ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ... |
30.12.2020 10:45 |
Ի վերուստ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չէր այս երիտասարդի հանդեպ: Հավանաբար հենց այդ էր պատճառը, որ բարի, համեստ ու լռակյաց տղան միշտ ինքնամփոփ էր: Քայլում էր անձայն, ամոթխած բարևում հանդիպողներին, իսկ հայացքը միշտ տխու՜ր տխու՜ր էր... Ասում են՝ Աստծո գործերն անքննելի են, սակայն մի՞թե չէր կարող Ամենակարող Տերն իր հովանու տակ պահել բազմիցս որբացած և այս աշխարհում ոչինչ այդպես էլ չտեսած տղային: Մի՞թե ճակատագիրն անգութ չէր ու դաժան նրա հանդեպ: Արթուր Վլադիմիրի Խաչատրյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին Երևան քաղաքում: Ճակատագիրն արդեն որոշել էր, որ մանկուց նա պիտի ճաշակեր առանց մայր ու հայր մնալու դառնությունը և քրոջ՝ Հերմինեի հետ հայտնվեր Հայաստանի մանկատներից մեկում: Թվում էր, թե ահա բախտն սկսեց ժպտալ որբ երեխաներին: Ասկերան քաղաքի բնակիչներ Վլադիմիր և Շուշիկ Խաչատրյանները մանկատանը տեսնելով այդ փոքրիկներին՝ անվարան որոշեցին որդեգրել նրանց: Իրենց մինուճարը զոհվել էր Արցախյան պատերազմում: Եվ փոքրիկ Արթուրն զբաղեցրեց նրանց որդու տեղը, նա ստացավ մայրական գորովանք ու ջերմություն, զգաց ընտանիքի ու հայրական դաստիարակության շունչը: Ավա՜ղ, փոքրիկը կրկին որբացավ, սկզբում մայրը, ապա՝ հայրը հրաժեշտ տվեցին երկնային կյանքին: Արթուրը վերստին խորասուզվեց իր մեջ, պարփակվեց ու փակեց իր հոգու դռները բոլորի առաջ: Սակայն Հերսիկ մայրիկը, ով շարունակեց հոգ տանել Արթուրի մասին, կարողացավ փոքր ինչ սփոփել տղային, իսկ օջախում մեծացող եղբայրները հարազատացել ու ապավեն էին դարձել իրար: Ո՞վ գիտե, ինչպիսի նպատակներ ու իղձեր ուներ Արթուրն իր սրտում: Իսկ նրա սիրտն այնքա՜ն մեծ էր ու ազնիվ: Հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես է նա խաղում մանուկների հետ, հիշատակի համար հեռախոսով նկարում նրանց, հավանաբար համոզված էր, որ այս մեծ աշխարհում միայն նրանք են անարատ ու անկեղծ: Ավարտելով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև ԱրՊՀ իրավագիտության բաժինը՝ Արթուրը ձեռք բերեց կայուն գիտելիքներ, հայեցի դաստիարակություն, հայրենասիրական վեհ գաղափարներ: Ասկերանցիներս գիտեինք, որ նա իր խելքով, համեստությամբ և սկզբունքայնությամբ անպայման հասնելու է իր բոլոր նպատակներին: Նրա հարազատ կրթօջախի ուսուցիչները հավատացած էին, որ միայն իր ուժերին վստահող տղան անպայման արժանի քաղաքացի կդառնա: Ավա՜ղ... 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արթուր Խաչատրյանն իր ծառայող ընկերների հետ արդեն առաջնագծում էր: Նա անտեղ էր՝ քանզի օրհասի մեջ հայտնված Հայրնեիքն իր կարիքն ուներ: Հոկտեմբերի կեսերից կտրվեց Արթուրի և նրա հարազատների միջև կապը: Օրեր շարունակ բոլորս սրտատրոփ բարի լուրի էինք սպասում, Աստծո գթասրտությունն աղերսում, սակայն Արթուրն այդպես էլ չվերադարձավ, նա միացավ իր բյուրավոր բախտակիցներին՝ որպես մի հուշ մնալով յուրաքանչյուրիս սրտում: Հարազատները, ընկերներն ու ասկերանցիներն Արթուր Խաչատրյանին վերջին հրաժեշտը տվեցին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հերոսի աճյունը հուղարկավորվեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում: Հավերժ փառք ու պատիվ քեզ, հերոս տղա: Դու անմահացար և բոլորիս մեջ թողեցիր անհուն ցավ ու թախիծ, դու գերադասեցիր երկնային կյանքում գտնել քո երջանկությունը, դու ցանկացար ավելի մոտ լինել Ամենբարձրյալին, հավանաբար այս բարդ ու անարդար աշխարհում դու անելիքներ չունեիր: Այո՛, մենք խոր ցավ ենք ապրում Արթուրի և հազարավոր մեր անդառնալի կորուստների համար, քանզի նրանք Հայրենիքի պաշտպանության համար իրենց մատաղ կյանքն են նվիրաբերել, իսկ այդ Հայրենիքում ապրելու և արարելու ենք մենք՝ ողջերս: Ուրեմն, եկեք լինենք միասնական ու համերաշխ, ազնիվ ու արդարամիտ մեր գործողությունների մեջ, որպեսզի վաստակենք մեր տղաների արյունով շաղախված այս սուրբ հողում ապրելու իրավունքը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|