ԱՋԱԿՑԵՆՔ, ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵՆՔ…
13.01.2021 11:22

Գիտե՞ք, ինչքան է ցավալի, երբ հանկարծ գիտակցում ես, որ քո դիմացինը ոչինչ չունի, իսկ դու ունես ամեն ինչ: Իսկ ինչքա՜ն է դաժան, երբ նա մի վայրկյանում կորցրել է քո ունեցածից գուցեև ավելին, կորցրել է անվերադարձ ու այսօր մնացել շիվար ու անօգնական:

Իսկ այդ աչքե՜րը, որոնք մի այնպիսի տխրությամբ են նայում քեզ, որ միանգամից կեղեքվում է սիրտդ, այդ կարոտով ու թախիծով պարուրված աչքերը… Ասես հայն ուրիշ աչքեր ունենալ չի կարող, դրանք պետք է անպայման տխուր-տխուր լինեին…

Այսօր մեր շրջապատում այդ ճակատագրին արժանացած մարդիկ, ավաղ, անչափ շատ են, և ինչքան էլ մեզանից յուրաքանչյուրը ցավի նրանց համար, միևնույն է`նրանց ցավն ավելի խորն է, անպատմելի…

Այնպես պատահեց, որ հյուրընկալվեցինք Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի բնակիչներ

Գարիկ և Լիլիա Հայրապետյանների հյուրասեր օջախում: Պատերազմի պատճառով տուն ու տեղ թողած և հարազատ գյուղից տեղահանված ընտանիքը ժամանակավոր կացարան է գտել Ասկերան քաղաքում: Ավետարանոցի անմահական հողին ու ջրին, անաղարտ օդին կարոտ մնացած ընտանիքը մեծ դժվարությամբ էր հարմարվում նոր բնակավայրին: Ինչպես համեմատել անտառների մեջ կորած գյուղն ուրիշ բնակատեղի հետ: Չէ որ այդ անտառներն ու դաշտերն էին սնում նրանց, իսկ լեռների լանջերին սփռված արոտավայրերում արածում էին նրանց անասունները և եկամուտ բերում տերերին:

Պարզվեց` տանտիրոջ ծննդյան օրն էր, և նրա եղբայրները եկել էին շնորհավորելու: Ամբողջ գերդաստանն էր հավաքվել: Թվում էր` հոբելյարին պետք է մեծարեին, կենացներ հիշեին…Սակայն ամբողջ երեկոյի իմաստը մեկն էր` հարազատ Ավետարանոցը: Եղբայրներով ընկել էին հիշողության գիրկը, մանկությունից հասել մինչև պատերազմ, որն այնքան ցավոտ և արյունոտ հուշեր էր արթնացնում: Նրանք մեկ առ մեկ հիշում էին զոհված տղաներին, գերեվարված համագյուղացիներին, մտաբերում վերջին իրադարձությունները, իսկ կանայք արտասվաթոր աչքերով և անհուն տխրությամբ լսում էին նրանց: Իսկ եղբայրներից մեկի որդին` Գրիգորին չէր կարողանում զսպել արցունքները, նա կարոտել էր հարազատ գյուղը, ընկերներին: Շուտով 18-ն էր լրանալու, և պատրաստվում էր անպայման իր առաքելությունը կատարել Հայրենիքի հանդեպ: Տղայի աչքերում վրեժի ծարավ կար` անթաքույց, ընդգծված…

Միաժամանակ չէին կորցնում հույսը, որ հարազատ բնակավայրը հետ կվերցնեն թշնամուց: Երանի այդ օրը շուտ գար…

Հայրապետյանները կորցրել էին ամեն ինչ, նրանք Ավետարանոցում են թողել տարիների իրենց վաստակը`երկհարկանի վերանորոգված բնակելի տներ, այգիներ ու բանջարանոցներ, անասուններ, պարզապես` ամեն ինչ: Ապուպապերի շիրիմները հիշելիս` միանգամից քար լռություն էր տիրում գերդաստանում, բոլորն իրարից հայացք էին փախցնում :

Չնայած այդ ամենին` Հայրապետյանները շնորհակալ էին Աստծուց, որ ողջ և առողջ են մնացել, երանի թե տղաներն էլ ողջ լինեին…

Գարիկն ու Լիլիան վստահ են, որ կկարողանան կրկին ստեղծել, քանի որ պարտավոր են աշխատել ու մտածել երեք մանկահասակ երեխաների ապագայի մասին: Այսօր նրանք համարյա ոչինչ չունեն, սակայն տոգորված են լավատեսությամբ և համոզված, որ մի գեղեցիկ օր կիրականանան բոլոր ցանկությունները, իսկ նրանց դուստրերը ջանք չեն խնայի ծնողներին օգնական լինելու համար:

Այո′, հենց սա է հայկական ավանդական ընտանիքը, որտեղ թագավորում է համերաշխությունը, սերն ու հարգանքը: Մենք հիացմունքով էինք ունկնդրում նրանց և զարմանում. ինչպե՞ս կարող են այդքան ուժեղ ու տոկուն լինել, որտեղի՞ց նրանց մեջ այդքան կամք:

Ու սկսվում է մեր մեջ ներքին մի պայքար. ի՞նչ կանեիր, եթե դու հայտնվեիր դիմացինիդ փոխարեն, կկարողանայի՞ր արդյոք դիմադրել կյանքի դժվարություններին և պատասխանը չես լսում…

Մեջդ ահագնանում է մի խռովք, որին չես կարողանում սաստել, և այն կլանում է քո ողջ էությունը, լցնում տագնապով, և զգում ես, թե ինչքան թույլ ես դու այդ ուժեղ մարդկանց կողքին, ինչքան արիասիրտ ու բարձր են նրանք …

Եկեք, գիտակցենք պահի ողջ լրջությունը, ամեն մի տեղահանված բնակչի դրությունը մտնենք, օժանդակենք, լինենք բարեհաճ, հանդուրժող:

Ով գիտի, նախախնամությունն ի՞նչ է նախապատրաստել մեզ համար:

…Մտորե′նք, սթափվե′նք…

Գարիկ Հայրապետյանին մաղթենք առողջություն, խաղաղ երկինք և թող Աստծո օգնությամբ ի կատար ածվեն նրա ընտանիքի բոլոր երազանքները: Գուցե մի գեղեցիկ օր նրանք կկարողանան վայելել հարազատ Ավետարանոցի ամեն մի մասնիկը…

Տա Աստված…

   Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter