ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
08.01.2021 15:07

Թե ինչպիսի շինարարական աշխատանքներ են կատարվել հետպատերազմական այս շրջանում ՝ տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, շինարարության գծով պատասխանատու Վահագն Առստամյանից:

<<Պատերազմից հետո մեր շրջանում ծագել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում էին պահանջում և այս կարճ ժամանակահատվածում կարողացանք որոշակի աշխատանքներ իրականացնել շինարարության և ենթակառուցվածքների մասով:

Ներկա դրությամբ գույքագրվել է շրջանի ազատ բնակֆոնդը՝ ներառելով 253 բնակելի տներ: Շրջանի 15 համայնքների 56 բնակելի տներում իրականացվում են վերանորոգողական աշխատանքներ: Ավելի քան 40 տներում աշխատանքներն ավարտված են, և այնտեղ կարող են բնակվել պատերազմի

տեղահանված համայնքների ընտանիքները:

Ընթացող շինարարական աշխատանքներում ընդգրկված են 14 շինարարական կազմակերպություններ:

Շրջանի Շոշի, Սարուշենի, Կարմի գյուղի, Խաչմաչի, Ներքին Սզնեքի համայնքներում լուծվել է էլեկտրաէներգիայի հարցը, ինչպես նաև վերանորոգվել են Մխիթարաշենի համայնքի վնասված գազատար խողովակները:

Լուծվել է Շոշի, Մխիթարաշենի, Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի և Իվանյանի խմելու ջրի հարցը:

Ավարտվել են Ներքին Սզնեք տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, իսկ Ասկերան-Խրամորթ-Փառուխ նոր ավտոճանապարհի կառուցումն ընթացքի մեջ է>>,-նշեց Վ.Առստամյանը:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալն անդրադարձավ նաև մի շարք աշխատանքների, որոնք իրականացվելու են գալիք տարում՝ ավելացնելով, որ անելիքները շատ են և այդ համընդհանուր գործին պետք է լծվել մեծ պատասխանատվությամբ: Միաժամանակ նա նշեց, որ շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանի գլխավորությամբ պատասխանատուները պարբերաբար իրականացնում են շրջայցեր և բոլոր աշխատանքներն ընթանում են նրանց անմիջական վերահսկողությամբ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter