ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ…
13.01.2021 10:59

Արցախցի երեխան ապրել է ուզում… Նա երազում է խաղաղ երկնքի տակ կերտել իր ապագան և ապրել մի երկրում, որտեղ երբեք չեն լսվի թնդանոթների ձայները, չեն հռնդա տանկերն ու կապույտ երկնքում չեն սուրա ռազմական ինքնաթիռները: Արցախցի երեխան ապրել է ուզում…

Արցախյան արյունաբեր պատերազմը, որ ցնցեց համայն աշխարհի հայությանը, պղտորեց մեր երեխաների մանկական հոգիները, ընդհատեց նրանց անմեղ ու անհոգ մանկությունը: Մեր փոքրիկներն իրենց մայրերի հետ ժամանակավոր ապաստան գտան մայր Հայաստանում, որտեղ հյուրընկալվեցին բարի և հոգատար մարդկանց ընտանիքներում: Երեխաներն սպասում էին, որ շուտով հաղթանակի ավետիսը կլսվի և իրենք կվերդառնան Արցախ և կշարունակեն ապրել իրենց երազանքների երկրում…

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը, ով այդ օրերին նույնպես Հայաստանի քաղաքամայր Երևանում էր, չէր կարող անտարբեր մնալ և հայրենասիրական յուրօրինակ իր քայլը դրսևորեց: Նրա մտքում միայն Արցախն ու այնտեղ ապրել ցանկացող արցախցի մանուկն էր: Պատահական չէր, որ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ համատեղ երգ գրեցին, որը արցախցի երեխաների խաղաղության կոչն էր համայն աշխարհին և անվանեցին ‹‹Պիտի ապրենք››…

Այո′, արցախցի երեխան պիտի ապրի ու պիտի ապրի հանուն մեծ կյանքի, հանուն խաղաղության և հանուն բոլոր այն հերոսների, որոնք անմահացան…

Արցախցի երեխան գիտի նաև, որ իր ապրելը պայքար է լինելու ընդդեմ չարի, անարդարության և դարավոր ոսոխի:

Երբ Աիդա Գյանջումյանը գրեց երգի տողերը և այն ուղարկեց իր հանրաճանաչ բարեկամին, չուշացավ սպասված հեռախոսազանգը: Էդգար Գյանջումյանն արդեն ուներ երգի տողերին համահունչ երաժշտությունը:

Աիդա Գյանջումյանն սկսեց իր շուրջը հավաքել արցախցի երեխաներին և անմիջապես անցան փորձերի: Ժամանակը շատ սուղ էր, իսկ աշխարհը պետք է լսեր արցախցի երեխայի կոչը, լսեր նրա ձայնն ու սթափվեր: Եվ այդ հրաշալի կատարումը ձայնագրվեց և ներկայացվեց հանրությանը:

Հիշում ենք, պատերազմի ահեղ օրերն էին: Մեզանից ոմանք մնացել էինք հարազատ Ասկերանում, ապաստան գտել նկուղներում և, անշուշտ, միայն հաղթանակի էինք սպասում: Եվ ահա, ինչպիսի՜ հիանալի կատարում մեր երեխաների կողմից:

Լսում էինք նրանց սթափեցնող երգը, հպարտանում և խանդավառվում: Այդ հզոր երգի ամեն մի բառը ուժ էր հաղորդում յուրաքանչյուրիս, լցնում հույսով ու հավատով:

Խոսքերի հեղինակ Աիդա Գյանջումյանի համար` Արցախի ժողովուրդը ուժեղ կամք ունի և անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որն ամուր կառչած է իր հարազատ հողին և ունի այնտեղ ապրելու անհագ ցանկություն:

Չենք թաքցնի, որ մեր`ասկերանցիներիս համար առավել հպարտություն էր, երբ գեղեցիկ այդ կատարման մասնակիցներից Էլեն Թովմասյանը, Լիլիա Սարգսյանը, Յուլիա Հայրապետյանը, Սյուզաննա և Ռուզաննա Մելքումյաններն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անունը կրող կրթօջախի սաներն են, իսկ երգի խոսքերի հեղինակը` դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանն է:

‹‹Մեր երգով ուզում էինք ամբողջ աշխարհին հասկացնել, որ բարին անպայման հաղթելու է, մենք ակնկալում էինք աշխարհի օգնությունն ու աջակցությունը: Մեր կոչը բոլորին լսելի դարձնելու համար երգի մի մասը երգեցինք նաև անգլերեն լեզվով:

Բոլորիս կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Գյանջումյանին, որ այդ օրհասական օրերին կարողացավ իր մեջ ուժ գտնել և գեղեցիկ երգի տողեր գրել: Նրա շնորհիվ մենք համախմբված էինք, միասնական և երգի բոլոր փորձերին գնում էինք մեծ հաճույքով ու պատրաստակամությամբ››,-իր տպավորություններն է կիսում 10-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Թովմասյանը:

Ցավոք, մենք չհաղթեցինք անհավասար և ահեղ այս պատերազմում, սակայն կշարունակենք ապրել մեր պապենական այս սուրբ հողում, կշարունակենք արարել ու պայքարել` ի հեճուկս մեր դարավոր և ոխերիմ թշնամիների:

Այո′, մենք պիտի ապրենք…

                                                                                                                                                                                                 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter