ԿԵՆՍԱԿԱՆ ԿՐԱԿԸ` ՆՐԱ ՄԻՇՏ ԿԵՆԴԱՆԻ ԱՉՔԵՐՈՒՄ |
30.01.2021 16:28 |
Վալերի Պետրոսյանն իր ողջ գիտակցական կյանքում կապված էր լրագրությանը, ավելի ստույգ` ֆոտոլրագրությանը, որի խորիմաստ բովանդակությունը ոչ մի լեզվով թարգմանելու անհրաժեշտություն թերևս չկա: Ամեն մի կադր Վալերիի մոտ խտացված կյանք է, որով ինքը ապրում էր: Նրա տասնյակ հազարավոր լուսանկարներն առնվազն երկու սերնդի կյանք են ամփոփում` խորհրդային տարիներից մինչև մեր օրերը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Արցախյան գոյապայքարը ոչ-ոք լուսանկարներում այնքան լավ չի ներկայացրել, ինչպես Վալերի Պետրոսյանը: Նա պարզապես դիտող-արձանագրող չէր, այլ տեղի ունեցած իրադարձություններն իր կյանքի պրիզմայով անցկացրած հախուռն անհատ: Շուրջ երկու տարի առաջ, երբ Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում և Երևանում կազմակերպվեց նրա լուսանկարների անհատական ցուցահանդեսը, նա պարզապես հայտնություն էր անգամ ոլորտի գիտակների համար: Առօրյա կյանքում համեստ լուսանկարիչ-լրագրողը մինչ այդ ոչ մի տեղ չէր նշել, որ Արցախյան շարժման սկզբնօրերը հավերժացնող պատմական հանրահայտ լուսանկարների հեղինակն ինքն է: Նա ասում էր` ես իմ մասնագիտական աշխատանքն եմ կատարում, և կատարում էր բարեխղճորեն ու ստեղծագործաբար: Այն փաստը, որ քառորդ դար հանդիսացել է հարազատ <Բերդ> թերթի գլխավոր խմբագիրը, իսկ դրանից ավելի վաղ եղել է նույն թերթի լուսանկարիչը, խոսում է նախըտրած մասնագիտությանը նրա անսահման նվիրվածության մասին: Վալերի Պետրոսյանի օրոք <Բերդը> նոր ճանաչում ձեռք բերեց, հատկապես, երբ նա իր սեփական ուժերով ստեղծեց պարբերականի էլեկտրոնային էջը: Շուրջ երկու միլիոն այցելու ունի այսօր <Բերդ>-ի էլեկտրոնային տարբերակը, ինչը ռեկորդային թիվ է արցախյան մեդիադաշտում: Նա Արցախի ժուռնալիստերի միության ստեղծման ակունքներում էր, մի քանի անգամ եղել է կազմակերպության վարչության անդամ, բազմիցս հանդես է եկել ուշագրավ նախաձեռնություններով, որոնք հիմնականում կյանքի են կոչվել: Ուներ բազմաթիվ ծրագրեր, որոնք ևս ուղղված էին լրատվադաշտի զարգացմանը: Ավա~ղ, անողոք մահը նրան վաղաժամ տարավ` խորը ափսոսանք ու ցավ թողնելով մեր հուշերում: Վալերի Պետրոսյանն Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր: Տարիքը թույլ չէր տալիս միանալու հայրենիքի պաշտպաններին, ուստի հայրենասիրական իր պարտքը շարունակում էր կատարել մասնագիտական բնագավառում: Դարձյալ նույն ավյունով ու նվիրվածությամբ: Արցախն, անկասկած, հաղթելու է, և նրա չիրականացած երազանքներն անպայման իրականություն են դառնալու: Վալերի Պետրոսյանը միշտ ապրելու է իր լուսանկարներում` հաճախ ուրիշի կերպարանքով, բայց ամեն մեկի հայացքի մեջ պահպանելով կենսական այն կրակը, որ այնքա~ն պայծառ լուսավորվում էր նրա կենդանի ու ամենատես աչքերում: Մեր լո~ւռ խոնարհումը…
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Արցախի ժուռնալիստների միության նախագահ |