանում տիրող կարգապահության մասին՝ նշելով, որ ավելացել են աղանդավորները, թմրամոլներն ու ալկոհոլային խմիչք չարաշահողները: Դա հարիր չէ արցախցուն և այսուհետ յուրաքանչյուր օրինազանց մարդ ամենախիստ պատիժը կստանա իր արարքների համար: Միաժամանակ նա կոչ արեց մեծ տեղ տալ կարգապահությանը, իրար հանդեպ լինել հարգալից, համախմբված, ներողամիտ և հանդուրժող: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերի մասին: Այդ խնդիրները հիմնականում կապված էին սահմանների և բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի, հետագա անելիքների հետ: Ներկաները համամիտ էին Վիտալի Բալասանյանի կողմից հնչեցված գաղափարի հետ և հույս էին հայտնում, որ ունենալով տարիների փորձ և հստակ ծրագրեր, կկարողանան հաղթահարել այս դժվարությունը ևս: Վիտալի Բալասանյանը պատասխանեց ներկաների բարձրացված հարցերին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |