ՄԵՐ ԸՆԿԵՐ ՎԱԼԵՐԸ |
30.01.2021 16:51 |
Պատերազմի խառնակ մի օր ֆեյսբուքում կարդացի, որ կորոնավիրուսից մահացել է Վալերի Պետրոսյանը: Ասկերանի ,,Բերդ,, թերթի երկարամյա խմբագիրը, վաստակավոր լրագրողը: Շարժման, ղարաբաղյան առաջին պատերազմի ֆոտոտարեգիրը: Արդեն շատ հեռավոր անցյալի մի օր նա ինձ Նորագյուղի հայրական տուն էր հրավիրել: Հայրը, մայրը կային՝ վշտից կորացած, աշխարհից խռով: Պատերազմը խլել էր իրենց որդուն: Գյուղի մշակույթի տանը Վալերին ցույց էր տալիս եղբոր որմնանկարը եւ պատմում, թե որքան տաղանդավոր էր նա: Այսօր Նորագյուղի գերեզմանոցում, որտեղ պատերազմի նահատակների պատվավոր ծառուղին է՝ միանման, մի չափի խաչ-մահարձաններով, թարմ շիրիմներ կան՝ ծաղիկների եւ պսակների մեջ կորած: Վալերին հանգչում է հոր կողքին, մոր կողքին, որ աշխարհից հեռացան խաղաղ, բայց իրականության հետ,երեւի, անհաշտ: Հին Նորագյուղը սարի վրա է: 1960-ականների ղարաբաղյան իշխանությանն ենք պարտական, որ Նորագյուղն այսօր մեծ, համարյա քաղաքատիպ համայնք է՝ կանոնավոր փողոցներով, աչք շոյող առանձնատներով, մինչեւ վերջին սանտիմետրը փխրեցրած հողակտորներով: Արդեն ցելոֆանապատել են ջերմոցները: Մայիսին շուկա կհանեն Նորագյուղի փշփշոտ վարունգը, վաղահաս լոբին: Նորագյուղցիների տնամերձում կլոր տարին կանաչեղեն կա: Աշխատավոր մարդիկ են: Վալերի Պետրոսյանը լրագրության մշակ էր, կազմակերպիչ: Զինվոր եւ հրամանատար: Կյանքի, զարգացման, ներսի զսպանակը բացելու-ծավալվելու սուր զգացողությամբ օժտված՝ նա քսան-քսանհինգ տարի առաջ մտավորականի իր բողոքն էր հայտնել, թե հայ երեխան ինչու՞ պիտի դպրոց գնա թուրքական ,,օքյուլ դեֆտեր,,՝ ընդհանուր տետրով: Այն էլ՝ ով գիտի՝ ինչ սիմվոլիկայի նկարազարդումներով: Նա ինձ՝ Ազգային ժողովի նորընտիր պատգամավորիս, վրա էր հույս դրել: Որ միասնաբար կկարողանանք կրթության ոլորտի պատասխանատուներին, իշխանություններին համոզել՝ վերջ տան թուրքական գրեն-պիտույքների ներկրմանը: Իր լուծումներն էր առաջարկում: Ֆոտոլրագրողի, ինքնուս կամ չգիտեմ՝ գուցե մասնագետ-նկարչի՝ աշխարհում գեղեցիկը, մերայինը տեսնող աչքով Վալերին համակարգչի առաջ գիշերներ էր լուսացրել եւ պատկերել իր երազանքի աշակերտական տետրերը՝ ազգային առասպելներից, հեքիաթներից քաղած ուսանելի նկարազարդումներով: Ինչպես ամեն մի գեղեցիկ նախաձեռնություն՝ այդ մեկն էլ բախվեց չինովնիկական անհասկացողության կամ, թերեւս, բիզնես-դիմադրության սառը պատին եւ փշրվեց: Իսկ նա չընկճվեց: Ասկերանում ստեղծեց ստեղծագործական իր անկյունը, որտեղ շրջանային թերթի խմբագրի հյուծող ծանրաբեռնվածությունից ազատ ժամերին առանձնանում եւ վերստեղծում էր անկախ Արցախի իր բաժին տարեգրությունը: Մեզնից ով այդ հուշ դարձող տարիներից ինչ պատկերի կարիք ունենար՝ պարտադիր դիմում էր Վալերի օգնությանը: 88- փետրվարյան առաջին ցույցերը միայն ինքն է լուսանկարել: Հիմա այդ սեւ-սպիտակ պատկերները պատմական վավերագրի ուժ եւ ինքնությամբ հպարտանալու զորություն ունեն: Անցած, թե նախանցյալ տարի Վալերին Երեւանում լուսանկարների ցուցահանդես էր կազմակերպել: Մամուլի արձագանքները ջերմ էին, մի քանի օր նա լրահոսքերի կենտրոնական դեմքերից էր: Զանգեցի, շնորհավորեցի: Անկեղծորեն հպարտ էր, ուշադրությունից շոյված: Երեւանյան շրջանակների համար էլ նրա ցուցահանդեսը, երեւի, հայտնության պես էր եղել: Շիրմին երկու ճերմակ վարդ եմ դնում: Կինը, որդիները՝ կարմիր մեխակներ: Լուռ ենք: Ի՞նչ խոսես: 63-ամյա ամուր, բարձրահասակ, շուրթերին միշտ մի առեղծվածային ժպիտ, բայց հոնքերն իրար տված տղամարդու դեռեւս շենշող կյանքն ընդհատվել է դարի խարդավա՞նք, թե՞ աղետ ասես՝ անհեթեթ հիվանդությամբ: 2020թ. հոկտեմբերի մի օր՝ երեւանյան մի հիվանդանոցում: Ճշտումների անհրաժեշտություն չկա: Գերեզմանոցը գյուղից դուրս է, մեկուսի: Եւ որովհետեւ հազիվ կեսդարյա պատմություն ունի՝ շիրմաքարերը նոր ոճի են, գրեթե՝ նույնանման: Շքեղություններ չկան: Վալերին գեղեցկությունների սիրահար էր, բայց՝ ոչ ճոխության: Ազատ, անկաշկանդ էր ապրում: Նա անկախ Արցախի հետ հասունացած, կյանքն Արցախով իմաստավորած մտավորականի տիպ էր, որ, սակայն, սեփական աշխարհն ունենալու իրավունքը երբեք չզիջեց ոչ ավանդապաշտությանը, ոչ պաշտոնական աստիճանահարգությանը, ոչ արարողակարգին: Նա երկրորդ ծաղկումն ունեցավ: Եւ դա շատ գեղեցիկ, գրողի ընկալման արժանի կյանք է, որ շարունակվում է ձմեռնուկ սիրուց ծնված նրա զավակներով եւ կնոջ նվիրվածությամբ, երբ ասում է, որ լուսանկարների նոր, շքեղ ցուցահանդեսով է նշելու Վալերի ծննդյան օրը՝ օգոստոսին: Որ ավարտելու է իրենց տան կառուցումը՝ Ասկերանում, որ նոյեմբերի 10-ից հետո այլեւս սահմանային է: Ոչ կարգին գյուղ է, ոչ՝ քաղաք: Միջանցիկ քամիների եւ արեւադարձային շոգ ամառների Ասկերանը, որտեղ Վալերի Պետրոսյանը քառորդ դար շրջանային թերթի խմբագիր էր: Տաք մի անկյուն ուներ, որտեղ անցնող-դարձողներս հաճախ մտնում՝ մի գավաթ սուրճ կամ ոտի վրա հիսուն-հիսուն օղի էինք խմում՝ պինդ նստելն ամեն անգամ հետաձգելով հաջորդ տեսությանը: Չեղավ: Չստացվեց: Մնաց մեր բոլորիս Վալերի ֆոտոտարեգրությունը, որ եկողներին պիտի պատմի երեսուն տարվա ոգորումների մասին: Ետդարձի ճանապարհին տեսա՝ հին Խոջալուում, որ Իվանյան է վերանվանված, ամենուր ռուսական դրոշներ են փողփողում: Վալերին հաստատ կասեր՝ ինչու՞: Եւ՝ թե ինչ է լինելու վաղը… Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ
|